‘Կախաղաններ, այնուամենայնիվ, պետք են’

2103

Վերջին մի քանի տարիներին շատ էր խոսվում Հայաստանում քաղաքացիական վերելքի մասին: Այժմ շատերին ակնհայտ է, որ վերելքը փոխարինվեց անկմամբ: Կարծես ակնհայտ է, որ նախորդ տարիների քաղաքացիական ակտիվությունն ու ծավալը չկան: Սա նկատել են նույնիսկ «ողջախոհ» ԶԼՄ-ները, որոնք «ինչո՞ւ ակտիվ չէ այլեւս քաղաքացիական դաշտը» հարցն ուղղում են իրենց «ձիժուրնի» փորձագետներին (մեր լավ, հին ըկներներին, որոնք վերջին երկու տարվա մեջ այնպիսի «սկզբունքային» վիրաժներ կատարեցին՝ հասնելով ընդհուպ մինչեւ Գասպարյան Վովային տողատակով գովազդելու, որ արդեն նույնիսկ ծիծաղելի չէ, բայց դա բնական գինն է՝ Լրագիրների եւ Առաջին լրատվականների մշտական հարցազրուցավորը եւ սիրելի փորձագետներից մեկը լինելու դիմաց):

Մեր մեջ ասած՝ «ողջախոհ» ԶԼՄ-ները ոչ թե պետք է անմեղ, եթե չասենք՝ անմեղսունակ հարցեր տային այդ թեմայի շուրջ, այլ, նախ՝ ինքնահրկիզվեին կամ էլ ինքնակամ կախվեին, որովհետեւ, էլի խիստ մեր մեջ ասած՝ ե՛ւ նրանց, ե՛ւ նրանց փորձագետների պատասխանատվությունը այս խնդրում չափից ավելի է մեծ է, եւ ստորեւ կտեսնենք, թե ինչու, բայց դե նրանք ինքնահրկիզվելու այնքան առիթներ ունեն, որ կարծում եմ՝ այս մեկին էլ հանգիստ կդիմանան՝ մինչեւ Մահդիի գալուստ, որից հետո, արդեն հակառակ իրենց կամքի, վառվելու են մանր ժուլիկների համար նախատեսված դժոխքի մի հատվածում՝ մարմանդ, շատ մարմանդ կրակի վրա: Հարցն, ամեն դեպքում, տրվել է, նույնիսկ պատասխան է տրվել, իհարկե՝ Աստված դա պատասխան համարի՝ «փորձագետին» վայել սովորական կենցաղային բաբոյությունները հրամցվել են վերլուծական պատասխանի փոխարեն: Դա բնական է. մարդիկ, որոնք շարունակ կեղծում են իրենց միտքն ու խոսքը, չեն էլ կարող այլ պատասխան ձեւակերպել: Հո չե՞ն ասելու՝ պատճառն այն է, որ մենք, կներեք, քաք ենք կերել մեր բոլոր նախկին վերլուծություններով, կանխատեսումներով, հոդվածներով, հարցազրույցներով, խճճվել ենք ինքնահակասությունների մեջ, բայց, դե ընկել ենք՝ պիտի քաշենք:

Բուն հարցը, սակայն, ինքնին կարեւոր է ու արժանի՝ մարդավայել պատասխանի՝ նրանց համար, ովքեր դեռ պահպանել են բավականաչափ ինքնահարգանք՝ հարցերի տրամաբանական պատասխանները փնտրելու: Փորձագետներին մի կողմ՝ հայաստանյան փորձագետները եւ առհասարակ՝ բարձր հասարակությունը կամ բարձր հովանու տակ գտնվող հասարակությունն իրավիճակային է մտածում. այսօր անձրեւ է՝ ուրեմն բոլորս խոսում ենք անձրեւից, գյուղերում խնդիրներ են՝ ուրեմն բոլորս դեպի սոցիալական բունտի թեմա, քաղաքացիական նախաձեռնություն է հայտնվել՝ ուրեմն՝ հուռա՜ դեպի քաղաքացիական նոր, աննախադե՜պ վերելք, միտնիգ չկա՝ ուրեմն միտինգների ժամանակն անցել է, միտինգ կա՝ ուրեմն Ազատության հրապարակը բոլոր հարցերի լուծումն է, եւ այդ ամենը՝ նույն մարդիկ՝ առանց ամոթի: Ավելի լայն կոնտեքստ, պատճառահետեւանքային կապ, ուժերի դասավորության վերլուծություն, նախորդ եւ ներկա խոսքի հակասություններ՝ այդ ամենը «ողջախոհ» փորձագիտական մտքի մրգին չեն:

Իրականում՝ «ինչո՞ւ մարեց քաղաքացիական վերելքը» հարցի պատասխանը պարզից էլ պարզ է՝ «երկուսին գումարած երկուս՝ հավասար է չորսի» աստիճան: Նախորդ տարիների վերելքն ակնհայտորեն պայմանավորված էր քաղաքական շրջարկով: Այսինքն՝ երկրում կար հզոր ընդդիմադիր քաղաքական շարժում, ստեղծվել էր երկբեւեռ քաղաքական համակարգ, եւ բնական է, որ քաղաքացիական ակտիվությունը նույնպես վերելք ապրեց: Ինչո՞ւ: Բայց ամենից կարեւոր է նաեւ այն, որ քաղաքական հզոր մարտահրավեր ունենալով՝ ի դեմս քաղաքական ընդդիմության, բռնապետությունն իր ռեսուրսի մեծ մասը ստիպված էր նետել այդ ուղղությամբ, իսկ տեղական քաղաքացիական պահանջներին որոշ դեպքերում ստիպված էր ավելի մեղմ, զիջողաբար վերաբերվել, որոշ դեպքերում էլ՝ օգտագործել սեփական նպատակներով եւ այլն: Սրա մասին շատ եմ գրել, չեմ ուզում կրկնել՝ հետաքրքրվողները կարող են նայել հին նյութերում: Սա չի նշանակում բնավ, որ քաղաքացիականն ամեն ինչով պարտական է քաղաքական ընդդիմությանը, որ ընդդիմությունը շատ լավն է եւ սուրբ: Ո՛չ, պարզապես քաղաքացիականը կենսականորեն շահագրգռված է, որպեսզի երկրում գոյություն ունենա քաղաքական իրական երկբեւեռվածություն, իրական ուժեղ ընդդիմություն՝ անկախ դրա լավ կամ վատ լինելուց: Առհասարակ՝ մինչեւ չփոխարինենք հասարակական խնդիրները «լավուվատով», սիրել-չսիրելով դիտելու «սերիալային» կերպը, շահադիտական տեսակետից նայելով՝ միշտ նույն «զահարի» մեջ կմնանք: Ուրեմն, խնդիրը ոչ թե ընդդիմության լավ կամ վատ լինելն է, այլ հասարակության տեսակետից նրա առկայության շահավետ լինելը: Սա որեւէ կերպ չի խանգարում քաղաքացիական գործողությունների ազատությանն ու անկախությանը, հակառակը՝ օգնում է. մինչ քաղաքական ուժերն զբաղված են իրար դեմ պայքարելով, քաղաքացիական դաշտը հենց այդ ժամանակ բնականից կարող է օգտագործել այդ զբաղվածությունն իր իրապես անկախ հարթակները ստեղծելու նպատակով: Երկբեւեռ համակարգն ինքնին ազատություն չի տալիս, քանի որ զուտ քաղաքականությունը բավականին կոշտ կանոններով դաշտ է, բայց նպաստում է երրորդ՝ ազատ քաղաքացիական դաշտի ստեղծմանը: Եվ այդ դաշտը պետք է ամեն բան անի, որպեսզի ինքը մնալով ազատ՝ չվնասի երկբեւեռ համակարգի գոյությանը:

Տեսականորեն սա, իհարկե, կարծես հասկացվում էր: Մեր քաղաքացիականները բնազդորեն ձգտում էին չքաղաքականացվել, հետո էլ, ընդունելով քաղաքականացվելը, չկուսակցականացվել: Բայց իրականում, ցավոք, մինուս նշանով քաղաքականացվեցին: Երբ այսօր, ողջախոհ ԶԼՄ-ներին հարցազրույց տալով, ակտիվիստներից մեկն ասում է, թե կուսակցությունները փորձում են քաղաքացիականներին օգտագործել իրենց նպատակներով, նա ասում է ճշմարտության մի մասը, բայց քանի որ ճշմարտությունը չի կարող մասնակի լինել, նա կեղծում է՝ ակամայից նպաստելով իշխանության թեւերից մեկի քարոզչությանը: Իսկ ամբողջական ճշմարտությունն այն է, որ ոչ թե միայն եւ ոչ այնքան ընդդիմադիր կուսակցությունները, այլև, նախեւառաջ՝ իշխանությունն ու նրա մեջ եղած թեւերը, լիուլի օգտագործեցին քաղաքացիական անկեղծ շարժումներն իրենց քաղաքական, տեխնոլոգիական, քարոզչական նպատակներով: Եվ եթե դու, հիշատակելով ընդդիմության վտանգը, չես հիշատակում իշխանության կողմից քաղաքացիական դաշտը շահագործելու ակներեւ փաստը, ուրեմն, կներես՝ սրանից հեչ լավ հոտ չի գալիս՝ մանավանդ հաշվի առնելով, թե ով է տպում հարցազրույցդ: Բնականաբար՝ այդ կերպ օգտագործված շարժումը վերածվեց ապրանքի, որի գինը ենթարկվեց քաղաքական շուկայի կոնյուկտուրայի տատանումներին, եւ այսօր խոսում ենք դեռ մի երկու տարի առաջ այդքան կարեւոր թվացող քաղաքացիական վերելքի անկման մասին: Եթե մարդիկ սա չհասկանան կամ չուզենան հասկանալ, ապա մեր հասարակությունը դատապարտված է կորցնել իր կարեւոր ձեռքբերումներից մեկը:

