‘Կաթոլիկական Մալթան պատրաստվում է օրինականացնել համասեռ ամուսնությունները’

2638

‘

Ուղղափառ կաթոլիկական Մալթան միայն 2011 թ. է պաշտոնապես օրինականացրել ամուսնալուծությունները, և դա էլ տեղի է ունեցել երկրի ղեկավարությունից շատերի դժգոհության պայմաններում:

Ընդամենը վեց տարի անց Մալթան հայտնվել է Եվրոպայում համասեռականների ազատագրման պայքարի առաջամարտիկի դերում: Նա դարձել է առաջին երկիրը. որ արգելել է «համասեռականությունից բուժվելու» թերապիան: Իսկ հիմա էլ շուտով կօրինականացնի համասեռ ամուսնությունները:

«Մալթան ցանկանում է առաջատար լինել ԼԳԲՏ խնդիրների լուծման և այլ քաղաքացիական ազատությունների հարցում: Մենք օրինակ ենք ուզում ծառայել ամբողջ աշխարհի համար»,- BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը:

Առաջին իսկ օրինագիծը, որ Մուսկատը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո, «Ամուսնությունում իրավահավասարության մասին» օրինագիծն է:

Համասեռ ամուսնությունների օրինականացումը ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթի մի մասն է: Դրանց թվում է՝ հրաժարում սովորական «ամուսին», «կին», «մայր», «հայր» տերմիններից և դրանց փոխարինումը գենդերային տեսակետից չեզոք անվանումներով: Համասեռ ամուսնական զույգերը նաև երեխաներ որդեգրելու իրավունք կստանան: Համասեռ ամուսնությունը լիովին կհավասարեցվի այլասեռ ամուսնությանը:

Օրինագիծն արդեն խիստ քննադատության է արժանացել: Շատերն այն համարում են չափից ավելի առաջադիմական և Մուսկատի լեյբորիստական կառավարության ստացած մանդատի սահմանները գերազանցող:

Փոխանցում է BBC-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Եվրաթունելում ձերբակալել են 79 ատրճանակ տեղափոխող ավտոմեքենա’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի ընդդիմությունն իր հանրաքվեն կանցկացնի’