‘Խմբագրական. Serzh Sargsyan is all in’

3198

Սերժ Սարգսյանը վստահաբար պատրաստ կլիներ մեծ գին վճարել, միայն թե հնարավորինս հեռացներ առաջիկա աշունը: Ու ոչ միայն նրա համար, որ ընդդիմությունը նախապատրաստում է կոնսոլիդացված բողոքի ալիք մատուցել նրան: Այլև՝ քանի որ այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակի նրբությունն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը դարձել է ներքաղաքական-հակաիշխանական գործընթացների լուրջ կատալիզատոր: Ժամկետներով սահմանափակված ՝ Սերժ Սարգսյանը ստիպված է (դուխը հերիքելու պարագայում) զարկ տալ սահմանադրական «բարեփոխումների» գործընթացին, ինչը ոչ այլ ինչ է, քան բենզինի հերթական մեծ չափաբաժինը լցնել ներքաղաքական կրակի վրա: Ստիպված է, որովհետև ուշացնելու պարագայում Սերժ Սարգսյանը կարող է և չհասցնել իրականացնել սեփական փափագը՝ շարունակել իշխել Հայաստանում, արդեն անժամկետ: Առանց այդ էլ նա մեկ անգամ արդեն գնաց այդ քայլին՝ հանդիպելով քաղաքական ուժերի գրեթե միահամուռ հակազդեցությանը:

Հիմա իշխանությունը լուրջ դեմքով մոբիլիզացրել է իշխանական ու պրոիխշանական՝ բառիս բուն իմաստով դեմքերի (չթվենք անունները՝ ընթերցողի տրամադրությունը չփչացնելու համար), ովքեր, լարելով դիմածնոտային մկանները, փորձում են ազգին համոզել, որ հայաստանյան հասարակությունում սահմանադրական փոփոխությունների լրջորեն հասունացած պահանջ կա: Սրան են լծված նաև իշխանական քարոզչամիջոցները, ում թույլատրված է Սերժ Սարգսյանի մասին գրել ամենայն բացասական բան՝ պայմանով, որ բոլոր հնարավոր միջոցներով անընդհատ տաք պետք է պահեն սահմանադրական բարեփոխումների թեման և այն ներկայացնեն դրական լույսի ներքո: Ավելին, երբ ուսումնասիրում ենք անցած շաբաթների և նույնիսկ ամիսների իշխանական քարոզչամեքենայի, ինչպես նաև վարչախմբի հրապարակային հայտարարությունները, ապա պարզ է դառնում, որ նրանց մտահոգող թեման բացառապես «բարեփոխումներն» են, և միայն այս թեման է, որ վարչախմբի վրա ունենում է նույնպիսի ազդեցություն, ինչպես կարմիր լաթը՝ ցլի: Մնացած հարցերի վրա իշխանությունը խորապես թքած ունի: Արտաքին քաղաքական մտահոգիչ զարգացումնե՞ր, Ղարաբա՞ղ՝ ախպո՛ր պես… սահմանային գնդակոծություննե՞ր՝ դե լա՛վ հա… աղքատության ա՞ճ՝ դրանց էդքա՛նն էլ շատ է… վերմակ-դոշակով արտագա՞ղթ՝ да ради Бога, ինչքան շատ գնան, այնքան դժգոհողների թիվը կպակասի:

Սերժ Սարգսյանը, իր վարքագծին հոգեհարազատ՝ խաղասեղանին է դրել ամեն բան, ինչ կապված է Հայաստանի հետ ու նրա ապագայի վրա կարող է ունենալ ճակատագրական հետևանք, և ցանկանում է շահել իր սեփական ապագան՝ հարատև իշխանություն՝ թեկուզ ավերակների վրա: Սա նման է այն մարդուն, ով իր առօրյա բարեկեցությունն ապահովում է տան կահ-կարասին, ընտանիքի անդամների արժեքավոր իրերը և, ի վերջո, տունը, մեքենան վաճառելու միջոցով: Թե ինչ անուն ունի այս երևույթը հոգեբանության մեջ, դժվար է ասել, բայց իրավաքաղաքական ոլորտում այս ամենին տրված է հստակ գնահատական՝ պետական դավաճանություն ամփոփ եզրույթով:

Սերժ Սարգսյանի վարչախմբի այս օպերացիան դասական տրագիկոմեդիայի ժանրից է: Կոմեդիա, որովհետև դրա իրագործումը արվում է քաղաքականապես, մասնագիտորեն անգրագետ ու պարզունակ ձևով, ամեն մի ելույթով նախորդ ելույթին հակասելով ու սեփական ստերի մեջ խճճվելով, ինչպես նաև ժողովրդի արգահատանքը վաստակած գագիկհարությունյանների միջոցով: Տրագեդիա, որովհետև մի քանի տասնամյակ անց, երբ հաջորդ սերունդները կուսումնասիրեն Հայաստանի այս օրերի պատմությունը, կտեսնեն, որ Հայաստանում առկա էր գրեթե պատերազմական վիճակ, զանգվածային արտագաղթ ու դատարկ սահմանամերձ գյուղեր, համակարգային կոռուպցիա, ընտրությունների կեղծում, արտաքին քաղաքական նվաստացուցիչ վիճակ… իսկ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ պայքարում էր Սահմանադրության դեմ: Մի բանի, որ ոչ մի մեղք չունի վերը թվարկված դժբախտություններում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում արևային էլեկտրաէներգիայի օպտիմալ սակագինը կարող է լինել 50-70 դրամը’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան ընկել է ձորն ու այրվել. ուղեւորներից մեկը մահացել է’