‘Խմբագրական. Վտանգված ինքնիշխանություն. հայաստանակենտրոն հայացք’

2331

Ինքնիշխանության թեման վերջին շրջանի մեր հանրային խոսքում շատ է հիշատակվում (չասեմ՝ շատ է քննարկվում, որովհետև հիշատակման քանակը միշտ չի հանգեցնում որակին՝ լուրջ, փաստարկված քննարկմանը): Տպավորություն կա, որ բոլորը շտապում են իրենց կարծիքը հայտնել ինքնիշխանության, դրա վտանգվածության մասին, բայց քչերն են իրենց պարտքը համարում, թեկուզ՝ մի երկու խոսքով ներկայացնել, թե իրենց պատկերացմամբ՝ ի՞նչ է ինքնիշխանությունը, և եթե այն իրոք վտանգված է, ապա, ո՞րն է խնդրի լուծման բանալին՝ ոչ թե կարգախոսների կամ երդումների, այլ իրական գործողությունների մակարդակում:

Ինքնիշխանության ձևն ու բովանդակությունը

Երկրի ինքնիշխանության ի՛նչ լինելն այդքան էլ բարդ սահմանելի չէ: Փաստենք մի քանի պարզ իրողություն: Նախ՝ ինքնիշխանությունն ունի երկու առում՝ իրավական և փաստացի՝ քաղաքական: Իրավականն ինքնիշխանության ձևական կողմն է՝ տվյալ երկրի կարգավիճակի արձանագրումն է միջազգային իրավունքի տեսակետից, երկրի ինքնիշխանության ճանաչումն այլ ինքնիշխան պետությունների կողմից: Այսպիսով՝ ինքնիշխանության իրավական, ձևական կողմը նաև ավելի կապված է արտաքին ճանաչման, արտաքին աշխարհի հետ: Իրավական ինքնիշխանությունը նաև բացարձակ է, այն իմաստով, որ այն կամ կա՛, կամ՝ ո՛չ, կա՛մ ճանաչված է ու արձանագրված, կա՛մ՝ ոչ. չկա երրորդ, միջանկյալ տարբերակ:

Ինքնիշխանության իրավականն առանձնապես քննարկելի էլ չէ՝ հենց իր բացարձակ բնույթի պատճառով: Հասկանալի է, որ բացի իրավական՝ ձևական կողմից՝ կա նաև ինքնիշխանության բովանդակային՝ քաղաքական կողմը, և հենց այդ կողմն է քննարկելի դարձնում ինքնիշխանության հարցը, որովհետև, ի տարբերություն իրավական կողմի՝ այն ոչ թե բացարձակ է, այլ չափելի, հետևաբար՝ փոփոխական և բաց համակարգ է: Քաղաքական իմաստով բացարձակ ինքնիշխանություն, բացարձակ անկախություն չի լինում՝ յուրաքանչյուր իրավականորեն անկախ կազմավորում ունի փաստացի անկախության այս կամ այն չափը, որը համեմատելի է, մի կողմից՝ այլ պետությունների հետ, մյուս կողմից էլ՝ փոփոխական է տվյալ պետության պատմության և քաղաքական զարգացման ընթացքում:

Քաղաքական ինքնիշխանության չափման միավոր կարող ենք համարել ինքնուրույն որոշումներ ընդունելու և իրականացնելու կարողության աստիճանը: Որոշումներ ընդունելու կարողությունն էլ ընդհանրապես կարող ենք համարել ինքնիշխանության քաղաքական կողմի սահմանումը կամ նկարագրությունը: Այս սահմանման օգտին խոսում է նաև ինքնիշխանություն բառի ստուգաբանությունը: Իշխել բայը դասական հայերենում՝ գրաբարում, ուներ ավելի լայն իմաստային դաշտ, քան այսօր: «Իշխել այսինչ բանն անել կամ ասել»՝ գրաբարյան իմաստով կարող է նշանակել կարողություն, հնարավորություն, համարձակություն, ազատություն ունենալ անելու կամ ասելու այսինչ բանը: Օրինակ, Ագաթանգեղոսի մոտ Տրդատ արքան հարցնում է Գրիգորին՝ «զիա՞րդ իշխես պաշտել զԱստուածն զայն, զոր ես ոչ պաշտեմ» («ինչպե՞ս ես համարձակվում պաշտել այն Աստծուն, որին ես չեմ պաշտում»). այստեղ «իշխել»՝ նշանակում է համարձակվել, ինքն իրեն ազատություն և կարողություն վերագրել: Եթե համառոտենք իշխել և իշխանություն բառի սկզբնական իմաստը, ապա այն, նախ և առաջ, նշանակում է՝ կարողություն (կարողությունից էլ բխում է համարձակությունը, ազատությունը և այլն): Հետևաբար՝ ստացանք մոտավորապես նույն իմաստը, ինչ «ինքնուրույնաբար որոշումներ ընդունելու կարողություն» ինքնիշխանության սահմանման մեջ: Որևէ միավոր ինքնիշխան է այնքանով, որքանով կարողություն ունի այս կամ այն բանն անելու կամ ասելու: Կարողությունը նույնն է, ինչ ներուժը, և քաղաքական ինքնիշխանությունը չափելի է տվյալ պետության ներուժով: Այսինքն՝ ինքնիշխանությունը, նախևառաջ, ներքին խնդիր է՝ որպես «նե՛ր-ուժի» հետ կապված: Ուրեմն, ի տարբերություն ինքնիշխանության ձևական՝ իրավական կողմի, ինքնիշխանության բովանդակային՝ քաղաքական կողմը կապված է, նախ, ներքին հանգամանքների հետ:

Ներուժը ունի քանակական և որակական չափումներ: Քանակականը տարածքն է, բնակչության չափը, բնական պաշարները և այլն: Որակականն արդեն, նախևառաջ, հասարակական կազմակերպումն է՝ հասարակարգը, հաստատությունները, դրանց գործունեության համարժեքությունն ու արդյունավետությունը և այլն: Պարզ է, որ Հայաստանի փաստացի ինքնիշխանությունն ի սկզբանե սահմանափակված է տրված քանակական այնպիսի չափանիշներով, ինչպիսիք են տարածքը և բնական պաշարները: Բայց մնացած չափանիշները՝ սկսած, օրինակ, բնակչության թվից, և շարունակած որակականներով՝ արդեն ոչ թե տրված են, այլ կախված են մեզանից, հետևաբար և՝ մեզանից է կախված մեր երկրի անկախության իրական չափն ամեն տվյալ ժամանակահատվածում (ճշգրտորեն ասած՝ տարածքի հարցն էլ ընդմիշտ տրված միավոր չէ, սակայն դրա մասին խոսակցությունն արդիական կարող է համարվել միայն, երբ շոշափելի և իրատեսական հնարավորություն կա այդ միավորի փոփոխման՝ տվյալ ժամանակահատվածում):

Կայսրություններ, թագավորություններ, իշխանություններ

Վտանգվա՞ծ է արդյոք Հայաստանի ինքնիշխանությունը: Վերը շարադրվածից պետք է պարզ լինի, որ ցանկացած երկրի քաղաքական ինքնիշխանությունը կարելի է մշտապես վտանգված համարել ըստ սահմանման, քանի որ իր բնույթով իսկ փոփոխելի, այլ ոչ թե բացարձակ լինելով՝ քաղաքական ինքնիշխանությունը ոչ թե մեկընդմիշտ տրված, այլ անընդհատ պահպանման և զարգացման ենթակա երևույթ է: Այն, նախ՝ նվաճվում է քաղաքական պայքարով (և իրավական ձևակերպումը միայն այդ պայքարի ամրագրումն է), իսկ դրանից հետո նրա զարգացումը՝ փաստացի նվազում, պահպանում կամ ընդլայնում՝ կախված է շարունակական քաղաքական գործողությունից: Այդ իմաստով նույնիսկ ամենահզոր երկրների ինքնիշխանությունը վտանգված կարելի է համարել այս կամ այն չափով, և նույնիսկ այդ պետությունների քաղաքականությունը, վերջին հաշվով, ուղղված է ինքնիշխանության պահպանմանը, ամրապնդմանը կամ հետագա ծավալմանը:

