‘Խմբագրական. Օֆշորի Տիգրանն ու հասարակության ինքնակազմակերպումը’

1777

Դժվար է ասել, թե ինչո՞ւ են մարդիկ զարմանում վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխաններից պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցերին (ով ծանոթ չէ, կարող է ծանոթանալ այս կարճ հոլովակից): Վերջը՝ մարդը, գուցե կյանքում առաջին անգամ, առանց երկար-բարակ լոլոների, ուղիղ եւ անկեղծ պատասխան է տվել: Որ դես ու դեն տաներ, կյանքը պատմեր, ասելու էինք՝ ցրեց, չէ՞, «կռուտիտ» եղավ: Դե հիմա, մարդը վաստակել է ուղիղ դեմքներիս ճպցնելու իրավունքը: Ցինիզմի՞ց ենք զարմանում: Բայց ինչո՞ւ ՀՀ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա պետք է ցինիկ չլինի: Ինչի՞ հիման վրա, ինչի՞ շնորհիվ, ո՞ր անհրաժեշտությունից դրդված, հասարակական ո՞ր պահանջարկից ելնելով, ուժի ի՞նչ հարաբերակցությունից բխած: Գուցե ասենք՝ ելնելով մարդկային որակներից, դաստիարակությունից, կրթությունից, բարի կամքից, մեր կամ իր սիրուն աչուկներից, ինչ-որ այլ նման հիմնավորմա՞մբ: Ժամանակն է մոռանալ, որ քաղաքականության մեջ դրանք կարող են վճռորոշ դեր կատարել: Հասարակության մեջ միշտ էլ կգտնվեն ինչ-որ քանակի մարդիկ, որոնք կառաջնորդվեն բարոյական բարձր սկզբունքներով, բայց որեւէ հասարակության մեջ դրանք երբեք չեն կազմել եւ չեն կարող կազմել այն քանակը, որպեսզի հույսը դնենք այդ որակների եւ նրանց կրողների վրա: Առավել եւս Հայաստանում դա չի կարող լինել. որտեղի՞ց մեր հասարակությունը պետք է ծնի եւ դաստիարակի սկզբունքային մարդկանց բավարար քանակ, եթե նա չունի դրա համար ո՛չ բավարար չափով խորքային ավանդույթ, ո՛չ հասարակական հաստատություններ, ո՛չ էլ հասարակական մթնոլորտ կամ քաղաքական իրավիճակ: Բայց նույնիսկ եթե այդ ամենի հետ կապված խնդիրներ չունենայինք, միեւնույն է, հասարակական հարաբերություններում վճռորոշ է ուժային կոնկրետ հարաբերակցությունը, որն էլ կարող է կա՛մ ստիպել իշխանություն կրողին ավելի զգույշ, շրջահայաց եւ ազնիվ լինել, կա՛մ էլ ամենալավ «տղուն» կարող է վերածել ցինիկ, փչացած չինովնիկի:

Օֆշորի Տիգրանը չի՞

Չմոռանանք, որ Տիգրան Սարգսյանն այն մարդն է, որը կարողացել է երկրի վարչապետ մնալ աննախադեպ կոռուպցիոն սկանդալից հետո (օֆշորային հաշվի հայտնի դեպքը): Պատահական չէ, որ այդ դեպքն աննախադեպ կոչեցինք, որովհետեւ որքան էլ միշտ խոսվել է ՀՀ պաշտոնյաների կաշառակերության, փչացածության մասին, սակայն դժվար է հիշել մի դեպք, երբ այդ խոսակցությունները նման կարգի հիմնավոր ապացույց ունենային: Եվ եթե նման դեպքից հետո մարդը մնացել է վարչապետի պաշտոնում, ուրեմն հասարակությունը չունի նույնիսկ այնքան ներուժ, որպեսզի ստիպի պաշտոնատար անձին հրաժարական տալ կամ թեկուզ ձեւի համար արդարանալ նույնիսկ այդպիսի ակնառու դեպքերում: Բնական է, որ նման սկանդալից չոր դուրս եկած մեկը կարող է ոչ միայն հանգիստ խղճով թամադայություն անել ընդդիմադիր համարում ունեցող գործիչների քեֆերին, ոչ միայն շարունակել «կիրթ» տղայի համբավը վայելել, այլեւ ցանկացած հրապարակային ցինիզմ իրեն թույլ տալ, իսկ ցինիզմի աստիճանը, տեղը, վայրը, անհրաժեշտությունը որոշելու է ինքը, ծայրահեղ դեպքում՝ իր շեֆը, բայց ո՛չ երբեք զարմանալու կարողությունը դեռ չկորցրած մեր հասարակությունը:

«Կրթվածներն» ու «քյարթոները»

Ի դեպ, Տիգրան Սարգսյանի կերպարը հենց ինքն իրենով լավագույն ապացույցն է, կենդանի օրինակն առ այն, որ «կիրթ տղերքի», «գրագետների» մասին տարածված պատումը, համաձայն որի՝ իբր գալով իշխանության եւ հաղթելով չար, մականունավոր, անկիրթ տղերքին եւ այլ դիվական ուժերի ներկայացուցիչներին, նրանք («կրթվածները») տանելու են մեզ դեպի լուսավոր ապագա՝ ընդամենը հեքիաթ է մեծահասակների համար եւ մեր հասարակության միամտության, եթե չասենք՝ տհասության վկայությունը: Տհասություն, որը կարծում է, թե հասարակական կյանքում վճռորոշ է ոչ թե հասարակության եւ իշխանության, նաեւ՝ հասարակական տարբեր շերտերի միջեւ եղած ուժային փոխհարաբերությունը, այլ ինչ-որ անհատական հատկանիշներ, այն էլ, մեծ հաշվով՝ անորոշ ու անսահմանելի: Իհարկե, կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանը եւ իշխանության մեջ սողոսկած նրա նման էլի մի քանի «կիրթ», «երիտասարդ» ու «առաջադեմ» դեմքերը, «քաղաքի տղերքը», այսպես ասած՝ «ողջամիտ երիտթեւն» իրականում կիրթ չեն, ա՛յ, որ իրապես կիրթ ու գրագետ՝ «կարգին» մարդիկ գան իշխանությա՜ն….: Բայց դա նույն միամտության շարունակությունն է: Տիգրան Սարգսյանն ու մյուսները ոչնչով ավելի վատը կամ ավելի լավ չեն հայաստանյան միջին «կիրթ» զանգվածից՝ ոչ ավել են, ոչ պակաս իրենց գիտելիքներով կամ աշխարհի մասին պատկերացումներով: Նրանք, կարելի է ասել, հայաստանյան կիրթ խավի միջին ներկայացուցիչներն են, եւ եթե գավառական են ու իրենց հավակնություններին անհամարժեք, ապա այնքանով՝ որքանով նույնն է միջին հայաստանյան «կիրթը», իսկ եթե ինչ-որ դրական որակների կրող են, ապա նույնպես այնքանով՝ որքանով….: Կարելի է երկար վիճել նրա մասին, թե ում հետ է ավելի հաճելի  շփվել կամ քեֆի սեղանի շուրջ նստել՝ Տիգրան Սարգսյանի՞, թե՞ Հովիկ Աբրահամյանի, Միքայել Մինասյանի՞, թե՞ Սամվել Ալեքսանյանի, բայց ինչ պատասխան էլ ստանանք նման խիստ գիտական բանավեճի արդյունքում, այդ պատասխանը վերաբերում է զուտ կենցաղային ոլորտին, իսկ հասարակական տեսակետից այդ ամենը տասներորդական նշանակության գործոններ են: Հասարակությունն, իհարկե, որոշ դեպքերում կարող է եւ պետք է օգտագործի իշխանական «կիրթ» եւ «քյարթ» թեւերի պայքարը՝ հանուն իր շահերի, բայց դա չի ենթադրում որեւէ գեղարվեստական զեղում, որեւէ համակրանք նրանցից որեւէ մեկի նկատմամբ, ոչ էլ հույս, որ դրանցից մեկի վերջնական հաղթանակը բերելու է ցանկալի արդյունքի:

Արանքում էլ՝ չաղ ու բախտավոր

Այստեղ թվացյալ հակասություն կա: Մի կողմից՝ Տիգրանից Սարգսյանից տասնապատիկ ավելի կիրթ տղերք էլ եթե լինեն այսօրվա իշխանական համակարգի վերեւում, միեւնույն է, նրանք գործելու են այնպես, ինչպես գործում է նա: Նույնը վերաբերում է իշխանության «քյարթո» հատվածին՝ նրանցից հազարապատիկ ավելի «ճշտով» տղերքն էլի նույն անթասիբն են լինելու ցանկացած հերթական «սերժի» առջեւ: Իսկ մյուս կողմից էլ՝ այլ համակարգի դեպքում, որը կձեւավորվի եւ կգործի հասարակական ճնշման արդյունքում, ե՛ւ Տիգրան Սարգսյանը կարող է լինել օրինապաշտ պաշտոնյա, ե՛ւ «բոբո» «մականունավորները»՝ օրինապաշտ ձեռներեցներ: Ճիշտ է, հեշտ է ասել՝ հասարակական ճնշմամբ, եւ տասնապատիկ ավելի դժվար է դրան հասնել, բայց այլ ելք հասարակագիտությունը եւ մարդկության փորձը չի առաջարկում:

Առաջնային խնդիր պետք է դառնա հասարակության ինքնակազմակերպումը (դա կարող է լինել բազմակենտրոն կամ միակենտրոն՝ կարեւոր չէ), ուժի կենտրոններ ձեւավորելը, աշխատանքային ոճի անցնելը: Հասարակությունը կարող է ունենալ, որպես առավելագույն նպատակ՝ իշխանափոխությունը, Սերժի հրաժարականը, որն առանցքային եւ իրավիճակ ձեւավորող քաղաքական պահանջ է, բայց հընթացս չպետք է մոռանալ նաեւ իրապես աշխատող կառույցների ձեւավորման մասին, որոնց համատեղ ճնշումը կարող է թեկուզ տեղական նշանակության ուժային հարաբերություններ փոխել: Դա՛ պիտի լինի հայաստանյան «միջին դասի»՝ մտավորականության, ձեռներեցների, մյուսների մտածմունքն ու զբաղմունքը, այլ ոչ թե մի ծայրահեղությունից մյուսն ընկնելը, օրը մեջ նոր հերոս փնտրել, գտնել ու «հիասթափվելը», քնարական զեղումներով դաշտը լցնելը, մանր վեճիկների հրահրումը, հեղափոխական թեմաներից մեծ-մեծ խոսելը, քֆուրը քաղաքական արմատականության տեղ սաղացնելը, տղա-տղա խաղալը (հատկապես՝ ուրիշի տղայության հաշվին), արանքում էլ չաղ ու բախտավոր ապրելը: Եթե այս ամբողջ հույժ կարեւոր գործունեության փոխարեն մենք գոնե մեկ հատիկ լուրջ կառույց ձեւավորեինք կամ էլ լծվեինք արդեն եղածների ուժեղացման գործին, արդեն այսօր կարող է տարբերվող իրավիճակ ունենայինք: 

Նախորդ հոդվածը‘Ամերիկացիների մեծ մասը գերադասում է, որ ղեկավարը տղամարդ լինի’
Հաջորդ հոդվածը‘Սեւանա լճում կորած ձկնորսները դեռ չեն գտնվել’