‘Խուլիո Իգլեսիասը ժամանեց Հայաստան’

877

Աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասն արդեն Հայաստանում է: Րոպեներ առաջ երգչի անձնական ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երգիչը միայն մի ժպիտ ուղղեց ներկա լրագրողներին, այնուհետեւ արագությամբ նստեց ավտոմեքենան, իջեցրեց մեքենայի ապակին, մի հայացք եւս նետեց եւ հեռացավ:  

Երեւանում կայանալիք համերգին կհնչեն Իգլեսիասի բոլոր ամենահայտնի եւ սիրված կատարումները: Իգլեսիասի արվեստի երկրպագուները համերգի ընթացքում երգչի կատարմամբ հնարավորություն կունենան ունկնդրելու «Intro», «Amor Amor», «La gota fria», «Natalie», «Galicia», «A media luz», «Echame a mi la culpa», «My sweet lord», «Mammy blue», «Me siento de aqui», «Carusso», «Ne me quites pas», «Careless whisper», «Cumparista», «All of you», «Always on my mind», «I want to know», «Let it be me» եւ այլ սիրված կատարումներ: 

Հնարավոր է` Իգլեսիասը կատարի նաեւ հայերեն երգ կամ երգից հատված, քանի որ յուրաքանչյուր երկիր գնալիս հանրաճանաչ երգիչը սիրում է կատարել տվյալ երկրի լեզվով երգ: «Դա էլ կլինի երգչի անակնկալը»,- ավելի վաղ վստահեցրել են համերգի կազմակերպիչները:

Խուլիո Իգլեսիասը Հայաստան ժամանեց մեծ «շքախմբով»` իր սեփական ինքնաթիռով: Երգչին ուղեկցում են երաժիշտներ, բեք-վոկալային երգիչներ, պարողներ:

Հայաստանում համերգ տալու ցանկությունը Խուլիո Իգլեսիասին է պատկանում, քանի որ նրա հայ ընկերները պատմել են, որ Հայաստանում ինքը շատ սիրված է, այնուամենայնիվ, մինչեւ համերգը կազմակերպելը ուսումնասիրվել է հասարակության պահանջարկը: Համերգի տոմսերի գները տատանվում են 5 հազարից մինչեւ 80 հազար դրամ: Թեեւ դեռեւս համերգի բոլոր տոմսերը վաճառված չեն, այնուամենայնիվ, քիչ քանակությամբ են մնացել: Կազմակերպիչներն էլ Կանանց մեկամսյակի կապակցությամբ որոշել են յուրահատուկ նվեր մատուցել. տոմսերը վաճառվում են 20% զեղչով:

70-ամյա իսպանացի աշխարհահռչակ երգչի հայաստանյան համերգը կկայանա մարտի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան Global art եւ հայկական «Ինվիտրո փրոդաքշն» ընկերությունները:

Նախորդ հոդվածը‘ՍԴ վճիռը 17/05-ում նոր ընտրություններ չի նախատեսում’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ծաղրանկարը. Նրանց համոզել եք, որ Հայրիկյանը կաֆե՞լ է ‘