‘Խոշոր ահաբեկչություն՝ Գրոզնու կենտրոնում’

1281

Կիրակի երեկոյան Գրոզնու կենտրոնում՝ համերգային դահլիճի մուտքի մոտ, որտեղ կայանալու էր Քաղաքի օրվան նվիրված համերգ, տեղի է ունեցել հզոր պայթյուն. մահապարտ ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել, երբ մետաղորսիչների մոտ կանգնած ոստիկանները որոշել են ստուգել նրա փաստաթղթերը: Պայթյունի արդյունքում, նախնական տվյալներով՝ հինգ ոստիկան զոհվել է, ևս ութը վիրավորվել են:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքով՝ եթե ռումբը պայթեցվեր համերգի ընթացքում, ապա զոհերի թիվը շատ մեծ կարող էր լինել: Նա նաև նշել է, որ ահաբեկիչը զինված է եղել ատրճանակով և իրավապահներին ներկայացել է որպես ոստիկան: Կադիրովը խոստացել է գտնել ահաբեկչի օգնականներին: «Ուզում եմ հավաստիացնել, որ պայթյունի հետ կապ ունեցողներից ոչ մեկը չի խուսափի դաժան պատժից», -իր ինստագրամում նշել է Կադիրովն այսօր առավոտյան:

Ահաբեկչի ինքնությունն արդեն պարզվել է. դա Գրոզնու 19-ամյա քաղաքացի  Օպտի Մուդարովն է: ՆԳՆ տվյալներով՝ երկու ամիս առաջ նա հեռացել էր տնից, և հարազատները չգիտեին նրա գտնվելու վայրի մասին: Պայթյունի արդյունքում ահաբեկիչը նույնպես զոհվել է: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնը ներգաղթյալների համար ամենահրապուրիչ քաղաքն է’
Հաջորդ հոդվածը‘«Մարդկային աշտարակների» մրցույթ՝ ի պաշտպանություն Կատալոնիայի անկախացման ‘