‘
«Ես խոնարհվում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի առաջ, նրանք պատմական գործողություն են իրականացրել ՝ պաշտպանելով ողջ հայ ազգի արժանապատվությունը»,- այսօր «1in.am»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը` արձագանքելով գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի վերջերս տված հարցազրույցի մի շարք դրվագների:
«Վազգեն Սարգսյանն ինձ երբեք որևէ տգեղ բառ չի ասել, թեև ես չէի էլ ստեղծում այնպիսի մթնոլորտ, որ որևէ մեկն ինձ որևէ տգեղ բառ ասեր. չէ՞ որ մենք ԶՈւ էինք ձևավորում և անցկացրինք բանակային հակահարձակողական գործողություն ու ազատագրեցինք մեր հողերը: Ոչ մի անգամ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Վազգեն Սարգսյանն ինձ որևէ վատ խոսք չեն ասել, իսկ ես՝ առավել ևս: Նախ՝ ես իրավունք չունեի, քանի որ նրանք ղեկավար անձինք էին:
Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը չափազանց նրբանկատ, բարձր կազմակերպվածությամբ, ջենտլմենական մոտեցում ունեին, և ես խոնարհվում եմ նրանց առջև: Ես այս մասին հայտարարում եմ պաշտոնապես»,- նշել է նա:
‘