‘Խնդիրներ՝ կապված ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների ընտրությունն իրականացնող հանձնաժողովի հետ ‘

1439

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը առանձնացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների  ընտրության և ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի հետ կապված մի շարք խնդրիներ:

Հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ խնդիրներից կարեւորագույնը դիմումատուների անունները գաղնտի պահելն էր, ինչը հիմնավորվում էր դիմումատուների դիմումներով՝ իրենց անունները չհրապարակելու մասին: «Այս պարագայում հարց է առաջանում, թե արդյո՞ք այժմ առկա է նրանց համաձայնությունը՝ առ այն, որ անունները հրապարակվեն»,- նշեց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, որ մրցութային հանձնաժողովի ընտրությունը վերջնական չէ (ՀՀ Նախագահի 2014թ. օգոստոսի 02-ի ՆՀ- 199 -Ն հրամանագրի հավելված 1-ին բաժին, 2-րդ կետ, 2-ին բաժին, 5-րդ կետ, 5-րդ ենթակետ):

«Նշեմ, որ չեն ներկայացվում դիմումատուների դիմումների գրանցման համար վարվող գրանցամատյանի պատճենը և դիմումատուների ներկայացրած փաստաթղթերը, ինչպես նաեւ չկա սահմանված կարգ՝ թափանցիկությունն ապահովելու և մրցույթը դիտարկելու վերաբերյալ, վերջնական չէ մրցութային հանձնաժողովի ընտրությունը, իսկ մինչեւ հարցազրույցի փուլը ո՛չ հանձնաժողովի, ո՛չ աշխատակազմի աշխատանքները թափանցիկ չեն: Տեղեկացնեմ նաեւ, որ սեպտեմբերի 11-ին մենք դիմում էինք ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ընտրության գործընթացը դիտարկելու ցանկության մասին, իսկ այսօր՝ ժամը 10:25-ին, կրկին դիմեցինք հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու խնդրանքով, իսկ ժամը 11:20-ին հեռախոսազանգի միջոցով պահանջեցինք հայտնել՝ արդյո՞ք նիստ կայանալու է, թե ոչ, եւ եթե այո, ապա՝ որտեղ և ժամը քանիսին: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ նիստը արդեն սկսվել է՝ առանց տեղեկացնելու, թե որտեղ է այն հրավիրվել: Այնուհետեւ մեզ խնդրեցին ավելի ուշ զանգահարել»,- ասաց Լուսինե Հակոբյանը՝ նշելով, որ 15 րոպե անց զանգահարելուց հետո նիստն արդեն ավարտվել էր:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ի Հայաստանի դատավորների թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն էր, իսկ արդարադատության նախարարությունը թեկնածուների ցանկը հրապարակեց միայն սեպտեմբերի 27-ին՝ պատճառաբանելով, որ առաջադրված թեկնածուները չէին ցանկանում, որ իրենց անունները ավելի վաղ հրապարակվեն:

Նախորդ հոդվածը‘Լ. Զուրաբյանը ԼՂ հարցով աջակցության համար դիմել է ԵԽԽՎ ALDE խմբին (նամակ)’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի’