‘Ծառուկյանի ճշմարտության պահը’

3270

Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը չի շփվում կուսակիցների հետ, չի շփվում պատգամավորների հետ, չի ընդունում ոչ մեկին, նրա հետ հանդիպելը գործնականում անհնար է, գրում է Zham.am-ը` հղում անելով ԲՀԿ-ում իր աղբյուրներին:

Ըստ աղբյուրի, Ծառուկյանը վերջին օրերին կենտրոնացած է բացառապես ԲՀԿ վաղվա համագումարում իր ունենալիք ծրագրային ելույթի վրա:

«Ամբողջ երկրով լարվածությունը մեծանում է: Ամեն նոր օր` նոր դժգոհություններ են, գործադուլներ, բողոքներ: Ապաքաղաքական զանգվածը ոտքի է ելնում: Սա արդեն տարերային պրոցեսների մասին է խոսում: Բոլորը հասկանում են, որ Հայաստանում մեր աչքի առաջ նոր իրականություն է ձևավորվում:

Բաղրամյան 26-ում գիտեն տնտեսության իրակավ վիճակը: Այն, ինչը սեփական մաշկի վրա զգում են մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ: Ու դրանից վախենում են:

Իշխանությունը երկրում փողի սուր բացակայությունը մեղմելու համար մտնում է բոլոր երիտասարդների գրպանները`անունը դնելով կուտակային ռեֆորմ: Երիտասարդները դուրս են գալիս փողոց, իսկ Բաղրամյան 26-ը լուծում չունի:

Մարդիկ տասնյակ հազարներով ձգտում են գնալ Ռուսաստան` արտագնա աշխատանքի, իսկ Ռուսաստանը խստացնում է իր միգրացիոն քաղաքականությունը` անվստահելի նախագահներին պատժելու շրջանակներում:

Սա նշանակում է, որ այս տարի մի քանի տասնյակ հազար մեր աշխատունակ քաղաքացիներ մնալու են Հայաստանում` առանց աշխատանքի: Ասել է, թե իրականանում է Տիգրան Սարգսյանի ամենամեծ վախը` «մնան, որ հեղափոխություն անեն»:

ՀԱԿ-ը պատրաստվում է մեծ հանրահավաքի, իշխանությունը վախենում է ու Սաքուլիկների և Հայկուլիկների միջոցով հարձակվում նրանց վրա: Իշխանությունը շատ լավ հասկանում է , որ ոստիկանության ներսում կան լուրջ դժգոհություններ և համակարգը մի պահի կարող է չգործել:

Իշխանությունը շատ լավ հասկանում է, որ պետական համակարգը ամենաթույլ ցնցման դեպքում կազմաքանդվելու է:

Այս և իրականության շատ այլ կարևոր դրվագներ Գագիկ Ծառուկյանը, իհարկե, հասկանում է: Մեծ հաշվով, նա ունի երկու տարբերակ.

ա/ զգուշորեն արձագանքել պրոցեսներին

բ/ Լինել պրոցեսներին համահունչ ու լրջորեն ազդել դրա վրա:

Այսօրվա դրությամբ միայն ինքը գիտի, թե որ տարբերակն է ընտրելու: Վաղը` կիմանանք բոլորս: Ինչ-որ իմաստով վաղը նրա ճշմարտության պահն է: Կամ տրվում են անհրաժեշտ գնահատականները, ու երկրում սկսվում է լայն կոնսոլիդացիայով , խաղաղ արմատական փոփոխության փուլը կամ պատմական այս հատվածում ԲՀԿ-ի դերակատարումը դառնում է անհամեմատ ավելի համեստ ու նվազ հեռանկարային:

Վաղը Գ. Ծառուկյանը սխալվելու իրավունք չունի», — գրում է Zham.am-ի վերլուծաբան Կարեն Հարությունյանը:

Նախորդ հոդվածը‘Նիկոյանը հուշում է` «կուտակայինից» ազատվելու համար հրաժարվեք ՀՀ քաղաքացիությունից’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը’