‘Խուճապի մի մատնվեք, մեզ համար բարոյական հաղթանակը կա ու կա’

2524

Քաղաքացի Լիլիթ Հակոբյանը Ֆեյսբուքում գրում է.

«ՎԵՐՋԱՊԵՍ.
Այոոոոո, վերջապես մի հետաքրքրություն մտավ էս ժողովրդի կյանքում:
Վերջապես ժողովուրդն սկսեց մտածել վաղվա օրվա մասին:
Վերջապես կառավարությունն սկսեց մտածել ժողովրդի մասին:
Ո՞վ կմտածեր, որ ընդամենը դոլար-ռուբլի-դրամ փոխարժեքների մեջ խաղեր տալով՝ նման հրաշքներ տեղի կունենային. էսօր մարդիկ դարձել են ավելի բաց, ավելի շփվող, ավելի եռանդուն ու, ամենակարևորը՝ ավելի միասնական, քան երբևէ: Առավոտից մի մարդու պես մեծ ոգևորությամբ լցվում են փողոցները, խանութները, շուկաները, բանկերը: Մե աշխուժություն, մե ակտիվություն, մե աճապարանք: Զգում ես, որ կյանք կա, ու ինքը հարիսայի պես եռում ա մինչև ուշ գիշեր:
Իսկ, ա՛յ, կառավարությունը… անկեղծ ասած՝ ես ցնցված եմ: Երբեք չեմ մտածել, որ նման խոսքեր կասեմ մեր կառավարության հասցեին, բայց ես էսօր երախտապարտ եմ քեզ ու խոնարհվում եմ քո առջև: Վերջին 10 օրերի ընթացքում դու մեծ ախպոր պես կանգնեցիր ժողովրդի կողքին, լուծեցիր նրա հարատև խնդիրները: 
1.Ընդամենը հասարակ գների բարձրացմամբ ժողովուրդը վերջապես չի անի էն, ինչ ամեն տարի մտադրվում էր չանել, բայց անում էր՝ ճոխ Նոր տարի և ճոխ պարտքեր: Էլի դո՛ւ խելքի բերեցիր անվճռական ժողովրդին: 
2.Կամ մարդիկ տարիներով դիետա էին պահում, որ նիհարեն, բայց ապարդյուն: Էլի դո՛ւ մտածեցիր կամազուրկ ժողովրդի մասին: 
3.Իսկ ինչպիսի հմուտ քաղաքականություն և դիպուկ ռազմավարություն առողջապահության ոլորտում. հետայսու ժողովրդի միակ (լայն) սպառման ապրանքը` հացը, հարստացնելու ես տարբեր վիտամիններով և հանքանյութերով, որպեսզի ժողովրդին չսկսի տանջել ցինգան: Էլի դո՛ւ հոգ տարար էս հիվանդ ժողովրդի մասին: 
4.Էլ չեմ ասում, որ ինքնասպանությունների թիվը վերջին 10 օրերի ընթացքում կտրուկ նվազեց. մարդիկ հիմա անհամբերությամբ են սպասում հաջորդ օրվա անակնկալներին, նրանք լցվել են ապրելու ցանկությամբ: Էլի դո՛ւ ոգեշնչեցիր հուսահատ ժողովրդին: 
5.Արդարությունը վերականգնվեց. առաջ բանկերն էին թալանում ժողովրդին, հիմա ժողովուրդն է թալանում բանկերն ու իրենց բանկոմատները: Էլի դո՛ւ պաշտպանեցիր ոտնահարված ժողովրդի իրավունքները: 
Ես ֆինանսական վերլուծաբան չեմ, ոչ էլ քաղաքագետ կամ հասարակական գործիչ, ոչ էլ հհկ-ական, բայց պարզապես կույր պիտի լինել, նման անձնազոհությունները չտեսնելու համար:

Հ.Գ. Իսկ եթե ավելի լուրջ, ժողովուրդ ջան, խուճապի մի մատնվեք, դոլար-ռուբլի սառը պատերազմում ինչ էլ լինի-չլինի, մեզ համար բարոյական հաղթանակը կա ու կա»: 

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Մենք կարևորում ենք Գերմանիայի մասնակցությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարության նիստում քննարկված հարցերը և ընդունված որոշումները ‘