‘Խմբագրական. Քաղաքացիական պատերազմից պետք է խուսափել` ինչպես ժանտախտից ‘

1864

Այս գիշեր Կիևի Մայդանը Ներոնի խելագար քմահաճույքով հրդեհվող Հռոմ էր հիշեցնում: Աշխարհը կարծես անհանգիստ է, բայց աշխարհի թվացյալ, թե անկեղծ անհանգստությունը մազաչափ անգամ չի օգնում, որ Մայդանում զոհերի թիվը տասնյակներ չդառնան:

Աշխարհի զանազան անկյուններում ընթացող արյունալի քաղաքացիական պատերազմներին մեկն էլ ավելացավ. Ուկրաինայում արյուն է հեղվում, եղբայրը սպանում է եղբորը: Եվ եթե նույնիսկ մեր բնակարաններում նստած` դեմքներս վշտից ծվատենք ու մոխիր ցանենք մեր մազերին, մենք ընդամենը դիտորդներ ենք. սա Ուկրաինայի ողբերգությունն է:

Եվ դիտորդներս այս էլ որերորդ անգամ համոզվում ենք, որ բռնակալները երբեք չեն խորշել ու չեն խորշելու արյունահեղությունից: Ու նախապես հայտնի չէ, թե դրա համար քանի քաղաքացու կյանք կխլեն` տասը, հարյուր տասը, հազար տասը, թե տասը հազար: Որքան հարկ լինի և որքան կկարողանան` այնքան էլ սպանում են և կսպանեն: Նույնքան անորոշ է, թե որքան կտևի արյունահեղությունը` օրե՞ր, ամիսնե՞ր, թե տարիներ, և այդ օրեր, ամիսներ ու տարիներ անց իշխանություննե՞րը կհաղթեն, թե պայքարի ելածները: Եվ եթե նույնիսկ պայքարի ելածները հաղթեն, արդյո՞ք այդ քաոսային իրավիճակում հենց պայքարի ելածների ցանկացած մարդիկ իշխանության ղեկին կհայտնվեն, թե նախկիններից ավելի արնախումները:

Նույնիսկ մեկ ծառի ճյուղ չկոտրած, բայց տասը անմեղ զոհ տված հայաստանցիներս սրտի ծակոցներով ենք հետևում Կիևում ծայր առած եղբայրասպանությանը, և նրանք, ովքեր բահի կոթերով Բաղրամյան 26-ը գրոհելու կոչեր են անում ու քամահրանքով են վերաբերվում ամեն գնով անցնցում պայքարի, իշխանության հոգեվարքը հետևողականորեն խորացնելու կողմնակիցներին,  գուցե գիտեն, թե Հայաստանում ինչպես են բահի կոթերը հաղթելու ամեն ինչի ընդունակ Հայաստանի հանցագործ իշխանություններին, որոնց ճորտի բթությամբ ենթարկվում է ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ բանակի ղեկավարությունը:

Գիտեն ու չեն ասում` ոչինչ. գուցե չեն վստահում պայքարի այդ ճանապարհը չողջունողներին: Սակայն, անհասկանալի է` եթե գիտեն, ապա ու՞մ են սպասում, ինչու՞ չեն զինվում փայտերով ու ազատագրում Հայաստանը: Չեն զինվում ու չեն ազատագրում, որովհետև վստահ են, որ զոհե՞ր են լինելու, և նույնիսկ մեր այս անտանելի կյանքը քա՞ղցր է, ու չե՞ն ուզում այդ զոհերն իրենք լինել, գերադասելի է, որ ուրիշնե՞րը լինեն, իսկ իրենք ողջ-առողջ ասքե՞ր հյուսեն հերոս մեռյալների մասին:

Սեփական հնարավորությունները սառնասրտորեն հաշվարկող ընդդիմադիրները պնդում են, որ հետևողականորեն պետք է ջլատել գլխի ու հետույքի տեղերը խառնած, ժամ առ ժամ իրենց իսկ կուտակած աղբի մեջ խրվող ավազակախմբի ուժերը և ամեն գնով խուսափել արյունահեղությունից: Բահի կոթերով հեղափոխության կոչ անողները ծաղրում են այս ճանապարհն ընտրողներին, և սրանց մի մասը դեռևս Հայաստանի իրենց բնակարանների բազկաթոռներին է բազմած, մի մասն էլ` հողագնդի տարբեր ծագերում` բազմոցներին է փռված:

Մենք, իհարկե, մեր սեփական մաշկի վրա զգացել ենք, որ այս իշխանությունները կարող են սպանել նաև վրաններում խաղաղ քնած ցուցարարներին, և չի բացառվում, որ անցնցում պայքարի կողմնակիցները նույնպես զոհեր տան, ինչպես եղավ մարտի 1-ին, երբ իշխանությունները զգացին, որ հողը փախչում է իրենց ոտքերի տակից, բայց մի բան պարզ է և անվիճելի` քաղաքացիական պատերազմը ցանկացած հասարակության ամենասոսկալի ողբերգությունն է, որից պետք է խուսափել` ինչպես ժանտախտից կխուսափես:

 Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Կիևում զոհվել է «Вести» թերթի լրագրողը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը Կիևից. Հայրը և որդին բախումներից հետո’