‘Կադրային փոխատեղումներ և ընտրական օրենսգրքի փոփոխություններ Ղարաբաղում ‘

1356

Հրաժարական տված և հաջորդ օրը ԼՂՀ ԱԱԾ պետ նշանակված ԼՂՀ արդեն նախկին գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանի պաշտոնը երկար թափուր չմնաց: Ղարամյանի՝ ԱԱԾ պետ նշանակվելուց ընդամենը մի քանի ժամ անց, երեկ տեղի ունեցավ 5-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որի ընթացքում ԼՂՀ ԱԺ-ն երկու նոր պաշտոնյաներ ընտրեց:

Մինչ այդ, ԼՂՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի» փոփոխությունները, որով, ի թիվս մի շարք փոփոխությունների, հավանության արժանացավ խորհրդարանական հաջորդ ընտրություններում խառը ընտրակարգի նոր հարաբերակցությունը՝ 22 համամասնական և 11 մեծամասնական պատգամավորական տեղերով: Նշենք, որ գործող օրենսգրքով, ԱԺ 33 պատգամավորները ընտրվում են 17 համամասնական և 16 մեծամասնական հարաբերակցությամբ (իսկ նախորդ ընտրությունների քվոտաները կազմում էին համապատասխանաբար 11 և 22)։

Ապա, գաղտնի քվեարկության արդյունքում Արթուր Մոսիյանը նշանակվեց գլխավոր դատախազ (24 կողմ, 2 դեմ, 2 անվավեր), Էռնեստ Ավանեսյանը՝ վերահսկիչ պալատի նախագահ (25 կողմ, 2 դեմ, 1 անվավեր):

Նշենք, որ մինչ ԼՂՀ Գլխավոր դատախազ նշանակվելը, Արթուր Մոսիյանը 2008-ից մինչև երեկ աշխատում էր ԼՂՀ Վերահսկիչ պալատի նախագահ, իսկ Էռնեստ Ավանեսյանը՝ վերջինիս տեղակալ:

Արթուր Մոսիյանը ՀՅԴ Արցախյան կազմակերպության անդամ էր, որի անդամությունը սառեցվել էր ՎՊ նախագահ դառնալուց հետո:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել կառուցողական քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. ԱԺ մեծամասնությունն անընդունակ է օրենսդիր աշխատանք իրականացնել (տեսանյութ)’