‘Խմբագրական. Քաղաքական ավանգարդ. ոչ թե առաջնորդվել, այլ առաջնորդել’

2178

Պետք է խոստովանել՝ ընդդիմադիր խոսքի (գործի մասին դեռ չենք խոսում) յուրահատուկ ճգնաժամ կա Հայաստանում: Սա սովորական ճգնաժամ չէ, այլ ունի յուրահատկություններ, որոնց մասին մի փոքր կխոսենք ստորեւ: Ճգնաժամը հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է քաղաքական խոսքի եւ գործի ավանգարդ խումբ, որը, մի կողմից՝ չի վախենա ավելի արագ ընթանալ հասարակության մյուս մասից, ավելի առաջ նայել, մյուս կողմից էլ՝ չի զլանա հարկ եղած դեպքում դանդաղեցնել տեմպը, որպեսզի մեջտեղի եւ թիկունքի վագոնները հասնեն եւ չմնան առանց լոկոմոտիվի:

            Ո՞րն է ընդդիմադիր խոսքի ճգնաժամը: Դրա կարեւորագույն խնդիրն ու առանձնահատակությունն այն է, որ իշխանությունն ինքն է յուրացրել ընդդիմադիր լեզուն, այն էլ՝ երկու իմաստով: Նախ՝ հենց ինքն իշխանությունն է խոսում այդ լեզվով՝ հաճախ նույնիսկ հեղափոխական վճռականության աստիճանի: Բավական է հիշել Սերժ Սարգսյանի որոշ ելույթներ կամ էլ Տիգրան Սարգսյանի հեղափոխական հոդվածները: Համենայն դեպս՝ վաղուց արդեն հայաստանյան իշխանությունը չի ժխտում երկրում փոփոխությունների անհրաժեշտությունը, ակնարկում է վճռական պայքարի մասին կոռուպցիայի եւ «օլիգարխիայի» դեմ, հաճախ ընդդիմադիրներից ավելի արմատական դիրքերից է մերկացնում մեր կյանքի արատները կամ էլ այնպես է քննադատում երկրում ստեղծված իրավիճակը, կարծես ինքը դրա հետ որեւէ կապ չունի: Կարեւոր չէ տվյալ պահին, թե ինչ է սա նշանակում՝ պարզապես նմանակո՞ւմ, թե՞ նաեւ ներիշխանական պայքարի որոշ կողմերի անուղղակի արտահայտություն:

            Երկրորդ՝ եւ ավելի կարեւորը՝ Սերժ Սարսգյանի իշխանությունն իր գրեթե լիակատար վերահսկղության տակ է վերցրել ընդդիմադիր խոսքը նաեւ ԶԼՄ դաշտում եւ համացանցում: Մատների վրա կարելի է հաշվել այն ԶԼՄ-ները, որոնք այսօր  դուրս են իշխանության վերահսկողությունից: Միաժամանակ՝ մատների վրա կարելի է հաշվել այդ ԶՄԼ-ներից այնպիսիները, որոնք հանդես են գալիս հենց իշխանամետ դիրքերից: Բոլորն էլ այս կամ այն կերպով ներկայանում են որպես ընդդիմադիր, անկախ՝ իշխանությանը, հենց նաեւ անձամբ Սերժ Սարգսյանին քննադատող (մի մասը՝ չափավոր, մի մասն էլ՝ արմատաան դիրքերից): Սա նոր վիճակ է՝ ձեւավորված վերջին մի քանի տարվա մեջ: Վերաձեւակերպելով՝ պետք է ասել, որ իշխանությունը ձեռք է բերել գրեթե ամբողջական վերահսկողություն ոչ միայն պարզապես ԶԼՄ դաշտում, այլեւ ընդդիմադի՛ր դիրքերից հանդես եկող ԶԼՄ դաշտում: Այդ ԶԼՄ-ները կարելի է հեշտությամբ ճանաչել դրանց «անկախ» պիտակից եւ իբր չեզոք դիրքից: Իհարկե, դրանց ընդդիմանալն ինքնանպատակ չէ՝ նրանք կարեւոր դերակատարում ունեն սերժական համակարգում՝ տարածելով անհրաժեշտ «մուտիլովկեք» քաղաքական ուժերի, ներիշխանական թեւերի մասին եւ հարվածելով Սերժի քաղաքական հակառակորդներին, ինչպես նաեւ՝ խրախուսելով իշխանության կեղծ հակառակորդներին:

