‘Ծառերը հատվել են, բայց այգին բարեկարգվում է (տեսանյութ)’

1130

Երեքշաբթի օրը համացանցում տեսանյութ հայտնվեց, որտեղ Նոր Նորքի բնակիչներից մեկը նկարահանել էր, թե ինչպես են «Ջրաշխարհի» հարակից այգում շինարարական աշխատանքներ իրականացվում, և ծառեր են հատվում: Քաղաքապետարանի մամուլի խոսնակը, այս տեսանյութին ի պատասխան՝ հայտնել էր, որ «Ջրաշխարհին կից անտառների ծառերը չեն հատվում, այնտեղ պարզապես զբոսայգի է կառուցվում»:

iLur.am-ը կարծիք էր հայտնել, որ Արթուր Գևորգյանի մեկնաբանությունը իրականությանը չհամապատասխանող կամ, ավելի պարզ ասած՝ սուտ է: Մեր այս մեկնաբանությանը ի պատասխան՝ խմբագրություն զանգահարած Արթուր Գևորգայնը, սակայն, պնդում էր, որ տեսանյութում չի երևում, որ ծառեր են հատվում: Եվ քանի որ տեսանյութը բավականին հեռվից էր նկարահանված, iLur.am-ի թղթակիցը երեկ այցելեց Նոր Նորքի այգի, որ տեղում ծանոթանա իրավիճակին:

Այցելության պահին շինարարարական աշխատանքները դեռ շարունակվում էին: iLur.am-ի հետ զրույցում կապալառու՝ «Սամկարշին» ընկերության աշխատանքների ղեկավար Լեւոն Գեւորգյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանից ասել են, որ եթե կան ծառեր, որոնք անհրաժեշտ է հանել, ապա պետք է հանել: Միևնույն ժամանակ՝ նախագծով նախատեսված է մոտ 3.5 հազար հատ ծառ տնկել՝ բարեկարգման աշխատանքներն ավարտելուց հետո: «Նախատեսվում է աշխատանքներն ավարտել նոյեմբեր ամսվա վերջին: Մոտ վեց հեկտար տարածք է, պատրաստվում ենք կառուցել շատրվաններ, ամֆիթատորններ, խաղահրապարակներ»,-նշեց նա:

Տարածքում դժվար էր հաշվել՝ իրականում քանի ծառ է հատվել կամ վնասվել, քանի որ շինարարության վայրում հողի և աղբի հսկայական կույտեր կային, որոնց տակ նույնպես, հնարավոր է, հատված ծառերի հետքեր լինեին: Բանվորներից մեկը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի առջև, նշեց, որ հատվել է մոտ 3-4 ծառ:

Այգին, ընդհանուր առմամբ, չափազանց անբարեկարգ վիճակում էր, ծառերի մեծ մասը՝ չորացման եզրին: Չի բացառվում, որ այգին բարեկարգելուց հետո հատվեն նաև այս ծառերը:

Այգու տարածքում են գտնվում նաև 1991-1994 թթ. զոհված 7 ազատամարտիկների գերեզմաններ, որոնց շուրջը նույնպես անբարեկարգ վիճակ է:

Ինչևէ, ուրախալի է, որ, ինչպես պնդում են Երևանի քաղաքապետարանում, այգին իրոք բարեկարգվում է, և այնտեղ, ինչպես քաղաքի շատ այլ այգիներում, սրճարան կամ այլ «օբյեկտ» չի կառուցվելու: Տեսնենք, թե աշնանը, երբ խոստանում են ավարտել բարեկարգումը, իրականում ինչ կստացվի:

Նախորդ հոդվածը‘Նոր գերակա հանրային շահ և բարձրահարկ շենք Երևանի կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Վաղը Նոր Նորքում ջուր չի լինի’