‘Խմբագրական. Ցաքուցրիվ մտքեր ամենասովորական մարդու մասին’

2377

Եվ չնայած բոլորս` ներսում, թե դրսում, միաբերան` ուղղակիորեն, թե անուղղակիորեն, երդում-կրակ ենք ուտում, որ ոչ ռուսամետ ենք, ոչ էլ արեւմտամետ, այլ` ոչ ուտում, ոչ խմում` Հայաստանի մասին ենք մտածում զօրուգիշեր, ու ես էլ հավատում եմ, անշուշտ, թե` բա էլ ում ու ինչի մասին պետք է մտածի հայը, եթե ոչ` Հայաստանի մասին, բայց կրկին ստիպված եմ ինքս ինձ ու բոլորիս տալ անխնա շահագործված հարցը. «Եթե բոլորս այսպես խոշտանգվում ենք Հայաստանի հանդեպ սիրո ճիրաններում, հապա ինչո՞ւ է մեր էս պաշտելի Հայաստանն էս օրին»:

Ուզենք-չուզենք, միաբերան երդում ուտողներս` բարձրաձայն կամ չար աչքից հեռու, նաեւ պարտավոր ենք խոստովանել, որ այնքան էլ անկեղծ չենք, մեղմ ասած:

Կամ` Հայաստանի հանդեպ մեր սերը ծանր հիվանդ է:

Որովհետեւ հավատանք, թե չհավատանք, կույր ձեւանանք, թե արծվի աչքի պես սրատես լինենք, միեւնույն է` շատ հայրենասեր, անտանելի շատ հայրենասեր հայերիս մի հատվածի գլխավերեւում ռուսների ականջներն են երեւում, մի այլ հատվածի գլխավերեւում էլ` արեւմուտքի: Ու աննշան թվացող այս մտայնությունից էլ սկիզբ է առնում ու քաղցկեղի պես ճյուղավորվում Հայաստանը կործանող չարիքը:

Որքան էլ իրենց Հայաստանի ինքնիշխանության համար պայքարողներ հայտարարած արեւմտամետները խորը կսկիծով խոստովանեն, որ, ավաղ, փոքրամասնություն են իրենք, ցավոք` իրական փոքրամասնությունը նրանք են, ովքեր, իրոք, աշխարհի անցուդարձին հետեւելիս ու Հայաստանի շահի գերակայությունն անքննելի համարելիս` աշխարհում կատարվող մեծ ու փոքր ողբերգությունները չեն չափում արեւմուտքի կամ Ռուսաստանի արշինով:

Ու սա հասկանալու համար առանձնապես մեծ ջանք պետք չէ. հայաստանյան լրատվամիջոցներն ու նրանց արձագանքողները Հայաստանի հանդեպ մեր հիվանդ սիրո ախտորոշման ամենախոսուն վկաներն են:

Քաղաքագիտական խորը վերլուծությունն իմ գործը չէ, եթե նույնիսկ ուզենամ` չեմ կարող: Ընդամենն ուզում եմ ինձ մտահոգող հարցեր բարձրաձայնել: Օրինակ` ինչո՞ւ արեւմուտքի հետ մեր պայծառ ապագան կապողները, Ուկրաինայի ոտնահետքերով չգնալու համար Հայաստանին դատափետողները գոնե երբեմն-երբեմն չեն նկատում, որ այս նույն  արեւմուտքը, բացի դատարկ «հաթաթաներից», ուրիշ ոչնչով չի օգնում պատերազմի  ճիրաններում հայտնված Ուկրաինային, ինչո՞ւ գոնե կիսաձայն չեն դժգոհում թանկագին արեւմուտքից:

Ինչու՞ Գյումրիի ահավոր սպանդից հետո այս նույն մարդիկ կատաղի դատապարտում են ռուսներին, թե սրանք ոտնահարում են մեր արժանապատվությունը, եւ չեն վիրավորվում արեւմուտքի քար անտարբերությունից:

Կամ` Ռուսաստանին մեր դարավոր ու հավերժ բարեկամ հռչակողներն ինչո՞ւ չեն  վիրավորվում, երբ որեւէ ռուս պաշտոնյա հայերիս նվաստացնող հայտարարություն է անում: Եթե որոշել եք բախտներդ կապել Ռուսաստանի հետ, պարտադի՞ր պայման է, որ ձեր արժանապատվությունը դարձնեք ռուսի ոտքի տակի փալաս: Եվ եթե արդարացնում եք ռուսների որդեգրած կեցվածքը ուկրաինացիների նկատմամբ, ուրեմն` ձեր սրտերը չպե՞տք է ցավեն, որ այս պատերազմում ուկրաինացի խաղաղ բնակիչներ են սպանվում:

Եվ եթե արեւմտամետներն ուկրաինացիների ազատության մոլեռանդ կողմնակիցներ են, ինչը բնական է, ուրեմն` չի՞ կարելի ցավ ապրել ռուս երեխաների ու ուկրաինացիներից ոչ պակաս խաղաղ ռուս բնակիչների սպանությունների համար:

Չե՞ք տեսնում, որ Հայաստանում այնպիսի մթնոլորտ է իշխում, որ ողբալիորեն քիչ են նրանք, ովքեր հավասարապես ցավում են բոլոր անմեղ զոհերի համար` ուկրաինացի լինի, թե ռուս:

Որովհետեւ` վտանգավոր է. ճակատիդ կխարանեն, որ Հայաստանի անկախությանը դեմ ես, ու վերջ: Ու դավաճանների ցուցակում կհայտնվես` հավիտյանս հավիտենից, ամեն:

Հայաստանի հանդեպ «անչափելի» սիրո ծանր շնչի տակ Մարդը կամաց-կամաց նահանջում է, իսկ Հայաստանը իրոք սիրելու համար` նախ պետք է կարողանալ մարդուն սիրել:

Գիտեմ, որ չասացի այն` ինչ ուզում էի, չասացի այնպես` ինչպես ուզում էի:

Ինչ որ է…

Լիզա Ճաղարյան

 

 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Լոքյանին և Լևոն Մկրտչյանին ՀՅԴ Բյուրոյում փոխարինել են Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը և Կիրո Մանոյանը’
Հաջորդ հոդվածը‘ Նալբանդյան. Իրավապահները պետք է դիմեն ԱԳՆ՝ Գյումրիի դեպքերի վերաբերյալ հայ-ռուսական հանձնաժողով ստեղծելու հարցով’