Վերջին 20 տարիներին Ադրբեջանը մի քանի տասնյակ կետով ներքև է իջել մամուլի ազատության վարկանիշում և զբաղեցնում է վեջին տեղերից մեկը։ Ավելի ներքևում են միայն Էրիթրեայի և Հյուսիսային Կորեայի տիպի երկրները։ Այդ երկրում սահմանափակող օրենքներ են ընդունվում, լրագրողներից ոմանք հայտնվում են բանտերում, մյուսները փախչում են երկրից, ոմանք էլ մնացել են ու ընդունել խաղի նոր կանոնները։
2022 թ․ Ադրբեջանում օրենք է ընդունվել պետության կողմից լրագրողների արտոնագրման վերաբերյալ, և դրանից հետո այլևս ոչ մի անկախ լրագրության մասին խոսք լինել չի կարող։ Այդ օրենքի դեմ բողոքի էր դուրս եկել երկու տասնայկի չափ մարդ, և նրանց էլ անմիջապես ցրել էին։
BBC-ի կողմից հարցված լրագրողները միակարծիք են այն հարցում, որ խոսքի ազատությունը կամաց-կամաց նվազել է այն բանից հետո, երբ 2003 թ․ իշխանության է եկել Իլհամ Ալիևը։
«Սկզբում նա զբաղված էր իր իշխանությունն ամրապնդելով, իսկ երբ ամենակենսական հարցերը լուծեց, անցավ մամուլին»,- ասում է լրագրող Չինգիզ Սուլթանսոյը։
«Մենք կամաց-կամաց հանձնում էինք դիրքերը, այն գերմանացի պաստորի նման, որ ասում էր՝ երբ ձերբակալեցին կոմունիստներին, ես լռեցի, որովհետև կոմունիստ չէի։ Երբ ոչնչացնում էին ընդդիմությանը, մամուլն ասում էր, թե ընդդիմությունն իրեն կոպիտ էր պահում։ Երբ սկսեցին ճնշել բիզնեսը, մենք ասում էինք՝ նրանց փողերը գողացված են 1990-ականներին։ Հետո եկան մամուլի և ՀԿ-ների հետևից, և պարզվեց, որ մեզ պաշտպանող այլևս չկա»,- պատմել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, որը երկու տարի լրտեսության մեղադրանքով անցկացրել է ադրբեջանական բանտում և արդեն վեց տարի է՝ ապրում է Շվեյցարիայում։
«Լրագրողներ առանց սահմանների»-ի՝ ԶԼՄ-ների ազատության համաշխարհային վարկանիշում 2003-ից մինչև 2022 թ․ Ադրբեջանը 113-րդ տեղից իջել է 189-րդը՝ իրենից ցած թողնելով ընդամենը յոթ երկիր։
Փոխանցում է BBC-ն։