Մյուս կողմից՝ մեծ տերությունների և մնացած պետությունների միջև, իհարկե, առկա է լուրջ տարբերություն ե՛ւ փաստացի ինքնիշխանության չափի, ե՛ւ ինքնիշխանության վտանգվածության աստիճանի արդիականության միջև: Այդպես եղել է ե՛ւ պատմականորեն, այդպես է նաև այսօր: Հասկանալի է, որ, օրինակ, թեև Արշակունիների շրջանի Հայոց թագավորությունն ինքնիշխան պետություն էր, բայց Հայաստանի իրական ինքնիշխանությունը նույնը չէր, ինչ Հռոմեական կայսրությանը կամ էլ Իրանական տերությանը: Ո՛չ էլ Բագրատունիների կամ Կիլիկյան շրջանի Հայաստանն է երբևէ եղել նույնքան ինքնիշխան, որքան համապատասխան ժամանակաշրջանների մեծ տերությունները: Միշտ աշխարհում եղել են կայսրություններ, որոնց քաղաքական ինքնիշխանությունը ձգտել է նույնանալ բացարձակին (թեև, բառիս բուն իմաստով՝ բացարձակ, իհարկե, լինել չի կարող), և այլ պետություններ, որոնց փաստացի ինքնիշխանությունը եղել է ավելի ցածր աստիճանի: Ի դեպ, միջնադարյան Հայաստանի ներսում էլ, ասենք, Սյունյաց կամ Ծոփաց իշխանները եղել են ինքնիշխան այնքանով, որքանով նրանց իշխան լինելը չի եղել նշանակովի. իրենց երկրամասերին նրանք տիրել են ժառանգական իրավունքով և ինքնուրույնաբար՝ պարտավոր լինելով հայոց թագավորությանը աջակցել միայն զորքով և հարկերով: Սա թեև թուլացրել է հայոց պետության ուժը, բայց, մյուս կողմից, Հայաստանի ներքին անկախության հիմք է ծառայել օտար տիրապետության շրջաններում, քանզի նույն հայոց իշխանները պահպանում էին իրենց ներքին ինքնավարությունը, միայն թե զորքն ու հարկը տալիս էին այժմ ոչ թե հայոց, այլ, ասենք, պարսից կամ արաբաց արքունիքին:

Ինչևէ, վերադառնալով բուն խնդրին՝ արձանագրենք, որ Հայաստանն այսօր էլ մեծ տերություն չէ, և այսօր էլ նրա փաստացի ինքնիշխանությունը չի կարող նույնը համարվել, ինչ մեծ տերություններինը: Բայց դա չի նշանակում նաև, որ Հայաստանի ինքնիշխանությունն արհամարհելի երևույթ է, կամ մեզանից ոչինչ կախված չէ և այլն: Ո՛չ, իր չափի մեջ, որը պետք է նախապես և սթափ ճանաչել, մեր ինքնիշխանությունը միանգամայն իրական է և գործնական:

Վտանգված ինքնիշխանությո՞ւն

Այժմ նորից տանք նույն հարցը: Կա՞ արդյոք այսօր Հայաստանի ինքնիշխանության վտանգ: Անշուշտ կա՝ այնքանով, որքանով, մեծամասնության կարծիքով՝ Հայաստանն այս պահին առաջընթաց չի գրանցում որևէ ոլորտում, իսկ դա արդեն ինքնին, առանց նույնիսկ հետընթացի փաստի արձանագրման, նշանակում է պետության ներուժի, հետևաբար ե՝ւ փաստացի ինքնիշխանության չափի անկում և վտանգ: Խնդիրն այստեղ միայն այն է, որ քննարկելով այս թեման՝ մենք առավել հաճախ շփոթում ենք հետևանքներն ու պատճառները: Հայաստանի ինքնիշխանության փաստացի չափի անկումն արտաքին հարաբերություններում ոչ թե պատճառ է, այլ հետևանք: Բուն պատճառը երկրի ներսում է: Սա ինքնիշխանության խնդրի այբուբենն է, եթե կուզեք՝ ալֆան և օմեգան՝ ինքնիշխանության բանալին երկրի ներսում է:

