‘Խմբագրական. Քաղաքական աշնան նախամուտը’

1824

Ավարտին է մոտենում ամառը, հետևաբար և` այն համեմատական քաղաքական անդորրը, որը սովորաբար կապված է ամառվա հետ: Քաղաքական աշունը, թերևս, հետաքրքիր է լինելու իր սյուժեով (հատուկ խուսափում ենք «թեժ աշուն» և նման տափակ արտահայտություններից): Սպասվում են քիչ թե շատ կանխատեսելի, բայց նաև, կարծում եմ, ոչ այնքան սպասելի շրջադարձեր, սյուժետային զարգացումներ և ենթասյուժեներ: Իրավիճակը բավականին բազմաշերտ է, բազմագործոն, որով և` որոշ չափով դանդաղ ու զգույշ զարգացող, բայց նաև այդ պատճառով` դժվար կանխատեսելի: Տարվա սկզբից ընթացող զարգացումների արդյունքում ստեղծվել է բավականին նուրբ հավասարակշռություն իշխանության և ընդդիմության միջև, որը հազիվ թե այսօրվա տեսքով շատ երկար կարողանա տևել, հետևաբար` պետք է սպասել գոնե մասնակի հանգուցալուծման մոտակա շրջանում: Գարնանը կատարված քայլերի և հայտարարությունների արդյունքում երկու կողմի մանևրելու դաշտերն էլ բավականին սեղմվել, նեղացել են, և կողմերից անկախ գործող առարկայական տրամաբանությունը տանում է ավելի շուտ դեպի հավասարակշռության այս կամ այն կողմ, խախտվում այս կամ այն կետում:

Կեղծ հայրենասիրական ալիք բռնեցնելն ու «ազգային միասնության» դեմագոգիան, որը փորձում են շահարկել իշխող խմբի ներկայացուցիչներն ու սպասարկողները` ներքաղաքական սուր զարգացումներին ընդառաջ, կարճատև և սահմանափակ ազդեցություն կարող է ունենալ միայն և, անշուշտ, արագ կմարի: Հայաստանցիներն այն ժողովուրդը չեն, որոնց հնարավոր լինի զանգվածայնաբար մոլորեցնել նման տափակ դասագրքային հնարքներով՝ հայրենիքին իրական վտանգի դեպքում նրանք կպաշտպանեն երկիրը, բայց թեման անկապ շահարկելը չի անցնի մեր ժողովրդի մոտ (մեր հասարակությունն, անշուշտ, ունի բազմաթիվ թերություններ, բայց էժան քարոզչության զոհ դառնալը կամ էլ ստից «փիառով» խաբվելն այդ թերությունների ցանկի մեջ չի մտնում. լավ կլիներ, որ մեր վերնախավերը վերջապես հասկանային դա և դադարեին դեղնած դասագրքերից փոխառել բաբոյիս թվի քարոզչական մեթոդները, որոնց գործադրելու վրա միայն ավելորդ փող է ծախսվում, բայց արդյունքը չնչին է):

Ներքաղաքական սյուժեի սպասվելիք հիմնական կետերը հետևալներն են.

ա. Սահմանադրական փոփոխությունների հարցը: Սերժ Սարգսյանի համար սա դարձել է յուրահատուկ կենաց-մահու խնդիր: Հասկանալով, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա այլևս ոչ մեկին պետք չի լինելու, և նախևառաջ` իր այսօրվա թիմակիցներին և հնարավոր ժառանգներից որևէ մեկին, որոնք բոլորն էլ հաստատելու են իրենց իշխանությունն ի հաշիվ նախորդի, Սերժը փորձում է գտնել իր անձնական իշխանության երկարաձգման ճանապարհը, որով էլ սահմանադրական փոփոխությունների հարցը դառնում է նրա համար այդքան կենսական: Առանց այդ էլ այս նախագծի սկիզբը սպասվածից ուշացվեց, քանի որ Սերժ Սարգսյանը չկարողացավ ստանալ որևէ խոշոր քաղաքական ուժի համաձայնությունը դրա վերաբերյալ (չհաշված, բնականաբար, ՀՀԿ-ն): Հետագա ուշացումը, ձգձգումը կամ նահանջը, բնականաբար, անկայունացնում են իրավիճակը իշխող ճամբարում: Սարգսյանը շարունակելու է ջանքեր գործադրել համաձայնություն կորզելու այս գործընթացի վերաբերյալ, բայց հաշվի առնելով, որ նա ստացել է հստակ մերժում նախկինում, շատ բարդ է պատկերացնել, որ կարողանա հասնել դրական արդյունքի՝ նույնիսկ լուրջ զիջումների դիմաց: Հետևաբար, այս կետի շուրջ ուժեղ լարում կա, և հանգուցալուծումը՝ լարման էներգիայի ազատումը պետք է բավականին սուր լինի:

