‘Խոսքակռիվ Դոնալդ Թրամփի և Լոնդոնի քաղաքապետի միջև’

1508

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կրկին խոսքակռիվ է սկսվել:

Երկուշաբթի Լոնդոնի քաղաքապետարանի մոտ՝ Լոնդոնյան կամրջից ոչ հեռու, որտեղ շաբաթ երեկոյան ահաբեկչական հարձակում էր կատարել, և սպանվել էր յոթ մարդ, տեղի է ունեցել սգո արարողություն, որին մասնակցել են Բրիտանիայի բոլոր հիմնական կրոնների ու դավանանքների ղեկավարները, Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը, ՆԳ նախարար Էմբեր Ռադը և այլք: «Մենք պետք է հասկանանք, որ ոմանք ուզում են սեպ խրել մեր համայնքների միջև: Դա ես չեմ: Դա իմ Լոնդոնը չէ, և մենք որևէ մեկին թույլ չենք տա պառակտում մտցնել մեր հասարակության մեջ՝ լինի դա Դոնալդ Թրամփը, թե մեկ ուրիշը»,- հայտարարել է Սադիկ Խանը:

Նախորդ օրը Դոնալդ Թրամփը հեգնել էր Լոնդոնի քաղաքապետին՝ նրա «խղճուկ արդարացումների» համար, և իր Twitter-ում գրառել էր.« Առնվազն յոթ մարդ սպանվել է, 48 հոգի վիրավորվել ահաբեկչության արդյունքում, իսկ Լոնդոնի քաղաքապետն ասում է, թե անհանգստանալու կարիք չկա»:

Թրամփի խոսքը քննադատության է արժանացել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում էլ: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Թիմ Ֆառոնն ասել է. «Այդ մարդը վշտի պահին վիրավորում է մեր ազգային արժեքները»: Թերեզա Մեյը հրաժարվել է քննադատել Թրամփի խոսքը, սակայն հայտարարել է, որ Սադիկ Խանը «լավ է աշխատում»:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հանդես է եկել Խանի պաշտպանությամբ: «Նա բացարձակապես ամեն ինչ ճիշտ է անում,- ասել է նա:- Ես չեմ հասկանում, թե ինչու է Դոնալդ Թրամփը հարձակումներ գործում մի մարդու վրա, ով փորձում է պաշտպանել Լոնդոնի բնակիչներին: Իմաստը ո՞րն է»:

«ԱՄՆ քաղաքապետների կոնֆեդերացիան», որը միավորում է ամերիկյան ավելի քան 1400 քաղաքների ղեկավարների, նույնպես հանդես է եկել ի պաշտպանություն Սադիկ Խանի:

Սադիկ Խանը հավատացյալ մուսուլման է: Նա ժամանակին քննադատել է հիմնականում մուսուլմաններով բնակեցված վեց երկրների քաղաքացիների համար մուտքն ԱՄՆ արգելելու մասին ամերիկյան նոր նախագահի ծրագրերը: Նա նաև Թրամփի հայացքները իսլամի վերաբերյալ անվանել է «տգիտություն»: Ի պատասխան՝ Թրամփը Լոնդոնի քաղաքապետին հորդորել է ինտելեկտի գործակցի թեստ անցնել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Աստված մեծ է’
Հաջորդ հոդվածը‘Գեղարքունիքում կաշառակեր դատավորներ ու դատախազ է ձերբակալվել’