‘Խորեն Հովհաննիսյան. Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ աշխատանք կատարեցինք’

1806

20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանն անցած տարի գլխավորում էր ուզբեկական «Լոկոմոտիվը»: Լեգենդար ֆուտբոլիստն ընդամենը մեկ մրցաշրջան աշխատեց «երկաթուղայինների» հետ, ապա հեռացավ ակումբից:

Այժմ Խորեն Հովհաննիսյանը Երևանում է, որտեղ նա հարցազրույց է տվել Armsport.am-ին:

— 2006թ. Երևանի «Փյունիկից» հեռանալուց հետո երկար ժամանակ Ձեր մասին տեղեկություններ չկային, իսկ ահա նախորդ տարվա սկզբին հայտնի դարձավ, որ գլխավորել եք Տաշքենդի «Լոկոմոտիվը»: Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք աշխատել ուզբեկական թիմում:

— Երբ հրավեր եղավ գլխավորելու Տաշքենդի «Լոկոմոտիվը», բավական երկար մտածեցի, քանի որ թիմը հաղթել էր առաջին խմբում և նոր էր հայտնվել Բարձրագույն խմբում: Փաստորեն պետք էր նոր թիմ ստեղծել, իսկ ժամանակը բավական քիչ էր: Հաջողվեց հավաքել այն խաղացողներին, որոնց միջոցով հնարավոր կլիներ լավ արդյունքի հասնել: Ժամանակը ցույց տվեց, որ մենք ճիշտ աշխատանք կատարեցինք, քանի որ թիմը գրավեց 3-րդ հորիզոնականը:

— «Լոկոմոտիվի» ուսումնամարզական հավաքներից մեկի ժամանակ հանդիպել էիք Դիեգո Մարադոնայի հետ և այդ լուսանկարը մեծ տարածում գտավ համացանցում…

— Մեր թիմերը մարզվում էին միմյանց հարևանությամբ: Մարադոնայի հետ հանդիպելու առիթ եղավ, որի ընթացքում շփվեցի թարգմանչի միջոցով, քանի որ անգլերեն լավ չգիտեմ: Նա հիշեց, որ ժամանակին հանդիպել ենք ԽՍՀՄ-Արգենտինա հանդիպման ժամանակ: Արգենտինան Մարադոնայի օրոք 2-3 անգամ հանդիպել է ԽՍՀՄ-ի հավաքականի հետ և նա լավ էր հիշում այդ հանդիպումները: Ես և Մարադոնան ընկերներ չենք, ուղղակի վերհիշեցինք այդ հանդիպումները, քանի որ ես 2 անգամ գրավել էի Արգենտինայի դարպասը:

Ի՞նչն է պատճառը, որ հեռացաք «Լոկոմոտիվից»:

— Ես մեկ տարվա պայմանագիր էի կնքել, որի ավարտից հետո էլ որոշեցի հեռանալ ակումբից: Կարծում եմ, այդքան ժամանակը բավական էր այնտեղ, քանի որ «Լոկոմոտիվն» առաջին անգամ դարձավ բրոնզե մեդալակիր: Առաջարկներ ունեի նաև այլ թիմերից: Շատ դժվար էր այնտեղ աշխատելը:

— «Լոկոմոտիվում» էր հանդես գալիս Ձեր որդին\’ Ժորան, ով ներկայումս հանդես է գալիս «Պախտակորում»: Ինչպե՞ս ստացվեց, որ նա տեղափոխվեց այդ ակումբ:

— Թե «Լոկոմոտիվը», թե «Պախտակորը» հանդես են գալիս Տաշքենդում: Բնական է, որ երկու թիմերի միջև էլ շփում կար, խաղացողներն իրար լավ էին ճանաչում: Երբ հայտնի դարձավ, որ ես հեռանում եմ «Լոկոմոտիվից», «Պախտակորից» առաջարկ եղավ Ժորիկին: «Լոկոմոտիվը» սկզբում դեմ էր, ցանկանում էր, որ նա շարունակի ելույթները թիմում, սակայն, ի վերջո, տեղափոխությունը կայացավ: «Պախտակորը» ուզբեկական ֆուտբոլի բրենդն է, ինչպես որ մեզ մոտ\’ «Արարատը»:

Դուք ժամանակին ելույթ եք ունեցել «Պախտակորում»: Ներկայումս ակումբում կա՞ն այնպիսի մարդիկ, որոնց ծանոթ եք դեռևս ձեր խաղացած տարիներից:

— Այսօր ուզբեկական ֆուտբոլում շատ-շատ են անձիք, որոնց ես անձամբ ճանաչում եմ իմ խաղացած տարիներից: Նրանք աշխատում են «Պախտակորում», Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայում…

Օրերս Ժորան իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց «Պախտակորում»\’ մասնակցելով Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպմանը:

— Նա փոխարինվեց 75-րդ րոպեին, քանի որ վնասվածք ուներ, բայց ես խոսել եմ բժշկի հետ, որևէ լուրջ բան չկա:

Ժորա Հովհաննիսյանին երկար ժամանակ չէր հաջողվում հաստատվել որևէ ակումբում և կայուն խաղ ցուցադրել: Ըստ Ձեզ\’ ո՞րն էր պատճառը:

— Հայաստանից հեռանալուց հետո Ժորան 5 տարվա պայմանագիր ուներ «Օլիմպիակոսի» հետ: Այդ ընթացքում նա կարող էր հանդես գալ միայն այն թիմում, որտեղ իր համաձայնությունը կտար «Օլիմպիակոսը»: Մինչև պայմանագիրը չվերջանար, նա իրավունք չուներ այլ թիմ տեղափոխվել: Դրանից հետո նա տեղափոխվեց ռուսական «Սատուրն», սակայն որոշ ժամանակ անց այդ թիմը ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվեց, իսկ տրանսֆերային պատուհանը փակվեց և մի քանի ամիս նա չէր կարող թիմ ունենալ: Դրանից հետո ես նրան հրավիրեցի «Լոկոմոտիվ»: Նա միշտ էլ խաղացել է և խնդիրներ չի ունեցել:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերջերս մի քանի անգամ նշել է, որ Ժորա Հովհաննիսյանը մարզչական շտաբի տեսադաշտում է և ապագայում կարող է հրավիրվել: Ժորայի համար հավաքականում հանդես գալը կարո՞ղ է դառնալ լրացուցիչ խթան:

— Եթե մարզիչները գտնում են, որ նա կարող է օգնել, ապա նա հանդես կգա: Դա մարզիչների որոշելիքն է: Ժորիկը երբեք չի հրաժարվել Հայաստանի հավաքականում ելույթ ունենալուց:

Վերադառնանք ուզբեկական ֆուտբոլին: Ի՞նչ զուգահեռներ կարող եք անցկացնել հայկական և ուզբեկական ակումբային ֆուտբոլի միջև:

— Գիտեք, որ մի քանի տարի է\’ հայկական ֆուտբոլում չեմ և ինձ համար, այժմ, բարդ է զուգահեռներ անցկացնելը: Կարող եմ նշել, որ ուզբեկական ֆուտբոլում մեծ առաջընթաց կա, քանի որ ուշադրությունը բավական մեծ է: Կասկած չկա, որ Ուզբեկստանը կմասնակցի 2014թ. Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, իսկ դա վկայում է մեծ առաջընթացի մասին:

Ակումբները բավական կազմակերպված են, ունեն մեծ բյուջեներ, որոնք հաստատվում են մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Ի՞նչ գումարների մասին է խոսքը:

— Մոտավորապես 8-10 միլիոն դոլար գումար: Մի շարք ակումբներ ունեն նման բյուջե: Հիմնականում, ակումբները բաժնետիրական են, և դա ճիշտ մոտեցում է, քանի որ ակումբը կախված չի լինում մեկ անձից: Հայկական ֆուտբոլի հետ հիմնական տարբերությունը հենց այն է, որ ակումբներն օդից կախված չեն: Օրինակ, մեզ մոտ շատ ակումբներ ֆինանսավորվում են մեկ անձի կողմից և եթե, հանկարծ, այդ անձի գործերը վատ ընթանան, ապա ակումբը կփակվի… Ակումբը պետք է ունենա մի քանի բաժնետեր, որպեսզի ամեն մարդ ունենա իր ներկայությունը: Իհարկե, աշխարհում էլի կան ակումբներ, որոնք ունեն մեկ սեփականատեր: Օրինակ\’ Լոնդոնի «Չելսին», բայց եթե նրա սեփականատեր Աբրամովիչը չկարողանա ակումբը պահել, ապա կգտնեն մի շարք գնորդների, իսկ Հայաստանում նման բան չի կարող լինել այն ակումբի դեպքում, որի սեփականատերն այլևս ի վիճակի չէ ֆինանսավորել թիմը:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» արտահերթ խորհրդարանական ընտրություններ են պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլում կանխվել են ահաբեկչական գործողություններ’