‘Ծառուկյանը Գյումրիում մեքենաներ է նվիրել, առանձնազրույց անցկացրել և հորդորել է չշտապել’

1102

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր այցելել է Գյումրի: Քաղաքի հրապարակում շարվել էին այն մեքենաները, որոնք նա նվիրել է Գյումրիին, հաղորդում է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը:

Գագիկ Ծառուկյանը նախ առանձնազրույց է ունեցել Գյումրիի քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի  հետ: Հետո առանձին-առանձին քաղաքապետարան են ժամանել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանն՝ իր թիմով, ԳՊՄԻ ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանը և այլք:

Քաղաքապետի աշխատասենյակում տեղի է ունեցել առանձնազրույց: Լրատվամիջոցների ներկայացուցիչները դուրս են հրավիրվել քաղաքապետի աշխատասենյակից:

Առանձնազրույցի մասնակիցները երեքն են եղել՝ Ծառուկյան, Օսկանյան, Բալասանյան, ապա նրանց են միացել այլ ԲՀԿ-ականներ:

Խորհրդակցությունից հետո Ծառուկյանը ելույթ է ունեցել Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

ԲՀԿ առաջնորդի հաջորդ կանգառը եղել է Օլիմպիական հերթափոխի դպրոցը, որին կից կառուցվում է մարզադահլիճ: Ծառուկյանը հորդորել է շինարարներին արագ ավարտել շինաշխատանքները: Այստեղ նա պատասխանել է galatv.am-ի լրագրողի այն հարցին, թե վերջապես ԲՀԿ-ն ի՞նչ ֆորմատով է մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին: Ծառուկյանը հորդորել է ավելորդ շտապողականություն չցուցաբերել՝ շեշտելով, որ հիմա հանդիպումների, խորհրդակցությունների էտապում են, և որ գործընթացի ավարտից հետո հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:

Մեր թղթակիցը հայտնեց, որ Օլիմպիական հերթափոխի դպրոցում ևս ԲՀԿ ակտիվի մասնակցությամբ Ծառուկյանը անցկացրել է փակ խորհրդակցություն:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հայրապետյանը հերքում է, որ ինքը Ռուբեն Հայրապետյանն է’
Հաջորդ հոդվածը‘Ֆոգ Ռասմուսենը համագործակցության կոչ է արել Սաակաշվիլիին և Իվանիշվիլիին’