‘Խնջույքը վերածվել է վիճաբանության. Սպանվել է 26-ամյա երիտասարդը, որի հարազատները ծեծել են մահը արձանագրած բժիշկներին’

2335

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ։

Ինչպես նշվում է քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ավետիքի Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ա.Ադանալյանի բնակության վայր հանդիսացող տնակում 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում,  կազմակերպվել է խնջույք, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը կտրող-ծակող առարկայով դիտավորությամբ հարվածել է Արտյոմ Ադանալյանի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կրծքավանդակի խոռոչ թափանցող կտրած-ծակած վնասվածք, որի հետևանքով Արտյոմ Ադանալյանը մահացել է:  

Կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, վերցվել են մի շարք նմուշներ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։

Նշենք, որ Արտյոմ Ադանալյանի մահից հետո ծեծի են ենթարկվել մահացածին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի անդամները, այս մասին գրում է ԳԱԼԱ-ն: Գյումրու շտապբուժօգնության կայանի բժիշկ Սուրեն Հարոյանը կայքի հետ զրույցում պատմել է, որ երբ իրենք հասել են  նշված հասցեն, տղան արդեն մահացած է եղել և անմիջապես արձանագրել են մահը:

Կանչը սպասարկող խմբի բուժքույր Լամարա Սարգսյանն էլ ԳԱԼԱ-ի հետ զրուցում պատմել է, որ չնայած նրան, որ անմիջապես հասկացել են, որ երիտասարդը մահացած էր, բայցևայնպես կես ժամ շարունակ մահացած տղային օգնություն են ցուցաբերել, քանի որ տանը լարված մթնոլորտ է տիրել.

«Մենք կանչը սպասարկել ենք անմիջապես. հասցեն՝ Շիրակշին բանավան 227/ 106, մեզ դիմավորեցին ծեծկռտուքով, տղան, որը մեզ դիմավորելու էր, և որի դեմքը արյունոտված էր, բացեց մեքենայի  դուռը և հարվածեց վարորդին, ձեռքի երկաթե ձողով էլ շարունակեց մեքենային հարվածել: Բայց մենք  ուժ հավաքեցինք ու մտանք ներս, տեսանք, որ երիտասարդը մեջքի վրա պառկած էր,  մոտեցանք, և բժիշկը անմիջապես արձանագրեց,  որ մահացած է»:

Բուժքրոջ խոսքով՝ հարվածել են գլխին այն պահին, երբ ինքը ներարկիչով դեղն էր քաշում սրվակից: Կես ժամ հետո հիվանդի բնակարան են այցելել ոստիկանության աշխատակիցները, իսկ հիվանդատերերը, չվստահելով շտապ օգնության աշխատակիցներին, տղային տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ դարձյալ արձանագրել են, որ երիտասարդը մահացել է:

Նախորդ հոդվածը‘Մամեդյարով. Ադրբեջանը պատրաստ է սկսել աշխատել խաղաղության մեծ պայմանագրի նախագծի շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները վիրավորել եւ նսեմացրել են քաղաքացուն’