‘Խմբագրական. «Տատի´կ, էս ինչ երկար ականջնե՜ր ունես…»’

2430

Նկատե՞լ եք, թե ովքեր են պայթյունավտանգ իրավիճակներում ասպարեզ նետում «հիվանդ հասարակություն» արտահայտությունը (խոսքը նեղսրտած պահերին զգայական պոռթկումների հեղինակներին չի վերաբերում, այլ սառնասիրտ հաշվենկատությամբ այս «դատավճիռը» շրջանառողներին):

Դրանք այն նույն մարդիկ են, ովքեր, օրինակ, Հայոց բանակում գրեթե ամեն շաբաթ կրկնվող սպանությունների համար մեղադրում են զոհերի ընտանիքներին՝ լավ չեն դաստիարակում իրենց երեխաներին: Իսկ որ սպանությունների հեղինակներն անպատիժ են մնում կամ պատժվում են միայն այն դեպքում, երբ մարդասպանը շարքային զինվոր է, ոչ թե բարձրաստիճան սպա, իսկ որ ակնհայտ սպանությունների մեծ մասը, բոլոր հնարավոր եւ անհնար մեթոդներով, հասարակությանն է մատուցվում որպես ինքնասպանություն, իսկ որ գրեթե ամեն շաբաթ կրկնվող այս ողբերգություններից հետո  պաշտպանության նախարարը շարունակում է հանգիստ խղճով պաշտոնավարել եւ, իր հրամանատարական կազմի հետ միասին, շքանշաններ ստանալ Սերժիկ Սարգսյանից, իսկ որ այս նույն նախարարն ամեն անգամ զարմանում է «տարօրինակ» հարցից եւ հակադարձում, թե ինչու պետք է ինքը հրաժարական տա՝ սրանք, իհարկե, «մանրուքներ» են:  

Մի կողմ թողնենք, որ մի ողջ հասարակության «հիվանդ» անվանողներից մեծամտության եւ ինքնահավանության տհաճ հոտ է փչում: Դե, քանի որ իրենք ունակ են տեսնել եւ գիտակցել, որ հասարակությունը հիվանդ է, բնականաբար՝ իրենք կատարելապես առողջ են եւ «հիվանդներից» մի քանի գլուխ բարձր: Ավելին, այս «հիվանդ» հասարակությունն է մեղավոր, որ երկիրը երկիր չի դառնում, որովհետեւ այս մարդկանց եթե տանեն եւ նստեցնեն ներկա պահի հանցագործ իշխանավորների աթոռին, սրանք էլ են թալանելու, հղփանալու, սպանելու… Միով բանիվ, բոլորը մի սանրի կտավ են, բացի, իհարկե, իրենցից:

Այս «առողջները» ոչ միայն ավելի ու ավելի են հուսահատեցնում Հայաստանի քաղաքացիներին՝ մեկ է, ինչ էլ անեք՝ բան չի փոխվելու, այլեւ ողջ հասարակությանը պիտակավորում են ընդամենը մեկ գերնպատակով՝ Սերժիկ Սարգսյանի վրա մի´ սեւեռվեք, ի՞նչ տարբերություն, թե ով է նստած Հայաստանի նախագահի աթոռին, հասարակությու´նն է հիվանդ, եւ ով էլ հայտնվի այդ աթոռին՝ Սերժիկ է դառնալու: Ու թե ինչ ճռճռան, վերամբարձ փաթեթավորմամբ է սա մատուցվում այս նույն «հիվանդ» հասարակությանը՝ էական չէ: Կարեւորն այն է, որ ոմանց հանձնարարված է Հայաստանի քաղաքացիների ատելությունը մեղմել նախագահի աթոռը զավթած ավազակապետի նկատմամբ, ինչն էլ սրանք անում են իրենց ուղեղի ծալքերին եւ վարձավճարին համապատասխան:

Այս առիթով արժե հիշել, որ ժամանակին ինչ-որ մեկը հայերիս «համաշխարհային ազգ» հռչակեց: Ինքը հավատաց իր հայտնագործությանը, թե ոչ՝ իր խնդիրն է, բայց ազգը, կարծես, չհավատաց, շարունակեց ապրել կամ գոյատեւել բոլոր սովորական ազգերի նման: Եւ այս սովորական ազգերի ընտանիքում Հայաստանի հասարակությունն էլ նույնքան սովորական է եւ, ինչպես բնորոշ է բոլոր բռնապետական ռեժիմներին, ունենում է ե´ւ ընկճվածության շրջան (երկարատեւ կամ կարճատեւ), ե´ւ ընդվզման շրջան (բուռն կամ վախվորած), ու ինչպես բոլոր սովորական հասարակությունները՝ իր շարքերում ունի ե´ւ վախկոտներ, ե´ւ քսուներ, ե´ւ սրիկաներ, ե´ւ ծախուներ, ե´ւ անտարբերներ, ե´ւ հարմարվողներ, ե´ւ անկաշառներ, ե´ւ հերոսներ:

Իսկ թե այս «առողջ»-ները վերը թվարկվածներից որ տեսակին են պատկանում, եւ ում ականջներն են թափահարվում սրանց թիկունքում, նույնիսկ «հիվանդներն» են հասկանում: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հերթական գաղտնի համաձայնությունն է ձեռք բերե՞լ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը ուղիղ Չեխիա է մեկնել, թե «չերեզ» Կիպրո՞ս. Մամուլ’