‘Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը’

1045

Ազգային ժողովը նոյեմբերի 20-ի արտահերթ նիստը սկսել է քվեարկություններով և ընդունել նախորդ օրը քննարկված օրինագծերն ու օրենսդրական փաթեթները: Ոչիշխանական ուժերի բոյկոտի հետևանքով երկու օրինագծերի ընդունումը տապալվել է:

Այնուհետև պատգամավորները շարունակել են քննարկել «Սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը կարծիք է հայտնել, որ օրինագիծը դեկլարատիվ բնույթ է կրում և նշել, որ իրենք կողմնակից են սոցիալական բնագավառի խնդիրները թիրախավորված և հասցեական լուծելու քաղաքականությանը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ սոցիալական աջակցությունը համայնքային ծառայություն է, և քաղաքացին սոցիալական պաշտպանվածությունը պետք է զգա իր բնակավայրում: Նա կարևորել է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ներդրումը, որն առավել մատչելի կդարձնի քաղաքացու համար սոցիալական ծառայությունից օգտվելը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով քննարկումների համար, անդրադարձել է պատգամավորների առաջարկներին: Նա բոլոր առաջարկությունները քննարկելու և դրանց հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակելու պատրաստակամություն է հայտնել:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ու «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթները:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Տեսչական մարմինների մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և դրանով պայմանավորված մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը Հայաստանում անցկացվող տեսչական համակարգի բարեփոխումներն են: Բարեփոխման նպատակը ոլորտում կոռուպցիայի նվազեցումն է, գործարարի կողմից իր գործունեությունն իրականացնելու համար բարենպաստ, կանխատեսելի միջավայրի ստեղծումը: Օրենսդրական փոփոխություններով բնակչության ու շրջակա միջավայրի անվտանգությունն առավել ապահովված կլինի: Պարոն Ճշմարիտյանը մանրամասն անդրադարձել է տեսչական մարմինների գործունեությանը, ոլորտի առանձնահատկություններին: Նա ներկայացրել է տեսչական մարմնի գործունեության սկզբունքները, լիազորությունները, օրենքում տեղ գտած հիմնական հասկացությունները, անդրադարձել է տեսչական մարմնի ղեկավարին, ում նշանակում է հանրապետության վարչապետը, կառավարման խորհրդին, որում ընդգրկվում է առնվազն ինը անդամ, ինչպես նաև միասնական բողոքարկման հանձնաժողովի գործունեությանը:

 

Անդրադառնալով տեսչական համակարգի օպտիմալացմանը՝ Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ տեսչական մարմինների թվաքանակը փորձելու են հասցնել 18-ից 10-ի:

Նախարարը պատասխանել է նաև պատգամավորների բազմաթիվ հարցերին:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները: Խոսրով Հարությունյանը ողջունել է կառավարության նախաձեռնությունը և նշել, որ խնդիրն ունի սոցիալական, քաղաքական, տնտեսական նշանակություն: Պատգամավորի խոսքով՝ օրենքն ունի լրամշակման կարիք, պետք է որոշ հասկացություններ և սահմանումներ հստակեցնել:

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ նախաձեռնությունը գաղափարի տեսանկյունից ունի սկզբունքային նշանակություն: Ձևակերպումներն, ըստ պատգամավորի, հստակ են, սակայն որոշ դրույթներ վերանայման կարիք ունեն:

Վարդան Այվազյանն էլ նկատել է, որ նախաձեռնությունը ողջունելի է, փորձ է արվում անդրադառնալ վերահսկողության գործառույթներին և նշել, որ հստակեցման կարիք կա:

Եզրափակիչ ելույթում Կարեն Ճշմարիտյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին և տվել պարզաբանումներ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Խորhրդարանն այնուհետև առաջին ընթերցմամբ քննարկել է «Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նա տեղեկացրել է, որ, ինչպես այլ երկրներում, Հայաստանում ևս կա թրաֆիքինգ և մարդկանց շահագործում: Դրանք, սակայն, երբեմն գաղտնի են մնում, քանի որ շատ մարդիկ չեն բարձրաձայնում կատարվածի մասին: Նախորդ տարվա տվյալներով թրաֆիքինգի են ենթարկվել Հայաստանի 19 քաղաքացիներ, որոնցից 13-ը կանայք են և երեխաներ:

Ոստիկանության պետի տեղակալը կարծիք է հայտնել, որ նախագծերի փաթեթի ընդունումը դրական ազդեցություն կունենա քաղաքացիների պաշտպանվածության առումով:

Նշենք, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է բարելավել թրաֆիքինգի ենթարկված անձանց՝ հատկապես երեխաների նույնացման գործընթացը, ապահովել աջակցության տրամադրումը թրաֆիքինգի ենթարկված բոլոր զոհերին ներառյալ երեխաներին և տղամարդկանց՝ անկախ ազգությունից և քաղաքացիությունից, օրենսդրության մեջ ամրագրել վերականգնման և մտորման ժամանակահատվածը, երաշխավորել փոխհատուցման և իրավաբանական օգնության հասանելիությունը, ստեղծել համապատասխան ֆոնդ, զարգացնել թրաֆիքինգի զոհերի պաշտպանության համակարգը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ գլխադասային՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Առաջին ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Օրինագծերի փաթեթով նախատեսվում է կանոնակարգել ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված, ինչպես նաև ծառայության ընթացքում առաջ եկող որոշակի հարցեր: Մասնավորապես, ոստիկանությունում ծառայության անցնելու նվազագույն տարիք է առաջարկվում սահմանել 18 տարին` հաշվի առնելով ոստիկանությունում ծառայության առանձնահատկությունները:

Նախատեսվում է առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար տարիքային ավելի բարձր սահմանափակումներ սահմանելու լիազորություն տալ ՀՀ կառավարությանը: Բացի այդ՝ նախագծով առանձին մասնագիտություններով ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հնարավորություն է ընձեռվում համապատասխան մասնագիտության գծով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելու համար, ինչը հնարավոր չէ գործող օրենքով: Հստակեցվում է ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին այլ պաշտոնի տեղափոխելու համար անհրաժեշտ ծառայության ժամկետի առկայության պահանջը: Նախատեսվում է ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության անցնող քաղաքացիների համար հանել պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պահանջը, բացառությամբ օրենքով սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքերի:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է տեղեկատվական ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից՝ անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում, ինչպես նաև ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից վարչական-վիճակագրական հաշվետվություններ չներկայացնելու կամ սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար պատասխանատվության սահմանում:

Վերոնշյալ արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, կխթանի տարածաշրջանում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մրցունակության բարձրացումը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», երրորդ ընթերցմամբ՝ «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքների նախագծերը:

Սպառելով օրակարգը՝ արտահերթ նիստն ավարտել է աշխատանքը:

Քննարկված օրինագծերի քվեարկությունը, համաձայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ խորհրդարանին ուղղված գրության, կիրականացվի առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում:

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանին դուր չեն եկել «օֆշորի» մասին հարցերը, որոնք ուղղված էին իր կիպրոսցի գործընկերոջը’
Հաջորդ հոդվածը‘«Դելովոյ Էքսպրես» թերթի գլխավոր խմբագիրը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման’