‘Խոշոր արտահանողների համար շահութահարկը 10 անգամ կիջեցի’

952

Ազգային ժողովը մարտի 3-ի արտահերթ նիստում ձայների 68 «կողմ», 11 «դեմ» և 23 «ձեռնպահ» հարաբերակցությամբ  երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություն և լրացումներ է կատարել «Շահութահարկի մասին» օրենքում: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի խոսքով, կառավարությունն առաջարկում է խոշոր արտահանողների համար շահութահարկի գործող 20% տոկոսադրույքը նվազեցնել մինչև 2%: Ըստ Միրումյանի, խոսքը վերաբերում է այն ընկերություններին, որոնք կարող  են արտահանման լրացուցիչ ծավալներ ապահովել: Այդ միջոցառումը կտարածվի այն ընկերությունների վրա, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին: Մասնավորապես, Հայաստանի ռեզիդենտը պետք է ունենա արտադրանքի և ծառայությունների արտահանման ծրագիր, որի արժեքը պետք է կազմի առնվազն 50 մլրդ դրամ:  Այդ միջոցները պետք է ֆիքսված լինեն Հայաստանի առևտրային բանկերից մեկում: Ընդ որում, թույլատրվում է արտահանում իրիականացնել նաև 40 մլրդ դրամ  ծավալի դեպքում, սակայն այս պարագայում հարկի տոկոսադրույքը կկազմի 5%: Բացի այդ, արտահանողներն արտոնություններ կունենան` պայմանով, որ շահույթ ստանան ոչ հանրապետության բուն տարածքում: Հայաստանի կառավարությունը յուրաքանչյուր նման ծրագրի վերաբերյալ առանձին որոշում կկայացնի: Բացառություն կկազմեն լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկությունները: Ընդ որում չի բացառվում մի քանի ընկերությունների միավորումը` շահութահարկի տոկոսադրույքի նվազեցման նպատակով:

Վերը նշված 40-50 մլրդ դրամը հաշվարկելիս հաշվի կառնվեն նաև ծառայությունները: Սակայն կառավարությունը նաև կսահմանի ներմուծվող ապրանքների եռամյա նվազագույն շեմ, որն աստիճանաբար կբարձրանա: Նշենք, որ ներկայում Հայաստանում այդպիսի արտահանող չկա (նման ծավալի միակ արտահանողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն արտահանում պղնձի խտանյութ):

Նախորդ հոդվածը‘«Գելլափ» ըլնեմ, թե սուտ եմ ասում’
Հաջորդ հոդվածը‘Forbes. Աշխարհի ամենահարուստների ցուցակում 5 հայ կա’