‘Խոշոր ներդրումները Հայաստանում նաև Վրաստանում են մտահոգություն հարուցում’

1223

Վրաստանում մտահոգություն է հարուցել տեղեկատվությունն այն մասին, որ վրացական Anaklia IEP Holding ընկերությունը 600 մլն դոլար է ներդնելու Հայաստանի տնտեսությունում` գազային էլեկտրակայան կառուցելու նպատակով: Այդ մասին գրում է վրացական Georgia Today թերթը:

«Նորությունն ընկալվել է որպես սենսացիոն: Տագնապ է հարուցել այն հանգամանքը, որ Վրաստանը, որի բյուջեն մեծապես կախված է արտասահմանյան ներդրումներից, նման ծավալուն ֆինանսական ներդրում է կատարում հարևան երկրի տնտեսությունում` սեփական տնտեսությունում ներդնելու փոխարեն», — նշում է պարբերականը:

Հոլդինգի սեփականատեր Թեյմուրազ Կարճավան օրերս լրագրողներին ներկայացրել էր նախագծի մանրամասները: Նախապես գազային էլեկտրակայանի կառուցումը նախատեսվում էր Անգլիայում, և արդեն 400 մլն դոլարի սարքավորում էր ձեռք բերվել General Electric ընկերությունից: Սակայն Անգլիայում բնական գազի բարձր գները ձախողել են այդ ծրագրերը: Ուստի ընտրվել է Հայաստանը, որի կառավարությունը երաշխավորում է տարեկան 1 մլրդ խմ գազի տրամադրում` ավելի ցածր գնով: Նախագծի շրջանակում նախատեսվում է 540 մեգավատ հզորությամբ գազատուրբինային էլեկտրակայանի կառուցում Վանաձորում (երկու տուրբին` յուրաքանչյուրը 270 մեգավատ հզորությամբ):

Հիշեցնենք, որ լուրը պակաս մտահոգություն չէր հարուցել նաև Հայաստանում: iLur.am-ը իր հրապարակումներում արդեն մասնավորապես նշել էր, որ Anaklia IEP Holding ընկերությունը ոչ թե վրացական գրանցում ունի, այլ օֆշորային:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ պատվիրակությունը, Գ.Ծառուկյանի գլխավորությամբ՝ մեկնել է Չինաստան’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի արտգործնախարար. Թուրքիան և Ադրբեջանը միասին կպայքարեն Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ’