‘
Ըստ ԲՀԿ-ական մեր աղբյուրների՝ երկու օր առաջ ԲՀԿ նախագահ Գ.Ծառուկյանը, առանց լրատվամիջոցների, հանդիպում է ունեցել Արարատ քաղաքում, որին մասնակցել են մոտ հազար քաղաքացիներ:
Ծառուկյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև առաջիկայում Արարատում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Նա, մասնավորապես, ասել է. «Շատ շուտով Արարատ քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ:Ես գիտեմ, որ դուք ունեք ձեր թեկնածուն, որին առաջադրել եք հենց դուք: Ես այսօր չեմ եկել կոչ անելու ընտրել այս մեկին կամ մյուսին: Մանավանդ, որ օրենքով քարոզարշավը դեռ չի սկսվել:Բայց մի քանի բան ես ուզում եմ ասել ընտրությունների մասին: Ես այսօր ասում եմ՝ ընտրեք ձեր խղճի թելադրանքով: Այդ դեպքում դուք պահանջելու իրավունք կունենաք: Այդ դեպքում ես միշտ կլինեմ ձեր կողքին: Ինչով կարող եմ՝ կօգնեմ Արարատ քաղաքին:
Ես ուզում եմ մեկ բան անպայման հատուկ ընդգծել: Ոչ ոք չի կարող ձեզ ստիպել, վախեցնել, թե ընտրեք այս թեկնածուին, քվեարկեք ձեր խղճին հակառակ: Հիշեք, չկա մի մարդ, ով կարող է, ով իրավունք ունի ձեզ վախեցնել: Ես մի անգամ ասել եմ՝ այդ վախեցնողներն իրենք ամենավախկոտ մարդիկ են: Ովքեր են նրանք՝ փոքր, վախկոտ մարդիկ: Որ օրը պաշտոն չունեցան՝ նրանց բարևող չի լինելու: Կփորձեն օրենք խախտել, օրենքից դուրս իրենց պահել՝ կխոսենք այլ կերպ:Շատ արագ կբացատրենք նրանց տեղը այս կյանքում:
Ես շատ լավ ծանոթ եմ Արարատ քաղաքի խնդիրներին: Դրանք, մեծ մասամբ, նույնն են, ինչ որ Հայաստանի մյուս քաղաքներում ու բնակավայրերում: Աշխատատեղերի խնդիր, արտագաղթ և այլն: Կա երկու ճանապարհ՝ հուսահատվել, թողնել գնալ կամ միասին փոխել իրավիճակը:
Նրանք, ովքեր պատրաստ են, ուս ուսի տված՝ համախմբվել, քայլ առ քայլ լուծել խնդիրները, լավացնել կյանքը Հայաստանի բոլոր քաղաքներում ու գյուղերում՝ ես նրանց կողքին եմ:
Սա դժվար ճանապարհ է, բայց սա միակ հաջողության տանող ճանապարհն է: Իսկ արդար ընտրությունը, սեփական խղճով կատարված ընտրությունը՝ այդ ճանապարհի առաջին քայլն է»:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ով ընտրարշավի ժամանակ ղեկավարելու է իրավաբաններից կազմված աշխատանքային մեծ խումբ՝ քաղաքացիների ահազանգերին ու հնարավոր ճնշումներին արագ արձագանքելու համար:
ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը, մեր հարցին ի պատասխան՝ հաստատեց Արարատում տեղի ունեցած հանդիպման փաստը, սակայն հրաժարվեց այլ մանրամասներ ներկայացնել:
Հիշեցնենք, որ Արարատ քաղաքում նոյեմբերի 10-ին տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Իշխանությունը սատարելու է նախկին դաշնակցական, հետո ՕԵԿ-ական, ներկայումս ՀՀԿ-ական իր թեկնածուին, որի հաջողության համար օրեր առաջ փոխվեց նաև մարզպետը: ԲՀԿ-ն առաջադրել է սեփական թեկնածու:
‘