Ծայրահեղ պահպանողական Էբրահիմ Ռաիսին ստանձնել է Իրանի նախագահի պաշտոնը

851

Աստվածաբան, գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի համերկրացի, Գերագույն դատարանի նախկին ղեկավար Էբրահիմ Ռաիսին իշխանության եկավ ընտրությունների արդյունքներով, որոնք իրանցիներից շատերը համարում են կեղծված։ Անձամբ Ռաիսիին նրանք համարում են բողոքի ցույցերը ճնշելու նպատակով այաթոլլայի կողմից նշանակված թեկնածու։

Ռաիսիի երդմնակալությունը կայացել է Թեհրանում, Մեջլիսի շենքում։ Իրանցի պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել են, թե արարողությանը ներկա են եղել ավելի քան 100 պաշտոնատար անձինք 73 երկրներից, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ԵՄ ներկայացուցիչներ։

Իրանի նոր նախագահը բազմիցս ասել է, որ վճռականորեն է տրամադրված պայքարելու ԱՄՆ պատժամիջոցների դեմ։ Սակայն նա ստիպված է լինելու բախվել նաև մի շարք այլ խնդիրների։ Երեքշաբթի այաթոլլա Խամենեիի կողմից հաստատման արարողության ժամանակ Ռաիսին իր խնդիրների ցանկում նշել է ոչ միայն ԱՄՆ «բռնապետական» պատժամիջոցների դադարեցումը, այլև Իրանի տնտեսական ինքնուրույնության ապահովումը, որպեսզի պատժամիջոցները չազդեն սովորական քաղաքացիների կյանքի վրա։

Թե՛ Ռաիսին, թե՛ այաթոլլա Խամենեին, որն իրականում որոշում է Իրանի միջազգային քաղաքականությունը, չեն հրաժարվում պատժամիջոցները հանելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններից՝ իրանական միջուկային ծրագրի նկատմամբ միջազգային վերահսկողություն սահմանելու դիմաց, սակայն նաև պայմաններ են առաջադրում, որոնք հազիվ թե կատարման ենթակա են, օրինակ՝ երաշխիքներ, որ ամերիկյան ապագա որևէ վարչակազմ կրկին պատժամիջոցներ չի սահմանի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄՕԿ-ը Ռուսաստանի պետական հեռուստաալիքներից պարզաբանում է պահանջում ԼԳԲՏ-մարզիկներին վիրավորելու վերաբերյալ
Հաջորդ հոդվածըԻսպանիայում ձերբակալվել է իտալական «Նդրանգետա» մաֆիայի պարագլուխը