‘
Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դատաքննության գործում ամենակարեւորը քրեական գործի որակումն է եւ ոչ թե պատժաչափերը կամ խափանման միջոցը, կարծում է իրավապաշտպան Ծովինար Նազարյանը:
«Իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մտադիր են այս գործից ազատվել, բայց միայն տղաներին մեղավոր ճանաչելու գնով: Դատարանի վարքից ակնհայտ երեւում է, որ մինչեւ նրանց մեղավոր չճանաչեն, խափանման միջոցը չի փոխվելու: Այսինքն, համաներումը կիրառվում է միայն մեղավորների նկատմամբ: Պաշտպանական կողմի նպատակն այն է, որպեսզի նրանց անմեղ ճանաչեն, եւ նրանց բանսարկած եւ բռնության ենթարկած ոստիկանները ենթարկվեն պատասխանատվության», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Նազարյանը:
Նրան չի զարմացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Եվա Դարբինյանի այսօրվա հապճեպ որոշումը՝ առանց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը քննելու՝ ընդհատել նիստը:
«Դատական նիստի հենց սկզբից, երբ փաստաբան Մուշեղ Շուշանյանը փորձում էր միջնորդություն ներկայացնել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, դատավորը կանխում էր եւ ստիպում էր, որպեսզի միջնորդություններ ներկայացվեն միայն ապացույցների վերաբերյալ», — նկատեց նա:
‘