‘Խմբագրական. ՏիԿիպրՕֆշոր, կամ կերկերուն ձայնով հրեշտակաժպիտ գողը’

2250

Իշխանական քարոզչամեքենան, թևերը քշտած, շարունակում է շեղել հասարակության՝ բութ համառությամբ օժտված ուշադրությունը կիպրոսյան հաշվեհամարների, գող վարչապետ-տիրացու տանդեմի կատարած և կոնկրետ փաստաթղթով ապացուցված հանցանքից: Սկզբում գործի դրվեց սուխոյ ատկազը, թե դա Տիգրան Սարգսյանի հետ կապ չունի, հասցեն սխալ է, աշխարհիս երեսին ինչն է լիքը՝ տիգրան սարգսյանները: Դրան ի պատասխան՝ բերվեց կոնկրետ փաստաթուղթը՝ մեջը գրած մեր գողի հասցեն: Սկսվեց ուրիշ լոլո. ինչ-որ մի բեդովլաթ, առանց Տիգրան Սարգսյանի գիտության, նրան գրանցել է որպես  «WLISPERA HOLDINGS LIMITED» բաժնետեր: Ավելին՝ Տիգրան Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ, ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ Հայաստանի Հանրապետությունում ներ է դրվել իմ անմիջական մասնակցությամբ» (մեզ մնում է միայն ասել՝ Ալ համդ օլ Ֆրեյդ), և որ դժվարություն չէ ինչ-որ մեկի անունով ընկերություն բացել օֆշորում՝ չունենալով նրա համաձայնությունը: Հետո տեսնելով, որ սա էլ լուծում չի, հայտարարեցին, որ այդ օրը խեղճը գտնվել է Չեխիայում: Դա էլ բավական չեղավ. հասարակությունը շարունակեց հայհոյել, կողքիններն ու պաշտպանողները՝ չարախնդալ, դեսպանները՝ դիվանագիտորեն ստորացնել: Ճարները կտրած՝ հերթական լապշան բերեցին հասարակության ականջների մոտ, որ կախեն. ստիպեցին հետախուզվող գործարարին «խոստովանել», որ այդ նա է գաղտագողի բաժնետեր դարձրել Տիգրան Սարգսյանին ու Կճոյենց Նավասարդին: Փաստորեն՝ ստացվում է, որ ցանկացած ոք ցանկացած մարդու անունից կարող է ընկերություն հիմնել, հաշիվ բացել օֆշորում: Սրանից էլ լավ բա՞ն: Մեր  գործարարները հիմա իշխանության ցուցումով կամ հայրենիքի հանդեպ սիրուց ու պարտքի զգացումից դրդված՝ պիտի գնան ու մեկը մյուսի հետևից հաշիվներ բացեն Կիպրոսում: Մեկում փայատեր սարքեն Օբամային, մյուսում՝ Պուտինին, էն հաջորդում՝ Մերկելին, Օլանդին ու բոլոր աշխարհի բախտը որոշողներին: Հա, մեկ էլ որ շատ կարևոր է՝ Էրդողանին: Նախ՝ մեր գործարար տղերքի բիզնեսը կդառնա հարյուրին մոտիկ տոկոսով անձեռնմխելի: Բացի էդ, հլա թող դրանից հետո մեզ հետ հաթաթայով խոսեն. Ցեղասպանություն, Ղարաբաղ, գազի գին: Տեղում հանենք, ճպպցնենք ճակատներին: Իրենց հասարակությունները մի վայրկյանում քացի տալով կշպրտեն նրանց իշխանական գահերից: Տունը նստած՝ «գլոբալ գարուն» բերենք սաղի գլխին՝ մեկը մյուսի հետևից պատմության գիրկն ուղարկելով  «կոռումպացված» կառավարություններին, և խլենք Թունիսի, Եգիպտոսի ու Լիբիայի «դափնիները»: Բոլորին չոքացնենք:

Թե քանի մարդ կհավատա էս ախմախությանը՝ դժվար է ասել: Սրանք հայաստանյան հասարակությունն այնքան են դեգրադացրել, որ բերեք չբացառենք, թե կգտնվեն նույնիսկ խելոք դեմքով դոկտոր-պրոֆեսորներ, որ անմեղ դեմքով կպնդեն սա: Բայց նաև արձանագրենք, որ նման բան կարող է պատահել Հայաստանում, միա՛յն Հայաստանում: Որովհետև հայաստանյան բռնապետությունը թերևս միակն է աշխարհում, որ որևէ՝ նույնիսկ ձևական պատճառաբանություն չի բերել, թե ինչի է ինքը մարդ սպանելու, ընտրություն կեղծելու, երկիրը մարդաթափելու գնով պահում իր իշխանությունը: Ո՛րն է իր առաքելությունը, ինչի՛ է ուզում լինել իշխանության: Բոլոր մնացյալ բռնապետությունները ինչ-որ մի պատճառ գոնե բերում են: Մեկն ուզում է երկիրը «զերծ պահել վտանգավոր» գաղափարախոսություններից, մեկը կրոնական հիմնավորում ունի, մի ուրիշն էլ իր ժողովրդին սնում է կայսերականության երազներով: Սրանք անպատկառ են այնքան, որ դրա կարիքն անգամ չեն տեսնում: Ու գրեթե բացահայտ շպրտում են հասարակության երեսին. փող ենք աշխատելու այնքան, ինչքան ուզենանք ու կարող ենք:

Ու էսքանի հետո դուք դեռ ուզում էիք, որ Նեմեցը Հենոյին բաց թողնի Լիվերպու՞լ:

P.S. Այս ամեն ինչի արանքում ռեժիմի պարագլուխ Սերժ Սարգսյանը էնքան դուխ գոնե չունեցավ, որ պաշտպանի Տիգրան Սարգսյանին: Ինքը, ինչպես միշտ, բան պատահելու օրը երկրում չի: Արդեն մոտ 15 տարի: Այս անգամ՝ Բադեն-Բադեն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-Իսպանիա (Աշխարհի երիտասարդական առաջնություն)՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Տուրբոն էլի մարդ է ծեծել. Մամուլ’