‘
ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու կարծիքով՝ եթե Ինտերպոլի ղեկավար ընտրվի Ալեքսանդր Պրոկոպչուկը, ապա Մոսկվայի ներկայացուցիչը պատրաստ կլինի ցանկացած գործողությունների՝ Կրեմլի հրահանգով:
«Չեմ կարծում, թե ինձ, այդ նշանակման հետ կապված՝ որևէ վտանգ է սպառնում: Ես բավական հայտնի մարդ եմ, և իմ գործն էլ է բավական հայտնի: Բայց կան տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր այլ մարդիկ, որոնք Պրոկոպչուկի ընտրության դեպքում կարող են թիրախ դառնալ՝ ինչպես քաղաքական, այնպես էլ կոմերցիոն նկատառումներով: Նրանք կարող են հետապնդվել և հրապարակային պաշտպանության շատ ավելի պակաս հնարավորություն կունենան»,- ասել է Խոդորկովսկին:
Այն մասին, որ Ռուսաստանի ՆԳՆ վետերան, գեներալ Պրոկոպչուկը այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն է, անցյալ շաբաթ տեղեկացրել է բրիտանական Times-ը:
Պրոկոպչուկի ընտրությունը կլինի միջազգային ասպարեզում Ռուսաստանի նշանակալի հաջողությունը: Սակայն մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ և պաշտոնատար անձինք տարբեր երկրներում հանդես են եկել այդ ծրագրի քննադատությամբ՝ հայտարարելով, որ Պրոկոպչուկի ընտրությունը կարող է հանգեցնել Կրեմլի քննադատների նկատմամբ հետապնդումների մեծացմանը այդ երկրի սահմաններից դուրս: Ամերիկյան մի խումբ սենատորներ հայտարարել են, թե դա նույնն է, ինչ աղվեսին հավանոցի պետ նշանակել:
Հ.Գ. Twitter-ում Ինտերպոլի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (հայտնի՝ որպես Ինտերպոլ) նոր ղեկավար է դարձել Ինտերպոլի նախագահի պաշտոնակատար, հարավկորեացի Կիմ Չոն Յանը: Ընտրությունները կայացել են Դուբայում Ինտերպոլի 87-րդ գլխավոր նստաշրջանի շրջանակներում:
Փոխանցում է BBC-ն:
‘