‘ԽՍՀՄ ՊԱԿ-ի ղեկավար աշխատակիցը գտնում է, որ Կովկասի խնդիրներից մեկը Հայաստանի մասնատվածությունն է ‘

1399

Ռուսաստանի Արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության անդամ, նախկին ԽՍՀՄ ՊԱԿ-ի վերլուծական վարչության ղեկավար Վլադիմիր Ռուբանովը, պատասխանելով «Արգումենտի նեդելի» պարբերականի հարցին՝ «Ինչո՞վ է Կովկասը կարեւորվում Ռուսաստանի համար», մասնավորապես, ասել է.

«Նախ եւ առաջ, դա բազմաթիվ կրոնների, մշակույթների էթնոհաղորդակցության գոտի է, այդ պատճառով տարածաշրջանն ինքնին բարդ է: Երկրորդ՝ այնտեղ հատվում են շատ երկրների աշխարհաքաղաքական շահերը: երրորդը՝ հարեւանությամբ այնպիսի երկրներ կան, ինչպիսիք են Իրանն ու Աֆղանստանը, որոնք որոշակի ազդեցություն ունեն այդ տարածաշրջանի նկատմամբ:

Բացի դրանից, այնտեղ չլուծված հարցեր կան, սկսած մասնատված Հայաստանից մինչեւ նույն Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գոյություն ունեցող անհասկանալի տարածքային փոխհարաբերությունները:

Ի հավելումն՝ այնտեղ կան երիտասարդ, լիովին չկայացած պետություններ՝ չձեւավորված ժողովրդավարությամբ եւ դեռեւս պետությունը կառավարելու ունակություն չունեցող առաջնորդների նկրտումներով: Տարածաշրջանում իմաստուն որոշումներ ընդունելու ավանդույթ չկա. դա նույնպես կարող է տարածաշրջանի անկայունության պատճառ լինել: Բացի դրանից, այնտեղ գազամուղներ են անցկացվում, եւ որոշ երկրներ ուզում են դրանք օգտագործել իրենց տնտեսական դրության կայունացման օգտին, ուրիշներն էլ՝ ուզում են խանգարել դրան»:

Ուշագրավ է, որ ԽՍՀՄ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը եւ գործող ռուսաստանյան պետական քաղաքական-վերլուծական կառույցի ղեկավար անդամը տարածաշրջանում Ռուսաստանի հետաքրքրությունների մասին խոսելիս նախ՝ նշում է, որ Հայաստանը մտադիր չէ սահմանափակվել իր ներկա սահմաններով; այդ համատեքստում ինչ-ինչ տարածքային խնդիրներ է նկատում հայ-վրացական հարաբերություններում, եւ վերջապես, ընդհանրապես հարկ չի համարում կովկասյան տարածաշրջանի մասին վերլուծություն անելիս հիշատակել Թուրքիայի դերի մասին:

 

Նախորդ հոդվածը‘Հայազգի 11-ամյա Րաֆֆին դուրս է եկել ֆրանսիական X Factor նախագծի եզրափակիչ (Տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘«Հայկական ժամանակ». Երևանյան մանկապարտեզները՝ գրեթե Օսվենցիմ’