Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կարծիքով՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը արտասահմանյան ԶԼՄ-ների համառ քարոզչության զոհն է դարձել ու հենց դրա պատճառով է խոսել չեչենների ու բուրյաթների «դաժանության» մասին։
Հռոմի պապը ամերիկյան զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում չեչեններին և բուրյաթներին անվանել էր «Ուկրաինայում ռուսաստանյան զորքերի ամենադաժան մասը»։
«Ինչպե՞ս կարելի է մարտի դաշտում որոշել՝ հակառակորդը ուրա՞խ է, մռա՞յլ է, սենտիմենտա՞լ է, թե՞ դաժան է։ Եվ ինչպե՞ս ես որոշում համահավաք ջոկատում ռուսաստանցի զինվորականի ազգությունը, եթե մեր երկրում ապրում են 190-ից ավելի ժողովուրդներ,- իր Telegram-ալիքում գրել է Կադիրովը։- Վատիկանի առաջնորդը դրան պատասխանել, իհարկե, չի կարող։ Պարզապես՝ նա դարձել է արտասահմանյան ԶԼՄ-ների համառության և քարոզչության զոհը»։
Չեչնիայի ղեկավարը նշել է, որ համաշխարհային մեծության կրոնականը պետք է ամաչի, որ չգիտի, թե մուսուլմաններն ինչպես են վերաբերվում հակառակորդին։ Ըստ նրա՝ գերիների հանդեպ չեչենների վերաբերմունքի մասին՝ դաժան է այն, թե ոչ, Հռոմի պապին կարող են պատմել ուկրաինացի զինվորականները։
Կադիրովը նշել է, որ Չեչնիայի մարտիկների շարքերում հարբեցողներ ու թմրամոլներ չկան, և նրանցից յուրաքանչյուրը գիտի, որ պատերազմում չպետք է մոռանալ պատվի, արժանապատվության և հարգանքի մասին՝ մինչև իսկ թշնամու հանդեպ։
Փոխանցում է tass.ru-ն։