բ. Սերժական ֆեյքերը շարունակում են վարչապետ Աբրահամյանի բմբուլները քամուն տալու «համապետական» ծրագիրը, բայց և ի՞նչ անել կառավարության հետ Սերժ Սարգսյանի տեսակետից, կարծես թե` նույնպես այնքան էլ պարզ չէ: Ժամանակին նա գնաց «ձիով քայլի»՝ զոհաբերելով իր համար կարևոր Տիգրան Սարգսյանի ֆիգուրը և հույս ունենալով ներքին կոմպրոմիսի հասնել Աբրահամյանի ֆիգուրի միջոցով: Բայց կոմպրոմիսը չկայացավ, և ձիով քայլը մնաց կախված օդի մեջ: Ի՞նչ անել այս պայմաններում վարչապետի հետ: Տարվա մեջ երկրորդ անգամ վարչապետ «հրաժարեցնելու» դեպքում անկայունությունն իշխանական ճամբարում կարող է հասնել անվերահսկելի կետի: Բայց պահելը նրան պաշտոնում` նույնպես բավականին վտանգավոր, գուցե և բարդ կլինի, հաշվի առնելով ե՛ւ ընդդիմության սպասվելիք ճնշումները սեպտեմբերին, և այն, որ, եթե հնարավոր չեղավ լուծել հիմնական ռազմավարական խնդիրները՝ սահմանադրական փոփոխություններին զարկ տալը, քառյակի պառակտումը կամ թուլացումը և այլն, ապա իշխող խմբի ապակենտրոնացումը գրեթե անխուսափելի է դառնում, իսկ դա նշանակում է դրա ներսում ավելի ինքնավար բևեռների և բևեռիկների ձևավորում` ի վնաս Սերժ Սարգսյանի: Հովիկ Աբրահամյանն էլ այն ֆիգուրը չէ, որն այդ պայմաններում լիովին հուսալի լինի Սերժի համար:

գ. Քառյակի պառակտում: Սերժ Սարգսյանը պառակտումների, հաճախորդացման և փչացման բավականին մեծ վարպետ է, բայց այս անգամ խնդիրը շատ բարդ է և, կարծում ենք` անլուծելի: Կատարվել են այնպիսի քայլեր, և արվել են այնպիսի հայտարարություններ, որոնցից հետո ետքայլերը դժվար պատկերացնելի են ոչ միայն բարոյական տեսակետից (բարոյական կամ պատվի հարցերը քաղաքականության մեջ երբեք չպետք է անտեսենք), այլև ետքայլ անողի իսկ հեռանկարի առումով, որովհետև լուրջ ետքայլը կարող է հավասարազոր լինել վերջնական պարտության: Իսկ եթե Սերժն ի զորու չի լինում քանդել քառյակը, և քառյակն էլ իր հերթին իրավիճակը զարգացնում է դեպի առաջ, ապա Սերժի ռազմավարական հարցերը մնում են անլուծելի:

դ. Հանրահավաքային շարքի կանխում: Հանրահավաքային շարքի հեռանկարը լուրջ մարտահրավեր է առանց այդ էլ ոչ այնքան վստահ, միասնական և կայուն դիրքերում հայտնված իշխող խմբի համար: Եթե պատկերացնենք իրավիճակը Սերժի տեսակետից, ապա այդ հեռանկարից պետք է հնարավորինս, եթե չասենք` ամեն գնով խուսափել: Բայց կա՞ արդյոք «ամեն գին» վճարելու հնարավորություն, որքանո՞վ իրոք գնողունակ է Սարգսյանն այսօր՝ սա՛ է հարցը: Գարնանը նա կարողացավ խուսափել հանրահավաքներից՝ Տիգրան Սարգսյանի վաղաժամ հրաժարականով, որը տեղի ունեցավ ոչ թե բուն հանրահավաքի, այլ հանրահավաքի միա՛յն սպառնալիքի ազդեցության տակ: Սա շատ բարձր գին էր, որը նաև ցույց է տալիս հարցի արժեքն իշխող խմբի համար: Ինչո՞վ կարելի է վճարել այսօր՝ հարցը թողնենք բաց:

Ընդդիմության կողմից դիտված նույնպես կան մի քանի բաց հարցեր, որոնք մասամբ թեմատիկ նույնն են, ինչ վերը նշվածները, մասամբ էլ` արտահայտում են իրավիճակի յուրահատկությունները` դիտված ընդդիմության տեսակետից, բայց դրանք արդեն պետք է առանձին դիտարկել:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Գլենդելում կրեդիտ քարտեր կեղծելու համար երկու հայ է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետդեպ. Ռուսաստանի հետ սկսվող նոր սառը պատերազմի մասին չի խոսվում’