‘Կալանավոր. Երբ որ ընտրությունները վերջանում են, մեզ մոռանում են մինչև մյուս ընտրությունները (Ֆոտոշարք Նուբարաշեն ՔԿՀ-ից)’

1509

«Իմ գործընկերը ինձ մեղադրեց, որ ներդրված գումարները լրիվ ծավալով չի ստացել, որի համար որպես յուրացնող ինձ քրեական պատասխանատվության ենթարկեցին: Չնայած դրամական փոխհատուցում չկա, այսինքն` միայն դատապարտված եմ գործողությունների համար»,- Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Գագիկ Հարությունյանը (անուն-ազգանունը փոխված է) այսպես է մեկնաբանում իր արարքը, որի համար դատարանը նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման: «22 ամիս 3 օր էլ նստած եմ: Իմ կյանքը այս ճաղերից այն կողմ շատ նորմալ եմ պատկերացնում, սակայն հարցը նրանում է, թե երբ դուրս կգամ այստեղից: Եթե դա պետք է լինի ժամկետի վերջում, չնայած իմ պատիժը համաներումով 11 ամիս պետք է կրճատեն, սակայն 8 ամիս է` այդ խնդիրը չի կարգավորվում»,-ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է Գագիկ Հարությունյանը:

«Ճաղերից այն կողմ, ինչ ասեմ, ես մասնագետ եմ, ստացել եմ բարձրագույն կրթություն, ունեցել եմ աշխատանք: Կոնկրետ ինձ համար, ի տարբերություն այստեղ գտնվողների, ես վստահ եմ, որ էլի աշխատանք կգտնեմ և կապրեմ»:

Վերջինս ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ այն բարեփոխումները, որի մասին բազմիցս բարձրաձայնում են իշխանությունները, ուղղակի գեղեցիկ շարադրված բառերի կույտ է, որը իրականությունից շատ հեռու է: «Որովհետև այն, ինչ մեզ հետ փաստացի արվում է այստեղ… այսինքն՝ օրենքը գործում է մինչև այստեղ ընկնելը, այստեղ ընկնելուց հետո ինչ-որ մեխանիզմներ, որ կալանավորը իր վարքագծով, պահվածքով հույս ունենա, որ ժամկետից շուտ կարող է դուրս գալ, այստեղ չի երևում: Օրենքի նկատմամբ վստահություն չկա»,- ասել է կալանավորը: Գագիկ Հարությունյանը նաև նշել է, որ այն պնդումները, թե ուղղիչ հիմնարկները նպատակ ունեն կալանավորին ուղղելու, հիմա այդ հասկացությունը լիովին վերացել է: Հիմա, ըստ Գագիկ Հարությունյանի, քրեակատարողական հիմնարկները կատարում են զուտ մեկուսացնելու ֆունկցիա: «Քրեակատարողական հիմնարկները այսօրվա գործող համակարգի պայմաններում ուղղիչ դեր կատարել չեն կարող, մենք հասարակությունից կտրված «ապրում ենք»:

Հասարակության նկատմամբ մեր վերաբերմունքն էլ օտարացած է, մեզ հիշում են միայն ընտրությունից ընտրություն: Նույն պատգամավորները, նախագահը, երբ որ ընտրությունները վերջանում են, մեզ մոռանում են մինչև մյուս ընտրությունները: Իսկ կալանավորը պետք է հույսի ակնկալիք ունենա, հակառակ պարագայում այստեղ գոյատևել չի կարող»,- եզրափակել է Գագիկ Հարությունյանը: Նշենք, որ Գագիկ Հարությունյանը իր պատիժը կրում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում:

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘ԱՄՀ-ն Հայաստանի իշխանություններին տալիս է լրացուցիչ 51,43 միլիոն ԱՄՆ դոլար փոխառելու հնարավորություն’
Հաջորդ հոդվածը‘Սթրոս-Կանը հաշտության է եկել սպասուհու հետ’