‘Խմբագրական. Քաղաքական սահմանազատման ժամանակը’

2119

Չնայած Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել՝ կապված արտաքին քաղաքական զարգացումների հետ, սակայն քաղաքական բաժանման գիծն, ըստ էության, ոչ միայն անփոփոխ է մնում, այլեւ ավելի շեշտվում է՝ սահմանն անցնում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջողների եւ չպահանջողների միջեւ: Եթե մեր հասարակության գոնե այն փոքր՝ առավել ակտիվ եւ քաղաքական զարգացումներով հետաքրքրվող մասն ավելի ուշադիր լիներ, ապա առանց հավելյալ բացատրության պետք է նկատեր քաղաքական խաղի տարօրինակ, կարելի ասել՝ խաղից դուրս դրսեւորումները, որոնք այսօր առկա են:

Առաջին հայացքից՝ բոլորը մտահոգ են եւ դատապարտում են Սերժ Սարգսյանի ձախողված քաղաքականությունը, հատկապես՝ արտաքին ոլորտում, խոսվում է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, պետության նվաստացման, կայացվող որոշումների ոչ թափանցիկության մասին: Ինչպես միշտ՝ ուժգնացել է մեծն հայոց ողբը՝ «նենգ եվրոպացիները մեզ էլի մենակ թողեցին», «նենգ ռուսները մեզ պարտադրեցին» ոճի մեջ, ինչն, ի դեպ, վկայում է այն բանի մասին, որ հայ քաղաքական մտածողությունը զարմանալիորեն նույնն է մնացել կամ էլ վերադարձել է դեպի այն միամիտ կաղապարները, որոնք բնորոշ էին նախորդ դարին: Թվում էր, թե այդ կաղապարներն այդքան կազմաքանդելուց, դատապարտելուց, նույնիսկ ծաղրելուց հետո այլեւս երբեք չեն կարող վերադառնալ, թվում էր, թե գոնե հենց մեր հարեւան երկրների հետ տեղի ունեցածը՝ մեր իսկ աչքի առջեւ, պետք է նորից վերահաստատի այդ կազմաքանդման անհրաժեշտությունը, բայց արի ու տես, որ դրանք շատ ավելի կենսունակ էին եւ սողոսկում են քաղաքական, վերլուծական, հրապարակային խոսքի մեջ: Հայ քաղաքական գործիչը 21-րդ դարի երկրորդ տասնամյակում էլ, զարմացած աչուկները ճպճպացնելով, կարող է հայտնագործել իր համար, որ գերտերությունները «նենգ են», այլ կերպ ասած՝ բարեգործական կազմակերպություններ չեն:

Քննադատության արմատականության եւ պահանջների մեղմության հակասությունը. «նախագահ, մի՛ զիջիր»

Ինչեւէ, կարելի է, որքան ուզես՝ ողբալ հայոց դառը ճակատագիրը, եվրոպացիների եւ ռուսների, ինչու ոչ՝ նաեւ չինացիների ու պարսիկների «նենգությունը» (այդ դատապարտման մեջ ճշմարտության զգալի չափաբաժին, անշուշտ, կա, եթե մի կողմ ենք դնում անճաշակ արեւելյան ռաբիս չափազանցությունները եւ մանկամիտ հիստերիզմը), սակայն այդ ամենը քաղաքականապես ոչինչ է, եթե դատապարտմանը զուգահեռ, ավելի ճիշտ՝ որպես դատապարտման քաղաքական գլխավոր հետեւություն՝ չի հնչում Սերժ Սարգսյանի՝ որպես գլխավոր պատասխանատուի հրաժարականի պահանջը: Մի՛ շտապեք համարել այս պնդումը ծայրահեղական. փորձենք, նախ, հասկանալ դրա հիմնավորումները: Բայց մինչ այդ՝ մի փոքր ավելի մանրամասնենք առկա իրավիճակը:

Քիչ չեն այն քաղաքական ուժերը, խմբերը, անհատները, որոնք խստորեն դատապարտում են Սերժի Սարգսյանի արտաքին քաղաքականության վերջին վայրիվերումները: Տարածվել են պաշտոնական հայտարարություններ, տրվել են մամլո ասուլիսներ, հարցազրույցներ, գնահատականներ եւ այլն: Բայց տպավորություն կա, որ որքան ավելի խստորեն է այս կամ այն ուժը կամ անհատը դատապարտում տեղի ունեցածը, որքան ավելի ծանր է գնահատում հարվածը Հայաստանի ինքնիշխանությունը, որքան ավելի արմատական դիրքերից է քննադատում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այնքան ավելի քիչ են շանսերը, որ նույն այդ դատափետողը, որպես տրամաբանական հետեւություն, իր արմատական քննադատությունից կձեւակերպի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Ոմանք այդ հարցը պարզապես անտեսում են, ոմանք էլ ուղիղ տեքստով ասում են, թե նման պահանջը …վաղաժամ է, ուրիշներից էլ պարզապես ձեն-ձուն չկա: Կարող ենք ձեւակերպել հայաստանյան առկա քաղաքական դաշտի հերթական հակասությունը՝ արտաքին քաղաքականության քննադատականության արմատականությունը համատեղվում է քննադատությունից բխող ներքին պահանջների մեղմությամբ եւ չափավորությամբ («նախագահ, մի՛ զիջիր» փաստացի ոճի մեջ):

Սա, առնվազն, շատ տարօրինակ քաղաքական դիրքորոշում է, լավագույն դեպքում՝ անհետեւողական եւ միամիտ, վատագույն դեպքում՝ կասկածելի: Եկեք ճիշտ հասկանանք իրար: Մեր նպատակն այդ ուժերին մերկացնելը չէ, «կյանք սովորեցնելը չէ», բայց չգնահատել իրականությունը եւ չներկայացնել հանրությանը՝ իրավունք չունենք: Հիմա փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է կարեւոր այս շղթան՝ արտաքին քաղաքական ձախողումների դատապարտումից մինչեւ Սերժ Սարսգյանի հրաժարականի պահանջ:

Խզել Սերժ Սարգսյանի հետ

1. Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի վերջին, այսպես ասած, «տվայտանքներից» հետո, քանի դեռ նա Հայաստանի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, հնարավոր չէ իրավիճակի որեւէ շրջադարձ կամ նույնիսկ մեղմացում՝ ի նպաստ Հայաստանի: Հետեւաբար՝ արտաքին քաղաքական բոլոր ձախողումների դատապարտումը, որքան էլ խիստ ոճով ներկայացվի, վերածվում է որեւէ գործնական արժեքից զուրկ ձեւականության՝ առանց Սերժ Սարգսյանի պատասխանատվության շեշտման եւ նրա հրաժարականի պահանջի: Ավելին. նման դատապարտումները, եթե նայենք իրավիճակին առանց հույզերի եւ սառը դատողությամբ, մնում են Սերժ Սարգսյանի փաստացի, թեկուզ չարտահայտված աջակցման ծիրի մեջ: Ուժերը եւ անհատները, որոնք չեն հատում քաղաքական դիրքավորման այդ սահմանը, փաստացի դեռ հույսեր ունեն Սերժ Սարգսյանի հետ կուլիսային կամ բաց համագործակցության մասով՝ համագործակցություն, որն իրենք հաջողությամբ իրականացնում էին վերջին շրջանում՝ քողարկված կամ բացահայտ կերպով արդարացնելով դա նրանով, թե Սերժը մեզ տանում է դեպի Եվրոպա: Այժմ դեպի Եվրոպա գնացող ճամփան ավելի մշուշոտ է, քան երբեւէ, սակայն կտրուկ խզում Սերժ Սարգսյանի հետ հիշյալ ուժերի մոտ չի նկատվում:

2. Չձեւակերպել Սերժ Սարգսյանի պատասխանատվությունը՝ որպես առանցքային, եւ նրա հրաժարականը՝ որպես հետեւություն իրավիճակից եւ իրավիճակի լուծում՝ նշանակում է ներքուստ չընդունել Հայաստանի ինքնիշխանությունը, համարել Հայաստանը եւ նրա փաստացի նախագահին երկրորդական, անկարեւոր գործոն, եւ հարցերի լուծումը փնտրել երկրից դուրս:

3. Ավելին՝ եթե օրակարգի կենտրոնում ներհայաստանյան խնդիրները եւ լուծումները չեն, եթե արտաքին ուժերի պատասխանատվությունն ավելի է շեշտվում, քան ներքինինը, եթե քաղաքական դիրքավորումը տեղի է ունենում ըստ արտաքին կողմնորոշիչների, իսկ դա այդպես է ստացվում, եթե դատապարտելով արտաքին ուժերին եւ արտաքին քաղաքական ձախողումները՝ չես ձեւակերպում ներքաղաքական հստակ պատասխանատվության խնդիր եւ պահանջ, ապա ստացվում է, որ այդպես վարվողը պատկանում է ոչ թե հայաստանյան քաղաքական դաշտին, ոչ թե հայաստանյան քաղաքական միավոր է կամ գործիչ, այլ օտարերկրյա քաղաքականության ներկայացուցիչ եւ շահի սպասարկող:

Հայաստանյան իրավիճակն այնպիսին է, որ պահանջում է հասարակական ուժերի, շերտերի լայն միավորում եւ զանգվածային հրապարակային քաղաքականություն, իսկ դա, իր հերթին, ենթադրում է հստակ ներքին օրակարգի ձեւակերպում, վերջինս էլ, իր հերթին, նշանակում է, որ քաղաքական ուժերն ու գործիչները պետք է կողմնորոշվեն՝ արդյո՞ք նրանք մնում են «կողմ ըլլալով՝ դեմ ենք» սկզբունքի մեջ, թե՞ խզում են իրենց կապերը Սերժ Սարգսյանի հետ՝ անկախ արտաքին խաղացողների տատանումներից:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ Կոնգրեսն սկսում է քննարկել Սիրիային ռազմական հարված հասցնելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘Marca. Ֆալկաո կամ Լուիս Սուարես՝ եթե Բենզեման չարդարացնի իրեն’