‘Ծիրանի արտադրությունը կսովորենք Զիմբաբվեից $462 հազարով’

1328

ՎՊ նախագահ Ի. Զաքարյանը երեկ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովում ասել է, թե ՀՀ պետբյուջեից Զիմբաբվեում գրանցված մի ընկերության հետ 462 հազար դոլարի պայմանագիր են կնքել, որ հայերին սովորեցնի ծիրանի և դեղձի արտադրության մեխանիզմներ:

Սա իրականացրել է «Հայկական միրգ» ընկերությունը, որի հիմնադիրը ՀՀ Կառավարությունն է, և որը ֆինանսավորվում է պետական բյուջեից: Մեկ այլ ընկերություն էլ կառավարությունից ստացել է 150 միլին դրամ՝ Հայաստան «Էդիլբաև» տեսակի ոչխարներ ներմուծելու համար, բայց փոխարենը Աշտարակից գնել է տեղական ոչխարներ և գառներ:

Մի ԾԻԳ էլ 613 մլն դրամ էր ծախսել, որ անապահով համայնքների համար գազատար կառուցեր, որն այնուհետև պետք է հանձնվեր «ՀայՌուսգազարդի» բալանսին: Արդյունքում՝ մարդիկ մինչև հիմա գազ չունեն, քանի որ գազատարը այնքան անորակ է կառուցվել, որ «ՀայՌուսգազարդը» չի ընդունել այն:

Իսկ ամենաուշագրավը այն է, որ Իշխան Զաքարյանի ամեն պատմությունից հետո տեղից վեր էր թռչում Խոսրով Հարությունյանը և զարմացած բացականչում. «Ո՞նց կլինի այդպիսի բան»:

Բնականաբար, բոլոր հայտնաբերված օրինախախտումներով որևէ մեկը օրենքով սահմանված կարգով մինչ այժմ պատասխանատվության չի ենթարկվել:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը. Անցել է մեկ տարի ‘
Հաջորդ հոդվածը‘Բեռնար Շալանդ. «Թիմը դաշտում պետք է ապրի «խենթ» լինելու գաղափարով»’