‘Խմբագրական. Քաղաքական կիսամյակի ամփոփում. խաղը շարունակվում է’

1654

Տարին համարյա կիսվում է, և լավ առիթ է վերջին 5 ամիսների քաղաքական գործընթացներն ամփոփելու, դրանց ներկա հանգրվանը բնորոշելու և ապագան որոշ չափով կանխատեսելու համար: Այս ժամանակահատվածում քաղաքական ընդդիմությունն ունեցավ թե՛ հաջողումներ, թե՛ որոշ անհաջողություններ, որոնք պետք է հանգիստ և սթափ գնահատել՝ հետագա հնարավորություններն ավելի ճշգրիտ պատերացնելու համար:

Սկիզբը՝ հանրահավաք

Քաղաքական գործընթացների արտաքուստ ակտիվ փուլի մուտքն ազդարարվեց մարտի մեկի հանրահավաքով: Հանրահավաքում հնչեցվեց մոտակա ամիսների քաղաքական օրակարգի ուրվագիծը՝ իշխանափոխության երկու՝ փուլային և փաթեթային՝ դանդաղեցված և արագացված տարբերակներով: Բացի հնչեցված խոսքից՝ հանրահավաքը կարևոր էր նաև նրանով, որ ի ցույց դրվեց հրապարակային մոբիլիզացիոն ռեսուրսի բավականին բարձր ներուժը երկրում և այն, որ այդ ներուժին շարունակում են տիրապետել Հայ ազգային կոնգրեսն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Սա կարևոր արձանագրում էր ուժային փաստացի հաշվեկշիռը չափելու տեսակետից՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիր դաշտում գործող այլ միավորների՝ հրապարակ ձևավորելու փորձերն առ այսօր շարունակում են մնալ ձախողված: Լավ է սա, թե վատ՝ այլ հարց է, բայց փաստը մնում է այն, որ չնայած, այսպես ասած՝ առաջադեմ մտավորականության զգալի մասը երես է թեքել ՀԱԿ-ից, ինչպես նաև՝ չնայած այն հանգամանքին, որ քաղաքական շարունակական ակտիվ գործունեության մեջ գտնվող ցանկացած ուժ բնականից մաշում է իր ռեսուրսը, այնուամենայնիվ՝ ՀԱԿ-ը չի կորցրել Հրապարակ ձևավորելու ներուժը:

Սարգսյանից մնաց միայն Սերժը

Քաղաքական գործընթացը որոշակի գագաթնակետի հասավ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականով: Չափից ավելի հատկանշական է, ի դեպ, որ վաղուց իշխանության հետ լռելյայն՝ գիտակցված կամ չգիտակցված կոնսենսուսի մեջ գտնվող հայ վելուծական միտքը Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառների առումով ամենաֆանտաստիկ տեսակետները փորձեց հայտնել՝ «գեո և աստրոպոլիտիկայից» մինչև սովորական «չգիտենք»-ը: Սա մոտավորապես նույնն է, թե մեկը «ինչո՞ւ այս տարի Հայաստանում ծիրանի բերք չեղավ» հարցին պատասխանի գեոպոլիտիկ և հնարավոր բոլոր այլ պատճառները մեջբերելով՝ զանց առնելով միակն ու ակնհայտը՝ ապրիլի սկզբին տեղացած ձյունը: Ցավոք՝ մեր հասարակության մի մասը պատրաստ է մարսել նման ֆանտասմագորիկ վերլուծական պրոդուկտ, որի պատճառն այն է, որ հայաստանցիների մեծ մասը քաղաքական գործընթացները պատկերացնում է որպես առօրյայից կտրված, կյանքի սովորական օրենքների հետ կապ չունեցող բան:

Ինչևէ, Տիգրան Սարգսյանի հրաժարականն արդյունք էր «ապրիլյան ձյան»՝ միավորված ընդդիմության, այսպես կոչված՝ քառյակի պահանջի և ապրիլի վերջին նշանակված հանրահավաքի «սպառնալիքի»: Այստեղ հետաքրքիր է մի քանի հանգամանք, մի մասը՝ հօգուտ, իսկ մյուսն էլ՝ ի վնաս ընդդիմության:

