‘Խմբագրական. Վերլուծի՛ր ՀՀԿ-ի արձագանքները’

2598

Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածը, մեղմ ասած, տակնուվրա արեց քաղաքական դաշտի համեմատական անդորրը: Ընդ որում` ՀՀԿ-ականների և նրանց մանր ու միջին արբանյակների արձագանքները լուրջ մտորելու առիթ տվեցին. վաղուց իշխանություններն այսպիսի ջղաձիգ արձագանքներ չէին ունեցել: Արձագանքներն իսկապես ջղաձիգ էին, ապաքաղաքական և բացառապես հուզական: Ի՞նչ էր պատահել հանրապետականներին և նրանց արբանյակներին, արդյո՞ք առաջին անգամն էր, որ ընդդիմությունը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ո՛չ: 2008-ից ի վեր, երբ Սարգսյանը հայտնվել էր Բաղրամյան 26-ում, ընդդիմությունը պահանջել ու պահանջել է վերջինիս հրաժարականը: Այնպես որ՝ սույն պահանջը նորություն չէր: Սակայն հանրապետականների արձագանքներն այնպիսին էին, ասես առաջին անգամ են լսում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի մասին: Եւ ուրեմն, ո՞րն է խնդիրը:

Մայակովսկու ասած` «եթե աստղերը բոցավառվում են, նշանակում է՝ դա ինչ-որ մեկին պետք է»:

Այն, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնում երկար ձգելու ռեսուրս չուներ և չունի, և որ Սարգսյանի պաշտոնավարման յուրաքանչյուր օրը հերթական վնասն է հասցնում Հայաստանի պետականությանը՝ գաղտնիք չէ: Մեկ օր ավելի պաշտոնավարելու համար Սարգսյանն անընդհատ զիջումների է գնում հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում: Սարգսյանի իշխանությունն, ըստ էության, բացարձակ իշխանություն չէ. ասել կուզի`նա երբեք բացարձակորեն  չի տիրապետել իրավիճակին: Զիջումներն ու կորուստներն այնքան շատ են, որ յուրաքանչյուր օր կարելի է սպասել պայթյունի: Թե՛ Սարգսյանը, թե՛ նրա «թիմ»-ի անդամները գիտեն, որ եթե այսօր Սարգսյանը դեռ շարունակում է մնալ իշխանության գլխին, ապա դա դեռ չի նշանակում, որ վաղը քաղաքական իրադրությունը չի փոխվի: Իշխանություն՝ առանց երաշխիքների, և այդպես՝ ամեն օր: Սարգսյանը երբեք էլ չի տիրապետել իրավիճակին, ընդամենը` արհեստական միջոցներով ամեն օր մեկ օրով երկարաձգել է իր իշխանությունը, ու վերջ: Ցանկացած օր կարող էր վրա հասնել այդ վճռորոշ` «X օրը»: Բայց որքան էլ մենք, դրսից, կողքից նայելով՝ կարող ենք կանխատեսել այդ «X օրվա» մոտենալը, իրենք ներսից այն շատ ավելի հստակ են զգում: Եւ ոչ միայն բնազդներով: Սա չմոռանանք: Հենց այդ է պատճառը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջներին ի պատասխան՝ ՀՀԿ-ականները մե՛կ արձագանքում են, թե դրա համար նախադրյալներ չկան, մե՛կ էլ (ինչպես վերջին անգամ), քաղաքական արձագանքների փոխարեն՝ նյարդային շարժումներ են անում:

Ընդհանրապես, ՀՀԿ-ականները հրաշալի ինդիկատորներ են. նրանց ամեն մի խոսքից, հայացքից, շարժումից կարելի է կռահել, թե ինչ իրավիճակ է տիրում Սերժ Սարգսյանի «թիմի» ներսում: Նրանց արձագանքներից կարելի է հստակ տեսնել` արդյո՞ք Սարգսյանն այդ պահին տիրապետում է իրավիճակին, թե՞` ոչ:

ՀՀԿ-ականների ջղաձիգ արձագանքն, ուրեմն, ցույց տվեց, որ ներսում ամեն ինչ խառն է, մեղմ ասած՝ շատ խառն է: Ի վերջո, նրանք հենց առաջին ձեռքից գիտեն այն, ինչ մենք պետք է կռահենք, վերլուծենք կամ ստանանք` արտահոսքերի միջոցով: Ի վերջո, որքան էլ որ ՀՀԿ-ական լինեն, նաև սովորական մարդիկ են` իրենց էմոցիաներով, և այդ էմոցիաները նրանք, որքան էլ ջանան, թաքցնել չեն կարող: Հատկապես՝ երբ ներսից զգում են, որ մոտենում է «X օրը»:   

 

Նախորդ հոդվածը‘Զեկույց. Շարունակվում է գերակա մնալ զինծառայողների անհրաժեշտ թվի ապահովումը’
Հաջորդ հոդվածը‘Դատարանը արգելել է Կոմիտաս 5 հասցեում իրականացնել շինարարական աշխատանքներ’