            Երրորդ՝ ԶԼՄ դաշտին եւ համացանցին զուգահեռ՝ շարունակում են լայնորեն կիրառվել իշխանության հետ ոչ բացահայտ կերպով համագործակցող ընդդիմադիր գործչի տեխնոլոգիաները: Դրանք նոր չեն Սերժ Սարգսյանի համար, բայց չեն հնանա այնքան ժամանակ, մինչեւ հասարակությունը չկարողանա համագործակցողներին տարբերել նախօրոք, այլ ոչ թե ողբա միայն փաստից հետո: Կարծում եմ՝ կարիք չկա մանրամասն նկարագրել այդ տեխնոլոգիաները: Քաղաքական «դհոլին» թույլատրված է ամենաարմատական դիրքերից իսկ քննադատել Սերժ Սարգսյանին եւ իշխանությանը, բայց անկախ ԶԼՄ-ի նման՝ նա էլ ճիշտ պահերին ճիշտ ծառայություններ է մատուցում՝ մուտիլովկաների, թիրախների նուրբ փոփոխության եւ այլնի միջոցով: Սրանց կարելի է նույնպես բավականին հեշտ տարբերել: Որքան էլ հաճախորդը կամ դհոլը քննադատի պախանին, պախանի վերահկողության տակ գտնվող ԶԼՄ-ները զարմանալիորեն դրական կամ գոնե չեզոք են տրամադրված այդքան համարձակ և աջ ու ձախ փրթող տղաներին: Կան, իհարկե, եւ այլ մեթոդներ, բայց այսքանն էլ առաջին փուլի համար բավական է: Ընդհանրապես, եթե ուշադիր լինենք՝ չկա գրեթե ոչ մի նախկին ու ներկա «անկախ» ընդդիմադիր՝ սկսած դեռ 90-ականների «ուրվականներից», որոնք այս կամ այն կերպով ինտեգրված չլինեն Սերժի համակարգում:

            Հիմա հասկանանք, թե ինչո՞ւ է այսքան հեշտ կայանում այս համակարգը, ինչո՞ւ այդքան հեշտորեն կարողացավ իշխանությունը յուրացնել եւ սեփական նպատակներով օգտագործել ընդդիմադիր խոսքը: Խնդիրն այն է, որ մեզանում ավանդաբար տարածված եւ կարծրատիպի վերածված ընդդիմադիր խոսքն ինքն իր մեջ ունի համապատասխան նախադրյալներ: Ի՞նչ խոսք է դա: Այն կարելի է կոչել սադոյանական՝ ընդդիմադիր խոսքի ոճ, որը սկզբնավորվել է 90-ականներին, եւ որը վերածվել է յուրահատուկ կաղապարի: Արտաքուստ դա շատ արմատական ոճ է, որովհետւ հայհոյում է, «տռաս է հանում», կպնում է, քարուքանդ է անում իշխանության ներկայացուցիչներին եւ երկրում տիրող իրավիճակը: Իրականում, սակայն, այն մեծամասամբ բովանդակազուրկ է եւ կառուցված զուտ ճարտասանական հնարների շուրջ: Իրական արմատականության հետ այս ոճը ոչ մի կապ չունի, որովհետեւ արմատականությունը բովանդակությունն է, դիտակետը, այլ ոչ թե քֆուրի ուժգնությունը: Հատկանշական է, որ շատ հաճախ, որքան ավելի հայհոյախառն ու արմատական է տվյալ ընդդիմադրի խոսքը, այնքան ավելի մեծ են հնարավորությունները նրա՝ օրերից մի օր «դհոլանալու» (իհարկե՝ սա բացարձակ կանոն չէ): Հիշե՛ք, թե որքա՜ն ավելի արմատական էր թվում Արտաշես Գեղամյանը, քան Ստեփան Դեմիրճյանը, հիշե՛ք Դալլաքյանին եւ մյուսներին:

            Իսկ ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ է այդ տիպի ընդդիմադիր խոսքը հեշտությամբ դառնում իշխանության կողմից հասարակական ձեռնածության գործիք: Պատճառն արդեն մասամբ ակնարկվեց՝ բովանդակազրկությունը եւ ճարտասանականությունը: Սադոյանական ոճը, որը քաղաքականությունը վերածում է սերիալի եւ մելոդրամայի, ձեռնտու է իշխանությանը, որովհետեւ վերացական է, ի զորու չէ կոնկրետ վերլուծել ամեն մի տվյալ իրավիճակ, հաշվարկել ուժերի դասավորությունը եւ համապատասխան քայլեր առաջարկել, ըմբռնել իրավիճակի դինամիկան, ընդհանրապես՝ քաղաքական եւ կոնկրետ չէ, այլ, այսպես ասած՝ բանասիրական: Երբ հարցը գալիս է կոնկրետ «ինչ անելուն», այն կաղում է կամ էլ «կակազում», պարզվում է, որ իրական ասելիք չունի: Մեր հասարակությունն էլ հեշտությամբ տրվում է նման ճարտասանական հնարներին, որովհետեւ չի կարողանում ձեւակերպել իր շահերը, սառը նայել իրավիճակին, ոչ թե անեծքով ու նզովքով զբաղվել, ոչ թե համակրանքով ու հակակրանքով առաջնորդվել, ոչ թե դրամատիկ սյուժեներ ստեղծել քաղաքական անցուդարձից, այլ հաշվարկել ամեն տվյալ իրավիճակի հասարակական շահը՝ բխած ուժերի կոնկրետ դասավորությունից: Արդյունքում՝ հիանում ու հիսաթափվում ենք, հյուսում ենք փավստոսյան ոճի վեպեր, բայց այդպես էլ չենք հասկանում, թե ինչ է մեզ հետ տեղի ունենում, ինչ օրինաչափություններ եւ պատճառահետեւանքային կապեր են գործում՝ անհատական ցանկություններից եւ համակրանքներից դուրս:

            Այստեղ է, որ հասարակությունը կարիք ունի ավանգարդի օգնության՝ որոշ դեպքերում՝ արմատական միջամտության, որոշ դեպքերում էլ՝ համբերատար բացատրության միջոցով: Ավանգարդը պետք է ձեւավորի քաղաքական գործընթացների ընկալման նոր մշակույթ, նոր կերպ՝ ցույց տալով այն ճանապարհները, որով քաղաքականությամբ հետաքրքրվող մարդիկ արագ եւ ինքնուրույն կկարողանան կողմնորոշվել տեղի ունեցածում: Ավանգարդը պետք է ձեւավորի նաեւ նոր խոսքի կաղապարը՝ կոնկրետ, հընթացս վերլուծող, իրադարձությունների շահերի տեսակետից դիտարկող եւ ճարտասանությունը բովանդակության տեղ «չվաճառող»:

            Ինչո՞ւ ավանգարդ: Այսօրվա կարծրատիպերից է. գործն ու խոսքը պետք է համապատասխանեցնել «զանգվածի» մակարդակին: Ավանգարդի հղացքը ենթադրում է հակառակը՝ առաջ ընկնել միջին մակարդակից, բայց նաեւ առաջնորդել, դեպի վեր բարձրացնել, քաշել միջինացված մակարդակը: Դա հնարավոր է համբերատար աշխատանքի դեպքում, եւ մարդիկ պատրաստ են դրան:

            Վերջին հինգ-վեց տարիների քաղաքական փորձը շատերի մոտ ձեւավորել է քաղաքական նոր ընկալունակության հիմքերը, որը պարզապես պետք է բերել համակարգի: Ավելի կարեւոր է դա հասու դարձնել ավելի լայն հասարակությանը: Այսօր հասարակության եւ իրական ընդդիմադիր խոսքի միջեւ հզոր միջնորդավորված պատնեշներ են գործում, որոնք նախկինում այդքան ուժեղ չէին՝ արդեն հիշատակված «անկախ» ԶԼՄ-ները եւ նույնքան «անկախ» գործիչները, որոնք մակաբուծում են ի հաշիվ հասարակության վիպական ընկալումների, շահագործում են ճարտասանականությունը՝ քողարկելու համար իրական շահերն ու գործերը: Արդյունքում՝ հասարակությունը շարունակում է մնալ գերազանցապես ընդդիմադիր տրամադրված, բայց ապակողմնորշված է նույնիսկ տարրական հարցերում: Ինքն էլ չգիտակցելով՝ կառավարվում է իշխանական տեխնոլոգների կողմից, որոնք նախատեսել են բոլոր դերերը՝ արմատական եւ չափավոր ընդդիմադիրից եւ արեւմտամետից մինչեւ ռուսամետ, եւ ամեն բանջարից ունեն իրենց բոստանում: Պայքարը պետք է շարունակվի միջին դասի համար, որ կարծիք ձեւավորողն է եւ միջնորդ է վերին եւ ստորին շերտերի միջեւ: Այդ դասի մի զգալի մասն այս պահին կոռումպացված է, բայց մյուս մասն էլ ապակողմնորոշված է որակապես նոր իշխանական քարոզչամեքենայի գործունեության արդյունքում: 

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ հուլիսի 1-ին սպասվող իրադարձությունները’