‘
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ըստ Shamsyan.com-ի, ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացի Անուշավան Սիմոնյանը, վարելով «ՄԱԶ 504» մակնիշի 274 ՏՍ 43 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Աշտարակ մտնող կամրջի վրա կողաշրջվել է:
Ըստ աղբյուրի, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենայում բարձված ծանր քաշով երկաթները շրջվել և փակել են ճանապարհահատվածը: Երկաթների մի քանի հսկայական կտորներ կոտրել են կամրջի բետոնե և երկաթե արգելապատնեշները և մոտ 10մ կամրջից ընկել Երևան-Գյումրի ավտոճանապարհի գլխավոր ավտոմայրուղու վրա: Բարեբախտաբար, այդ պահին կամրջի տակ ոչ ոք չի եղել:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի հրշեջ-փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, քանի որ մեքենայից վառելանյութի արտահոսք է սկսվել, և փրկարարները դադարեցրել են արտահոսքը և ասֆալտի մշակման աշխատանքներ են կատարում: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները և Աշտարակի ոստիկանության օպերատիվ խումբը:
Նշված բեռնատարը հաշվառված է Կոտայքի մարզում գրանցված «Կամրջշին» Փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում:
Աշտարակի կամրուրջի վրա երթեւեկությունը սահմանափակված է արդեն մի քանի շաբաթ տեւող վերանորոգվման աշխատանքների պատճառով:
‘