Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հրապարակել է իր լուսանկարը՝ վիրակապված աչքով։
Գերմանիայի կառավարության ղեկավարը վնասվածքն ստացել է վազքի ժամանակ ընկնելու հետևանքով։ Դա տեղի է ունեցել շաբաթ օրը, Պոտսդամում իր տան մոտ։
Շոլցը չեղարկել է կիրակի օրվա իր նախընտրական ելույթները, բայց ասել է, որ մյուս բոլոր ծրագրված հանդիպումներին կմասնակցի։ Կանցլերը նշել է, որ վնասվածքը շատ լուրջ չէ։ X (նախկին Twitter) սոցցանցում իր վիրակապված լուսանկարը տեղադրելով՝ Շոլցը օգտատերերին կատակելու «քարտ-բլանշ» է տվել․ «Սպասում եմ ձեր մեմերին։ Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար։ Սա ավելի վատ է թվում, քան կա իրականում»։
Մեմերն իսկապես էլ շատ են եղել, և գրեթե բոլորում խաղարկվում է ծովահենի կերպարը։
Հրապարակումից քիչ անց Շոլցի հաղորդագրությունը դիտել էր ավելի քան 4 մլն մարդ, և 30 հազարից ավելին «հավանել» են հրապարակումը։ Քյոլն քաղաքում, որտեղ ամենամյա մեծ դիմակահանդես է տեղի ունենում, ինտերնետ-կայքը մասնակիցներին առաջարկել է եկող տարի ներկայանալ «Ծովահեն Օլաֆի» կոստյումով։
Փոխանցում է BBC-ն։