‘Խմբագրական. «Ստրատիլատը» եւ «սահմանադրական ընդդիմությունը»’

2672

Բաղրամյան 26-ի «ստրատիլատը», սպիտակ ձին հեծնած, հանդիպում է ազգիս կարկառունների հետ՝ երկրիս փառապանծ ապագան սահմանդրական փոփոխությունների շաքարով կտրելու ազնիվ գրգիռից դրդված: Ազգիս կարկառունները հիմնականում դեմ չեն՝ հուզիչ, միանգամայն եւ ոգեշունչ տեսարան, որից առավել զգայուն սրտերը հայրենասիրական պահ են ապրում, իսկ հայոց սեգ կատարներն՝ է՛լ ավելի սիգանում եւ մի քիչ էլ դեպի վեր բարձրանում՝ մշտարթուն հայացքներն ուղղած լինելով դեպի լուրթ երկնքի անվրդով երանությունն ու արփիափայլ ցոլքի անզուսպ բերկրանքը, որի ոսկեգույն ալիների մեջ հպարտորեն սավառնում են արծիվը՝ բանբերը մեծն ու արի Արամազդի, եւ բազեն՝ ընկերակիցը քաջն Վահագնի: Եղիցի՛, եղիցի՛ եւ եղիցի՛՝ կատարումն օրինաց եւ մարգարէից, յայսմ աւուր էջ յերկնէ զգաստութիւն եւ միասնութիւն պանծալի յազգս Թորգոմայ եւ յերկիրս Հայոց, եւ եղեւ խրախճ մեծ եւ հանդես տոնական ի փառս Բիայնիլիի եւ ի սարսափ լուլուբեացվոց:

Վաղվաղակի ի թիկունս հասնէին մեծաւ բազմութեամբ եւ բուռն կազմութեամբ Աղուանք, Լփինք եւ Ճիղբք, եւ Կասպք եւ այլ եւս, այսինքն՝ զօրս Հոնաց եւ Փոխաց, Թաւասպարաց, Հեճմատակաց, Իժմախաց, Գաթաց եւ Գղուարաց, Գուգարաց, Շչբաց եւ Ճղբաց եւ Բաղասճաց եւ Եգերսուանացն, եւ այլոց խառնաղանճ բազմութեամբք: Եվ ազդ եղեւ մեծ վասն բաղձալի միասնության ի կողմանս, ի գաւառս, ի տեղիս տեղիս Հայաստան ազգին՝ Իշայր գավառից մինչեւ Մյուս Իշայր եւ Իշուց գավառ, այնտեղից՝ Հրաքոտ Պերոժ եւ Յոնթնափորյան Բագինք, Պիճանհանի եւ Սպանդարապերոժ եւ Որմզդեպերոժ, ապա՝ Մեծկուունք, Պածկանք. եւ բերկրությամբ ցնծության զվարթացավ գունդն Ասքանազյան՝ Ձորափորից՝ Կողբափոր, Ծոբափորից՝ Պարտիզացփոր եւ Զորդյաց փորից՝ Արսյաց փոր: Եվ տեղեկացան Ղրղբուլաղն ու Զանգիբասարը, Գառնի բասարն ու Վեդի բասարը, Դարաքենդն ու Սեդլի-Ախսախլին, Կարբիբասարը եւ Գյոգչայը, որ իշխանք հայոց հավաքվեցին ի հանդես ավետալի շուրջն ստրատիլատի Հայոց Մեծաց, եւ եղան իբրեւ այրք՝ ընտիրս միամիտ միաբանս միակամս ազատս ազգայինս, եւ կազմեաց Ստրատիլատնն զնոսա ձիով եւ թոշակաւ եւ գինեաւ: Ապա առաւել ժողովեցան ի մի ժողով միաբանութեանն. նախարարք, մեծամեծք, աւագք, կուսակալք, աշխարհակալք, ազատք, զօրագլուխք, դատաւորք պետք, իշխանք, այլ եւ ի շինականաց անգամ ռամիկ մարդկանն:

Եվ ժողովս սահմանադիրս գումարեցան, եւ եռագույն դրոշակ ծածանեցան, եւ կույսն երկնային, դստրիկը Արամազդի, որին հոռոմոց բարբառով Կոնսոլիդացիա ասեն՝ հանդերձ ինըտասան դասու հրեշտակաց այցով տեսչական ժամանեց ի բազմաչարչար երկիրը մեր, եւ օրհնեց ի բարձունս դաշտս քաղաքական, եւ թեմն ընդդիմադրաց, եւ արոտավայրերը վճռական. ովսաննա՜ եւ ամե՛ն:

Հե՜յ գիտի, Դավալու, կամա՛ր երկինք Ղամարլու, համո՛վ-հոտո՛վ Համամլու, քյորփա պստիկ Քյորփալո՛ւ, չինար բոյով Չիբուխլո՛ւ, երազ երկիր Շիրազլո՛ւ, կոչը հասավ Գյոչրլո՛ւ….: Երկի՜ր իմ՝ պարտե՛զ դրախտական. ծաղիկ ծաղկուն համազգային միաբանության երփնունակ ի միջի քո ծաղկեց, եւ կաղնու պես կանգնեց երկիրն օրինաց, կաղնու կողքը՝ գոհար վարդն վառ առեալ ազատ-դեմոկրատական, եւ վրան բլբուլ նստեց կոոպերատիվ հհշական, իսկ հեռվից ժպտում էր իմաստունը քրիստոնյա-դեմոկրատական, աչքով տալիս էր միությունն իրավունքի սահմանադրական, գինու գավաթը ձեռքին ողջունում էր պերճ ծերուկը ազգային միաբանական, եւ դեռ  որքա՜ն, որքա՛ն այրք իմաստունք գոհացան ի քէն ի խորս եւ ի խորխորատս սրտից իւրեանց:

Եվ ձեռք ձեռքի տված՝ բոլորը բռնում են պար միասնական, ձոնելով աստվածներին իրենց սրտերը հայրենասիրական, կեցվաքն՝ ազնվական, հոգին՝ սկզբունքական, լայն ճակատը՝ գաղափարական, խրոխտ նայվածքն արժեքային, գոռ կազմվածքը վճռական, աժդահա ուսերը ազգի տառապանքով բեռնակիր, պարթեւ լանջը պատասխանաշունչ, դյուցազուն բազուկները հաստատութենական: Օ՜ն առաջ, քաջեր հայոց՝ արի՜, կտրի՜ճ, խիզա՜խ, աներկյո՜ւղ, անվեհե՜ր, կորովի՜, առյուծասի՜րտ, համարձա՜կ, գո՜ռ, վսե՜մ, վեհասքա՜նչ, վեհագո՜, վե՜ս:

….Զքյաբաբ ձեր հանապազորդ, թող տրվի ձեզ այսօր, եւ թթված գինին բարձրահովան թոշակի անուշ լինի ձեր կոտրած սրտներին:

Հրանտ Տեր-Աբրահամյան 

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի է Սոթք — Քարվաճառ ավտոճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական. Այսօր Չարենցի ծննդյան օրն է’