‘Ծառուկյանը պատրաստ է կորցնել ունեցվածքը ‘

852

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրի այցելության ժամանակ «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում հանդիպեց ԲՀԿ ակտիվի եւ գյումրեցիների հետ: ԲՀԿ առաջնորդը բավականին ծավալուն ելույթ ունեցավ`շնորհավորելով գյումրեցիներին ինչպես նոր քաղաքապետ ունենալու, այնպես էլ նոր տրակտորներ ու մեքենաներ ստանալու առիթով:

«Հարգելի  գյումրեցիներ, մենք առաջին անգամ երբ հանդիպեցինք քաղաքապետի քարոզարշավի ժամանակ, ես ձեզ բոլորիդ ասեցի, որ ես ոչ թե եկել եմ որևիցե բանի տեր դառնալու, ունեցվածք դիզելու կամ ինչ-որ ծրագրի համար, այլ եկել եմ ես այստեղ օգնելու, ասելու, ամրապնդելու այն վստահությունը, որ կա ձեր կողմից իմ հանդեպ: Դա պարտավորեցնող է, որ մարդ կարողանա պահել եւ պահպանել: Կյանքում ամենաթանկ բանը կայացած ունևոր մարդու համար վստահության հավատն է ժողովրդի: Եվ եթե մինչեւ այսօր էդ հավատը ես չեմ կորցրել, առավել եւս հիմա ձեզ վստահեցնում եմ, որ այդ վստահությունը չեմ կորցնի: Կարամ անձնապես կորցնեմ ունեցվածք, գումար, բայց ժողովրդի վստահությունը չեմ կորցնի»,-ասաց Գ. Ծառուկյանը:

«Եկել եմ այսօր ձեզ ասելու, որ, այո´, մեր խոսքը գործ է, եւ ինչ-որ ասել ենք, չի եղել մի բան, որ մի բան ասեմ եւ դա իրականություն չդարձնեմ: Հիշո՞ւմ եք, որ ձեզ ասեցի`մեր առաջին օգնությունը կլինի քաղաքապետարանին մեքենաներով օգնելը, այո´, պարոն Բալասանյան, ձեր աշխատանքի հետ, իմ առաջին խոստումը կատարել եմ»:

Ծառուկյանի խոսքերով`իր ուզածը միայն այն է, որ ժողովրդի մասին մտածող լինի, որ իշխանություններն իրենց պատկերացնեն ժողովրդի փոխարեն եւ ապահովեն աշխատատեղերով : «Ժողովուրդը ոչ նպաստ ա ուզում, ոչ էլ օգնություն, այլ ժողովուրդն ուզում է պայման, աշխատանք, հնարավորություն… Մեր ուզածն էլ սա է, մենք ոչ պաշտոն ենք ուզում, ոչ ոլորտ ենք ուզում, ոչ էլ ինչ-որ ուրիշ գումար վաստակել ենք ուզում: Աստծո կամոք, մենք ոչ պետական պաշտոնում ենք եղել, ոչ էլ ուզում ենք լինել, ոչ էլ ինչ-որ ոլորտ լինի, կամ մենաշնորհ լինի: Մենք ուզում ենք, որ ժողովրդի դեմքին ժպիտ լինի եւ ժողովուրդը երկրից չթողնի-գնա, որովհետեւ այսօր գնալով ժողովրդի վիճակն է´լ ավելի վատանալու է», — ասել է Ծառուկյանը: Այնուհետեւ նա իր զորակցությունն է հայտնել Գյումրու նորընտիր քաղաքապետ, ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանին:  

«Ամեն մարդ իրեն պտի դնի դիմացինի տեղը: Եթե քեզ խաբում են, խաբված մարդը ո՞նց կարա հավատա: Պարոն Բալասանյան ջան, հանկարծ քաղաքական չսարքես քաղաքապետարանը, որ ասենք «Բարգավաճ» չէ, անպայման մտնի, մենք այդպիսի սկզբունք չունենք: Մարդը, թեկուզ ընդդիմություն, աշխատում ա տվյալ ոլորտում, կամ անկուսակցական ա, եթե աշխատանքը բարեխիղճ կատարում ա, ոչ ոք բարոյական իրավունք չունի նրան պարտադրելու, որ հուսախաբ լինի մարդը: Մենք ասում ենք, որ քաղաքապետի կողքին ենք, ամեն ինչով աջակցելու, օգնելու ենք, օրենք, ծրագրեր ներկայացնելու եւ մեր հաշվին իրական ենք դարձնելու»,-ասել է Գ. Ծառուկյանը:

Ըստ «Գալա TV»-ի

Նախորդ հոդվածը‘Դատարանում կբողոքարկվեն Վանաձորի քաղաքապետի և ավագանու որոշումները ‘
Հաջորդ հոդվածը‘«Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական մարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 15-ին ‘