‘Կադիրովը պատմել է «թուրքական ափում» գտնվող չեչեն ահաբեկիչների մասին’

1931

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է Թուրքիայում թաքնվող չեչեն ահաբեկիչների անունները: Նա հուլիսի 5-ին ցուցակը հրապարակել է Instagram-ի իր էջում:

«Եթե թուրքական իշխանություններին հարկավոր են տվյալներ ահաբեկիչների մասին, ես հերթական անգամ տալիս եմ նրանց անունները: Գրե՛ք. Թարխան Գազիև, Ահմադ Ումարով, Ահմադ Պատաև, Շիրվանի Բասաև, Մահրան Սաիդով, Ռիվզան և Ուսամա Յակուբովներ, Ասլանբեկ Վադալով, Մովսար Չատաև, Հադի Ալասխանով, Ռուստամ Նաուրբաև, նրանց գաղափարական հայրը՝ Մովլադի Ուդուգով»,- հայտնել է Կադիրովը:

Նա հավելել է, որ այդ մարդիկ «թուրքական ափում իրենց արտոնյալ են զգում», և խնդրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ որոշում կայացնել նրանց հանձնելու վերաբերյալ:

Կադիրովը նաև նշել է, որ Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչական գործողության կազմակերպման մեջ կասկածվող չեչեն Ահմեդ Չատաևը Ռուսաստանից հեռացել է որպես սովորական բանդիտ, մինչդեռ նրան ահաբեկիչ են դարձրել Ավստրիայում, Վրաստանում և Թուրքիայում: «Հատուկ ծառայությունների աջակցությամբ նա Ավստրիայում հսկայական գումարներ է հավաքել ամբողջ աշխարհում հայտնի՝ ահաբեկիչների պարագլուխ Հուսեյն Գակաևի համար, որի խղճին հարյուրավոր զոհեր կան»,- ընդգծել է նա: Կադիրովն ավելացրել է, որ եթե Չատաևն իսկապես կապ ունի Թուրքիայում կատարված ահաբեկչության հետ, ապա դրա համար պատասխանատու են արևմտյան, վրացական և այլ հատուկ ծառայություններ, որոնք աճեցրել են նրան:

Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Բրիտանական եվրասկեպտիկների առաջնորդ Ֆարաջը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ․ «Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթեց «Սանտա Կոլոմային» և դուրս եկավ երկրորդ փուլ’