‘
«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք ինքը հակահեղափոխական է եւ փորձում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին վերադարձնել քաղաքականություն:
Ծառուկյանը հայտարարել է, թե նրանք իր հետ կապ չունեն եւ չեն կարող իր կամ ԲՀԿ-ի միջոցով գալ քաղաքականություն:
«Եթե այդպիսի բան լինի, ուրեմն ես անբարոյական ընտանիքի զավակ եմ»,- հայտարարել է Ծառուկյանը:
Վերջինս պնդել է, որ ինքը եւս ակտիվ աջակցել է հեղափոխությանը, որովհետեւ «երեք հոգով հեղափոխություն չեն անում», աջակցել է այնպես, որ անգամ Սերժ Սարգսյանն է զանգահարել իրեն ու մեղադրել թիկունքից հարվածելու մեջ, ինքն էլ պատասխանել է, թե ընդդիմադիր է ու ընդդիմության հետ:
Միաժամանակ, Ծառուկյանը փաստացի հաստատել է, որ պատրաստ է ԱԺ արտահերթ ընտրությունների արագ անցկացմանը:
«Ուզում են դեկտեմբերի՞ն, իմ ժողովրդի ցավը տանեմ, եթե ժողովուրդը ուզում ա (դեկտեմբերին), ուրեմն՝ մենք էլ ենք ուզում»,- ասել է Ծառուկյանը:
Այդ նպատակով, Ծառուկյանի խոսքով, ինքը հանդիպումների է պատրաստվում արտախորհրդարանական այն ուժերի հետ, որոնք կապ չունեն ոչ Քոչարյանի եւ ոչ էլ Սարգսյանի հետ:
‘