‘Կազանում կործանված օդանավը նույն օրը վերադարձել էր Երեւանից’

1495

Կիրակի երեկոյան  Կազանի օդանավակայանում վթարի է ենթարկվել «Թաթարստան» ավիաընկերության օդանավը: Զոհվել է 50 մարդ` բոլոր 44 ուղեւորները եւ անձնակազմը: Թաթարստանում երկուշաբթին սգո օր է հայտարարվել:

Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվածների թվում է եղել Թաթարստանի նախագահի որդին` Իրեկ Միննիխանովը, եւ Անվտանգության դաշնային ծառայության` ՖՍԲ-ի թաթարական վարչության ղեկավար Ալեքսանդր Անտոնովը:

Ավիաընկերության մամլո խոսնակ Գյուլնազ Միննիխանովան հայտարարել է, որ վթարի ենթարկված «Բոինգ 737»-ը տեխնիկապես սարքին վիճակում է եղել: Նրա խոսքով, նույն օրը օդանավը մի քանի այլ չվերթներ է իրականացրել: Նախ` «Բոինգը» Կազան-Երեւան-Կազան չվերթն է կատարել, այնուհետեւ թռել է Մոսկվա եւ կրկին վերադարձել Կազան: Վերջին թռիչքի ժամանակ էլ տեղի է ունեցել ողբերգական վթարը:  

Աղետի պատճառների երկու հիմնական վարկածներն են տեխնիկական անսարքությունը եւ օդաչուների սխալը: Այնուամենայնիվ, հետաքննությունը ստուգում է աղետի բոլոր հնարավոր վարկածները, այդ թվում` ահաբեկչական ակտի վարկածը: 

Նախորդ հոդվածը‘Վարշավա. Հայ շախմատիստները դուրս մնացին մրցանակային եռյակից’
Հաջորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանը դատի է տվել իրեն խալաթով դատարան տարած քննիչին’