Ընդհանրապես՝ որևէ համակարգ հնարավոր չէ դրսից թուլացնել կամ քանդել, եթե ներսում չգտնվեն համապատասխան կռվաններ՝ արտաքին գործողության համար: Որևէ հասարակություն կամ պետություն այնքան է ինքնիշխան, որքան կարող է դրսի աշխարհին պարտադրել իր որոշումներն ու նպատակները՝ համապատասխան իր կարողության և ներուժի՝ իշխանության՝ գրաբարյան իմաստով: Որքան անկում է ապրում որևէ հասարակության ներուժը, այնքան անկում է ապրում նրա փաստացի, բովանդակային, քաղաքական անկախությունը՝ ընդհուպ մինչև ինչ-որ պահի նաև իրավական, ձևական անկախության հնարավոր կորստյան: Իհարկե, անկախության կորուստ կարող է լինել նաև արտաքին հանգամանքների բերումով, այնքանով, որքանով որևէ գերհզոր ուժ կարող է պարզապես նվաճել տվյալ տարածքները: Բայց դա արտառոց իրավիճակ է, որն այս պահին արդիական չէ մեր տարածքի համար:

Ինքնին պարզ և հասկանալի է, որ եթե, օրինակ, Հայաստանի բնակչության թիվը նվազում է, եթե հասարակական և պետական հաստատությունները չեն կայանում, արդյունավետ չեն գործում, եթե վերնախավերը համարժեք չեն մարտահրավերներին, եթե քաղաքացիները տնտեսապես ազատ չեն, և այլն, և այլն, ապա Հայաստանի փաստացի ինքնիշխանությունը նվազելու է, և դա այս կամ այն կերպ իր արտահայտությունն է գտնելու արտաքին հարաբերություններում: Եվ ավելորդ է որևէ բանական ու ողջամիտ մարդու բացատրել, թե այս խնդրի լուծումը երկրի ներսում է, որ մարտահրավերի համարժեք պատասխանը ներքին պայքարն է, ներքին պայմանների ստեղծումն է, այլ ոչ թե տղայական հոխորտանքը կամ հայրենասիրական ճարտասանությունն արտաքին աշխարհի դեմ:

Բայց այն, որ այս՝ ինքնին պարզ բաները բացատրության կարիք ունեն, ավելին, ինչ-որ տեղ նույնիսկ մեր հանրային խոսքում իրենց տեղն արևի տակ նվաճելու կարիք ունեն՝ լռեցվելով «գեոպոլիԾիկ» անհեթեթաբանության կամ էլ զուտ կարգախոսային անշանթ որոտումների կողմից, հենց ինքնին ցուցիչ է, որ մենք ինքնիշխանության խնդիր ունենք: Մինչ հայաստանյան հասարակական հաստատությունները չեն գործում կամ ի զորու չեն ձևավորվել մեր հասարակության թուլության, աղքատության պայմաններում, արտաքին հաստատությունները Հայաստանում գործում են, և տարածվում է արտաքին հայացքի պարտադրած հանրային խոսքը, թեկուզև՝ հայրենասիրական փաթեթավորմամբ (հո նոր չե՞նք իմանում, որ «հայրենասիրությունը» հաճախ օտար շահերի սպասարկման քողն է), ինչը ձեռնտու լինելով նաև իշխող խմբին (քանի որ տեղի է ունենում թիրախավորման փոփոխություն ներսից՝ դեպի արտաքին աշխարհ)՝ հովանավորվում է նաև նրա կողմից:

Հայաստանակենտրոն հայացքը չի կարելի շփոթել այս կեղծ հայրենասիրական պաթոսի հետ: Հայաստանակենտրոնը նշանակում է՝ իրերը չափել Հայաստանի չափով և խնդիրների լուծման բանալին տեսնել Հայաստանում:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Ռուբլու արժեզրկման հետևանքը կլինի մեր քաղաքացիների գնողունակության նվազումը. Վահագն Խաչատրյան’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել’