‘Խմբով ծեծել են պաշտոնանկություններ պահանջող քաղաքացուն’

927

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ չորեքշաբթի երեկոյան Երևանի քաղաքապետարանի տարածքից տուն գնալու ճանապարհին՝ Մաշտոցի պողոտայի վրա, հաղթանդամ, սևազգեստ անձինք հարձակվել են երիտասարդ ակտիվիստ Արման Ալեքսանյանի վրա: 

Ալեքսանյանի ընկերների փոխանցմամբ՝ ծեծողները եղել են 10-15 հոգի: Երիտասարդը ստացել է վնասվածքներ: Դիմել է ոստիկանություն՝ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան ասաց, թե ոստիկանությունը դեռ «նյութեր է նախապատրաստում»:

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին և «Երևանտրանս» ընկերության տնօրենին պաշտոնանկ անելու պահանջով 42-րդ օրը շարունակվող ակցիայի մասնակիցների վրա հարձակումների շարք սկսվեց օգոստոսի 25-ից: Այդ գիշեր 7 երիտասարդներ ծեծել էին բողոքի ակցիա իրականացնող Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին, նրանք ստացել էին վնասվածքներ: 11 օր առաջ տեղի ունեցած միջադեպի հետևանքով դեռ քրեական գործ չի հարուցվել:

3 օր առաջ էլ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին գիշերը ոչ սթափ վիճակում թքել էր ակտիվիստների ուղղությամբ, հայհոյել էր և հեռացել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ հետևանք կա այդ միջադեպի կապակցությամբ, Երևանի ոստիկանապետն ասաց՝ Հենրիկ Նավասարդյանի տրանսպորտային միջոցը տուգանային հրապարակում է: Իսկ թքելու և հայհոյելու իրավական հետևանքն այս պահին դեռ չկա:

Նախորդ հոդվածը‘Հանուն անկախության կամ նորից դեպի Հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը 14 տարեկանում «Ռեալ Մադրիդի» խաղացող էր’