‘
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային երբեւէ հիացրել է երկու թիմ՝ Լուիս Էնրիկեի գլխավորած «Բարսելոնան» եւ այսօրվա «Լիվերպուլը» Յուրգենի Կլոպի ղեկավարությամբ։
«Անգլիայի Պրեմիեր լիգան մրցակիցների մակարդակով ամենաբարդն է աշխարհում։ Այստեղ լինել առաջին տեղում պարզապես անհավանական է։ Բայց տիտղոսը բաժին է հասնում մեկին։ Պետք է արժանին մատուցել մեր անմիջական մրցակից «Լիվերպուլին»։ Իմ կարիերայի ընթացքում ես շատ ուժեղ թիմեր եմ տեսել, բայց միայն երկուսն են առավելապես հիացրել ինձ․ Լուիս Էնրիկեի «Բարսելոնան» Նեյմարի, Մեսիի եւ Սուարեսի հարձակմամբ եւ այսօրվա «Լիվերպուլը»։ Իմ մարզչական կարիերայի ընթացքում կառանձնացնեի այս երկու թիմերը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Անգլիայի առաջնության նախավերջին տուրում «Մանչեսթեր Սիթին» մայիսի 6-ին կընդունի «Լեսթեր Սիթիին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Հաղթանակի դեպքում, «Մանչեսթեր Սիթին» 1 միավորով կշրջանցի ընթացիկ առաջատար «Լիվերպուլին»։
‘