ա. Ինչպես բազմիցս նշվել է՝ հանրահավաքի սպառնալիքն իսկ ստիպեց Սերժ Սարգսյանին զոհաբարել իր հիմնական զինակցին և գաղափարակցին:

բ. Բայց այստեղ կա հակասություն, որովհետև եթե այդ զիջումը, մի կողմից՝ ընդդիմության աննախադեպ ձեռքբերումն էր, ապա, մյուս կողմից՝ նույն այդ զիջումը բավականին նուրբ մարտահրավեր էր նույն ընդդիմության համար: Օրինակ, այն, որ հանրահավաքը չկայացավ, թույլ չտվեց ընդդիմությանը միացնել հրապարակային մոբիլիզացիոն ռեսուրսը, իսկ դա նշանակում է, որ հասարակությունը, որի մոբիլիզացիայի սպառնալիքը փաստացի ստիպեց Սերժին զիջել, չզգաց, չվերապրեց իր այդ ներուժը: Արդյունքում՝ վարչապետի հրաժարականն ընկալվեց ավելի շատ պալատական քաղաքականության տրամաբանության մեջ, մինչդեռ իրականում դա անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ զիջում էր հենց հրապարակային քաղաքականության շրջարկում՝ նախկինում ոչ թե հանրահավաքի սպառնալիքը, այլ հենց բուն իսկ հրապարակը չէր ստիպել իշխանությանը նման զիջման գնալ:

գ. Բացի այդ, վարչապետի հրաժարականը հասկանալի պատճառներով թուլացրեց քառյակի ներքին, այսպես ասած՝ լարումը՝ կամքը, և որոշ չափով՝ միասնականությունը: Ի սկզբանե էլ պարզ էր, որ քառյակում առկա են առավել արագ և արմատական տրամադրված, և առավել զգուշավոր տրամադրված հատվածներ: Ընդ որում՝ խոսքը գուցե ոչ այնքան առանձին քաղաքական ուժերի, այլ նույնիսկ նրանց ներսում առկա խմբերի մասին է՝ ընդհուպ մինչև անհատների մակարդակ: Այնուամենայնիվ, որոշակի թուլացումը չբերեց քայքայման, ինչպես սպասում էին շատերը:

դ. Ամեն դեպքում՝ պետք է նշենք Տիգրան Սարգսյանի հրաժարականի կարևորությունը Հայաստանը սերժական բռնապետությունից ազատելու գործում: Տիգրան Սարգսյանը պատահական կերպար չէր՝ նա, այսպես ասած, համակարգ ձևավորող ֆիգուր էր, և մարմնավորումն ու կրողն էր կեղծ «առաջադիմական» այն գաղափարախոսության, որը «սերժականության» առանցքային տարրերից է: Ի դեմս Տիգրան Սարգսյանի՝ ջարդվեց նաև մեր հասարակության մեջ լայն տարածված այն կարծրատիպը, թե իբր կիրթ և մասնագետ տղերքը կարող են լուծել երկրի խնդիրները՝ պայքարելով անկիրթ քյարթերի դեմ: Փորձը ցույց տվեց, որ «կիրթ» տղերքն ընդհանրապես «տալիք» չունեն այս երկրին: Զիջելով Տիգրան Սարգսյանի հարցում՝ Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, զիջեց իր «թագավորության» կեսը, իր, այսպես ասած՝ «դուբլը», և պատկերավոր ասած՝ Սարգսյանից մնաց միայն Սերժը՝ միայն կեսը: Այս իմաստով՝ կորուստը, գոնե տեսանելի հեռանկարում, անդառնալի է թվում:

Թագավորության կեսը՝ ձիու դիմաց

Սերժ Սարգսյանի սկզբնական ծրագիրն էր վարչապետ նշանակել, իր կարծիքով՝ քառյակի ուժերի մի մասին «ձեռ տվող» վարչապետ՝ ոչ միայն ներքաղաքական լարումը թուլացնելու նպատակով, այլև որոշակի զիջումների դիմաց: Այդ զիջումների շարքում հիմնարար էր սահմանադրական բարեփոխումների՝ Սերժի ռազմավարությանը համաձայնություն տալը, քանի որ այդ բարեփոխումները, ինչպես բազմիցս շեշտվել է, Սարգսյանի խորամանկ պլանն են՝ իշխանությունը 2018-ից հետո պահելու համար:  Պատահական չէր, որ այն օրը, երբ բոլորը սպասում էին նոր վարչապետի նշանակմանը, Սարգսյանն առաջին անգամ հնչեցրեց սահմանադրականի հետ կապված իր մտորումները՝ շեշտելով, իմիջիայլոց, որ չի պատրաստվում 2018-ից հետո ո՛չ նախագահ, ո՛չ էլ վարչապետ դառնալ, բայց միևնույն ժամանակ «կանխատեսելով», որ իր ղեկավարած ՀՀԿ-ն շարունակելու է իշխել: Սահմանադրականին համաձայնելու  դիմաց Սերժը պատրաստ էր ոչ միայն հարմար վարչապետի թեկնածու նշանակել, ոչ միայն նոր կոալիցիա ձևավորել, այլև կառավարության ղեկավարումն ու ձևավորումն իսկ հանձնել քառյակի ուժերից մեկին: Բոլոր այդ կետերով մերժում ստանալով՝ Սերժը հետաձգեց վարչապետի սպասվելիք նշանակումը մինչև հնարավոր վերջին ժամկետը: Այս կետում Սերժի պլաններն ակնահայտորեն խախտվեցին, և շահեց ընդդիմությունը:

Սպասելով մինչև վերջին օրը՝ Սերժն, այնուամենայնիվ, վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին, որի թեկնածությունը, չնայած նույնիսկ նրան, որ Սերժի կողմից ակնկալվող քաղաքական համաձայնությունները չկայացան, ի զորու էր որոշ չափով մեղմել իրավիճակը: Բոլորն էլ, թերևս, համաձայն են, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կարելի է կոչել ժամանակավոր կամ անցումային կառավարություն: Ամենայն հավանականությամբ՝ նրա ժամկետը կլրանա «քառյակն ընդդեմ Սերժի» խաղի եզրափակիչ սուլոցից հետո՝ անկախ խաղի արդյունքից:

Աբրահամյանի նշանակման հետ կապված՝ մի քանի նրբություն կա: Մի կողմից, ինչպես ասացինք, իր հիմնական նպատակին՝ էական քաղաքական զիջումների իր այդ նշանակմամբ Սերժ Սարգսյանը չհասավ: Ավելին՝ Գագիկ Ծառուկյանը, որի խնամին է Հովիկ Աբրահամյանը, արեց հայկական իրականության տեսակետից բավականին հեղափոխական հայտարարություն առ այն, որ բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ: Սա նույնպես լուրջ սահման էր, որ գծվեց քառյակի ուժերից մեկի կողմից: Այսքանը գրանցեք հօգուտ ընդդիմության:

Այնուամենայնիվ, կա և հարցի մյուս կողմը: Հովիկ Աբրահամյանի նշանակումը նաև ակնհայտորեն դանդաղեցրեց քաղաքական գործընթացների տեմպը: Պարզ է, որ նույնիսկ այն պարագայում, երբ Ծառուկյանը հայտարարում է խնամիական կապերի ոչ քաղաքական բնույթի մասին, ամեն դեպքում՝ ԲՀԿ-ն, որպես ամբողջություն, որպես բազմաշերտ կառույց, որը ներկայացնում է գործարար աշխարհի զգալի մասի շահերը, չէր կարող նույն արագությամբ առաջ շարժվել նոր իրավիճակում, ինչ, օրինակ, հասարակության միջին դասի տեսակետները ներկայացնող ՀԱԿ-ը: Ժամանակ է պետք, որպեսզի գործարար խավում էլ տրամադրությունները հասունանան այն ուղղությամբ, որով ձգտում է մեր հասարակության մեծ մասը: Կգա՞ արդյոք այդ ժամանակը, և ե՞րբ: Փորձենք ստորև պարզել այդ հարցի պատասխանը՝ որքանով դա հնարավոր է:

Բալանսը. ռազմավարական ոչ-ոքի

Նախ՝ փորձենք հաշվարկել այս պահի բալանսն իր պլյուսներով և մինուսներով:

Պլյուսների մեջ հաշվենք, նախ, այն, որ քաղաքական գործընթացը չի ավարտվել, այլ շարունակվում է, քառյակը պահպանվում է, նրա օրակարգը չի սպառվում և շարունակում է թարմանալ: Այսինքն՝ ռազմավարական առումով Սերժ Սարգսյանը որևէ հաջողություն չի գրանցել:

Երկրորդ՝ Սերժ Սարգսյանը նույնիսկ վարչապետի փոփոխության գնով չկարողացավ հասնել իր ռազմավարական նպատակներից մյուսին՝ սահմանադրական բարեփոխումների համաձայնությանը, հետևաբար և՝ սեփական վերարտադրության պլանի երաշխիքին ընդդիմադիր որևէ ուժի կողմից: Ավելին՝ սահմանադրական բարեփոխումների առումով շատ խիստ գնահատականներ հնչեցվեցին ընդդիմության ներկայացուցիչների կողմից՝ ամենաբարձր մակարդակից սկսած: Իսկ դա նշանակում է «պատերազմ», քանի որ սա Սերժի համար այս պահին կենաց-մահու հարց է:

Մինուսներից է քաղաքական գործընթացի դանդաղումը, ինչը ձեռնտու կարող է լինել Սերժ Սարգսյանին, քանի որ այդ ընթացքում նա փորձում է որոշակի վերադասավորումների հասնել թե՛ իշխանության ներսում, թե՛ ընդդիմադիր ուժերի ներսում «դիվերսիաների» փորձեր կատարելով (խոսքը ոչ թե մեկ կոնկրետ, այլ, թերևս, բոլոր ուժերի մասին է, բոլորի ուղղությամբ էլ աշխատվում է, այլ հարց է, թե որքանով հաջող): Բացի այդ, Սերժի քարոզչամեքենան, որի սայլին է լծված հայաստանյան լրատվամիջոցների գերակշիռ մասը, չի դադարում տարբեր տիպի կոնսպիրոլոգիկ վարկածների ներմուծումը՝ փորձելով հասարակության մեջ սերմանել Սերժի անպարտելիության գիտակցությունը: Եվ անկախ էլ սերժական լրատվամիջոցների գործունեությունից, հասարակության զգալի մասը բնականից մաշում է իր հույսերը, ընկնում է արդարացի և անարդար կասկածների գիրկը: Մանավանդ որ մեր հասարակությանն այսպես թե այնպես բնորոշ են չափազանցված կասկածամտությունն ու անկայուն հոգեկան վիճակները՝ ոգևորությունից դեպի հիասթափություն կտրուկ ալիքներով: Ամեն դեպքում, սա էլ պետք չէ որպես աշխարհի վերջ ընկալել, քանի որ ամեն բան, ի վերջո, կախված է քաղաքական գործընթացի հետագա՝ այս կամ այն կողմ ծավալվելուց:

Փոխզիջում և փոխվստահություն

Փորձենք հասկանալ նաև քաղաքական գործընթացի դանդաղեցման առարկայական հիմքը: Ցանկացած քաղաքական գործընթաց, որն ընդգրկում է մի քանի հասարակական խմբերի շահերը, մի քանի քաղաքական ուժ, չի կարող կառուցված չլինել փոխզիջման, մյուս կողմից՝ նաև փոխվստահության վրա: Տեմպը դանդաղում է մեկի տեսակետից, իսկ մյուսի տեսակետից այն կարող է նույնիսկ չափից ավելի արագ ընկալվել: Եվ ո՛չ արագացման կողմնակիցը, առանց ձևաչափը ռիսկի ենթարկելու, կարող է պարտադրել իր պայմանը, ո՛չ էլ դանդաղեցման կողմնակիցն՝ իրենը: Հետևաբար՝ անխուսափելի է փոխիզջումը: Բնականաբար՝ փոխզիջումն էլ ունի իր սահմանները, որոնք չեն կարող անվերջ ձգվել: Փոխզիջումն իմաստ ունի այնքան ժամանակ, քանի դեռ ուժի մեջ է բուն գործընթացը, քանի դեռ, անկախ տեմպից՝ նա առաջ է շարժվում, և հնարավոր է ընդհանուր օրակարգի և ընդհանուր նպատակների առաջքաշում: Եթե ուժերից որևէ մեկը պատրաստ է հանուն տեմպի գնալ մինչև վերջ և խզել իր կապերը մյուսների հետ, ապա այդ ուժը պետք է միաժամանակ պատրաստ լինի պատասխանատվություն ստանձնելու իր ուզածին միայնակ հասնելու առումով: Հայաստանում, իհարկե, բազմաթիվ են դեպքերը, երբ որևէ խումբ կամ անհատ անջատվել է ընդդիմադիր ձևաչափերից՝ հանուն իբր ավելի արմատական, ավելի հեղափոխական դիրքերի, բայց բոլորս էլ գիտենք, որ դրանցից ոչ մեկը ոչ միայն խոստացած արագ հեղափոխությունը չի արել, ոչ միայն հայտնվել է քաղաքական գործընթացի մայրուղուց դուրս, այլև, ամենակարևորը՝ գրեթե բոլորը այս կամ այն չափով հայտնվել են իշխանության հետ նույն խաղի դաշտում:

Քառյակում ընդգրկված ուժերից որևէ մեկն այսօր ի զորու չէ լուծել խնդիրները միայնակ: Հետևաբար, քանի դեռ ուժերից որևէ մեկը բացահայտորեն չի խախտել քաղաքական փոխգործակցության կանոնները, չի անցել «թշնամու ճամբար», միակ ելքը մնում է փոխզիջումային համագործակցությունը:

Նահանջելու տեղ չկա

Հիմա կարևորը՝ կանխատեսումը: Ո՞ր ուղղությամբ կընթանան գործընթացները: Ավելորդ է ասել, որ կանխատեսումը բացարձակ լինել չի կարող: Կարող ենք միայն նկարագրել այն սցենարը, որը մեզ առավել հավանական է թվում: Քիչ թե շատ հավանական կանխատեսում կատարելու համար պետք է փորձել նշմարել գործընթացի ներքին տրամաբանությունն՝ այն ներվը, այն ուղղությունը, որով նա շարժվում է: Դա պետք է հիմնված լինի առավելապես առարկայական՝ առանձին անհատների և խմբերի կամքից ու ցանկություններից ոչ այնքան կախված գործոնների վրա: Այլ կերպ ասած՝ պետք է գտնել այն ուժը, որը հրում է և հրելու է գործընթացի մասնակիցներին այս կամ այն ուղղությամբ՝ անկախ նրանց այսօրվա պատկերացումներից՝ իրենց նպատակների և ուզածի մասին:

Պարզ է, որ որևէ գործընթաց չի կարող շարունակվել անվերջ՝ բնության մեջ հավերժ շարժիչներ չկան: Գործընթացը պետք է մի օր գա հասնի այս կամ այն կողմ, որևէ հանգուցալուծման, գագաթնակետին: Որպեսզի հասկանանք, թե ո՛րը կարող է լինել մեզ հետաքրքրող քաղաքական գործընթացի հնարավոր հանգուցալուծումը, պետք է գտնենք գործընթացի շարժիչ ուժը:

Բնական է, որ որևէ տևական և ընդգրկուն քաղաքական գործընթաց չի կարող օդից իջնել, պատահականության կամ քմահաճույքի արդյունք լինել: Եթե այսքան տարբեր քաղաքական ուժեր, ավելին՝ այսքան տարբեր հասարակական շերտեր, ոճեր, մտածողություններ ներկայացնող խմբեր միավորվել են և ամիսներ, եթե չասենք՝ տարիներ շարունակ նույն ուղղությամբ են շարժվում, պատճառը չեն կարող լինել ո՛չ ինչ-որ մեկի գեղեցիկ աչքերը, ո՛չ  անձնական համակրանքն ու հակակրանքը, ո՛չ էլ նույնիսկ մութ ուժերի խորամանկ դավադրությունը: ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի, ապա և՝ քառյակի միասնական օրակարգը կարող էր ձևավորվել միայն միասնական շահերի շուրջ: Եթե Կոնգրեսն ու Ժառանգությունն ի սկզբանե այս իշխանության դեմ էին գործում, ապա ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ի սկզբանե իշխող կոալիցիայի մաս էին: Եթե այսօր վերջին երկուսը անցում են կատարել ընդդիմադիր դաշտ, նշանակում է, որ եղել է նման անցման առարկայական անհրաժեշտություն, շահերի գիտակցում, ծանրակշիռ պահանջ: Իհարկե, սրանք պարզ և ակնհայտ բաներ են, բայց, ցավոք՝ հայաստանյան իրականությունը հաճախ ստիպում է երկար ու բարակ խոսել հենց ամենապարզ բաներից:

Ներկա գործընթացի ներվը, մեխը հենց այստեղ է՝ նախկին կոալիցիոն ուժերի շահերի տարանջատումը իշխող վերնախավի շահերից: Իսկ դա նշանակում է, որ քանի դեռ կա այս ներվը, շահերի այս տարանջատումը, գործընթացը, անկախ իր տեմպի տատանումներից, անկախ վայրիվերումներից՝ պետք է ընթանա միևնույն ուղղությամբ: Սյդ ուղղությունն է՝ տարանջատման, հակասության խորացումը: Սա հիմնականն է, բայց կան և ավելի երկրորդական, թեև ոչ անկարևոր գործոններ ևս: Արվել են քաղաքական այնպիսի՛ հայտարարություններ և քայլեր, որոնք անհնար են դարձնում իրավիճակի շրջելիությունը, օրինակ, նոր կոալիցիայի ձևավորումը ԲՀԿ-ի մասնակցությամբ՝ առանց քաղաքական պրեստիժի լրջագույն կորստի: Միով բանիվ՝ նահանջի տեղ գրեթե չի մնացել: Նահանջը, տվյալ դեպքում, գրեթե հավարազոր է բացարձակ պարտության, կապիտուլյացիայի: Խոսքը խնդրի բարոյական կողմի մասին չէ միայն: Քաղաքականության թե ռազմագիտության մեջ նահանջներն էլ իմաստ ունեն, բայց միայն այն դեպքում, երբ նահանջից հետո հնարավոր է պահպանել սեփական ուժերի միջուկը՝ հետագա գործունեության ակնկալիքով: Բայց եթե նահանջը ենթադրում է բացարձակ պարտություն, ապա այն չի կարող որևէ իմաստ ունենալ՝ բացի այն դեպքից, երբ նահանջողն ընդունում է իր վերջնական պարտությունը: Հետևաբար, եթե իմաստավորված նահանջի ճանապարհները կտրված են, մնում է դեպքերի զարգացման միայն մեկ ուղղություն՝ դեպի հակասության խորացում և վերջնական հանգուցալուծում: Հարցը միայն տեմպն ու մարտավարությունն է:

Վճռական հանգուցալուծումն անխուսափելի է

Իսկ ինչո՞ւ գործընթացի տեմպն, այնուամենայնիվ, ընկավ: Դա էլ, ինչպես մասմաբ նշեցինք, ունի իր առարկայական պատճառները: Գործընթացում մասնակցում են տարբեր խմբեր՝ ոչ միայն քաղաքական ուժեր, այլև հենց խմբեր, որոնք թվով ավելի շատ են, քան չորս ուժերը: Ներկա պահին այդ խմբերից ոչ բոլորի համար է ակնհայտ, որ շահերի հակասությունը հասել է այն աստիճանի, որ անհրաժեշտ է վերջնական լուծում: Դա ժամանակավոր է, քանի որ գործընթացի ընդհանուր տրամաբանությունը բոլորին էլ բերելու է նույն կետի՝ մեկին՝ ուշ, մեկին՝ շուտ: Խնդիրը նաև այն է, որ չգիտակցման, այսպես ասած՝ ռեսուրսն անսպառ չէ: Այն կարող է որոշ ժամանակ պահպանվել արհեստական միջոցներով, բայց շահերի բախման սկզբնական և ավելի խորքային միտումը, միևնույն է, հաղթահարելու է իներցիան: Ինչո՞ւ: Որովհետև Սերժ Սարգսյանը կա՛մ պետք է վերացնի համեմատաբար ինքնուրույն տնտեսական և քաղաքական միավորները, կա՛մ վերանա ինքը: Դա է եղել և մնում Սերժի միակ քաղաքական ռազմավարական ծրագիրը: Եթե չհասնի այդ նպատակին, կպարտվի: Նրան պետք է կապիտալի ամբողջական կենտրոնացում կամ ոչինչ: Եվ դա էլ ոչ թե իր անձնական իդեա-ֆիքսն է միայն, այլ ունի իր խորքային պատճառները՝ երկրի տնտեսական և քաղաքական զարգացման միտումներում, որոնց վերլուծությունը թողնում ենք մասնագետներին:

Ուրեմն՝ գործընթացը կարելի է համարել անշրջելի՝ այն կարող է դանդաղել կամ արագանալ, բայց չի կարող մշտապես մնալ կիսահղի վիճակում:

Իսկ կարո՞ղ է լինել անհաջողություն: Բնականաբար՝ կարող է: Միայն կրետինները կամ պատմությունից 0 ստացածները կարող են մտածել, որ գոյություն ունեն 100 տոկոսանոց երաշխավորված հասարակական գործընթացներ: Հասարակական գործընթացները օրինաչափությունների և պատահականությունների, բանականության և հիմարության, անհրաժեշտության և կամայականության հյուսվածք են: Հետևաբար, խնամքով կազմված մեր այս երկարաշունչ գրվածքի տրամաբանությունն էլ կարող է վայրկենապես փլուզվել, հօդս ցնդել մի ինչ-որ դիպվածի պատճառով՝ սկսած բնական աղետից մինչև մարդկային հիմարություն: Բայց ի տարբերություն գործընթացի օրինաչափ կողմի՝ պատահականն անվերլուծելի է: Մենք փորձեցինք ներկայացնել օրինաչափը, իսկ մնացածը մեր ուժերից վեր է:

Կարող ենք հավելել միայն մի քանի բան: Աշնանը սպասելի է գործընթացի սրացում՝ կապված քառյակի կողմից կառավարությանը ներկայացվելիք պահանջների փաթեթի հետ: Դա կլինի գործընթացի շարունակությունը, որի ընթացքից էլ շատ բան պարզ կդառնա: Հանգուցալուծումը կարող է հասունանալ հենց աշնանը, բայց կարող է հետաձգվել ևս մի որոշ ժամանակով՝ կախված արդեն նկարագրված գործոններից: Համենայն դեպս՝ վերջին ժամկետ կարող ենք համարել սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Եթե դրան զարկ տրվի, ապա ընդդիմությունը պետք է իր ճակատամարտը տա այդ վճռական կետում:

Պարզ է նաև հետևյալը: Ներկա պահին այս գործընթացին այլընտրանք չկա ո՛չ տեսության մակարդակում, ո՛չ էլ գործնականորեն: Այլընտրանքը Սերժ Սարգսյանի հաղթանակն է, գուցե՝ վերջնական, որքանով որևէ քաղաքական հաղթանակ կարող է վերջնական լինել:

 Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Յոաքիմ Լյով. Մենք հատուկ ենք Հայաստանի հավաքականին ընտրել մեր մրցակից’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը հանդիպել է Անջեյ Կասպրչիկի հետ’