 

Քաղաքացիական դաշտում իշխանության կողմից իրականացված գործողությունը ոչ մի բարդություն չէր ներկայացնում՝ շատ պարզ էր, հասկանալի, ընթեռնելի, բայց….: Բայց «ասողիկին լսողիկ» էր պետք: Օգտագործվեցին մարդկային հոգեբանության հետ աշխատելու ամենապարզունակ զենքերը՝ սնապարծության, դատարկ փառասիրության վրա խաղալու հնարները: Իշխանական երիտթեւի քարոզչական ֆլագմանների՝ Լրագրի, Առաջին.ամ-ի եւ մասամբ մյուսների  միջոցով կազմակերպվեց յուրահատուկ քարոզչական գրոհ, որն իր գագաթին հասավ Մաշտոցի պուրակի ակցիայի ժամանակ: Քարոզչական այս գրոհի կառուցվածքը շատ պարզ էր: 1. Հակադրել իրար քաղաքացիականն ու քաղաքականը՝ իբր քաղաքացիականը քաղաքականի այլընտրանքն է եւ ավելի արդյունավետ, քան քաղաքականը: Իրականում դրանք զուգահեռ, իրար չխանգարող եւ, մյուս կողմից էլ՝ մեկը մյուսով շահագրգռված, մեկը մյուսի գոյությամբ  պայմանավորված շարժումներ են, որոնք կարող են գոյատեւել առանց իրար խանգարելու եւ իրար ձուլվելու՝ ամեն մեկն իր ոլորտում, քանի որ ունեն տարբերվող նպատակներ եւ մարտավարություններ: 2. Քաղաքացիական շարժումը հռչակվեց աննախադեպ, գրեթե Հայկ ու Բելից հետո հայոց պատմության կարեւորագույն իրադարձություն՝ օգտագործելով հայ գեղոյի բնորոշ բոլոր հնարավոր չափազանցություններն ու ճարտասանական անզսպությունները՝ հրամցված փորձագիտական եւ վերլուծական խոսքի անվան տակ: 3. «Կանխատեսվեց», որ քաղաքացիականից կծնվի նոր շարժում՝ նման 88-ի շարժմանը, որը կլուծի երկրի հարցերը: 4. Քաղաքացիականը հռչակվեց նոր, երիտասարդ՝ ի տարբերություն հին քաղաքականի: 5. Ձեւակերպվեց, թե իբր քաղաքացիականները նոր տեխնոլոգիա են գտել, որը գալիք ընտրություններում ատոմային ռունբի պես կպայթեցնի իրավիճակը: Ես այս սխեմայի մասին շատ եմ խոսել, եւ խոսելու եմ այնքան, մինչեւ մարդիկ, որոնք այս բաները հասկանալու շահառուներն են՝ հասկանան, որ այս ձեւակերպումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց չիրականացված խոսքի համար, եւ նրանց խորհրդանշական գլխատումը պետք է դառնա ոչ թե մի քանի խենթերի, այլ ավելի լայն հասարակական պահանջարկ:

Բնականաբար՝ ձեւակերպողների մեծ մասն ինքն իր ասածին չէր հավատում, այլ ցինիկաբար օգտագործում էր քաղաքացիականներից ոմանց միամտությունը, ոմանց էլ՝ հավակնոտությունը: Այս ողջ հայոց շիլաշփոթը, աննախադեպ «դուռակությունը», աներեւակայելի չափի, կներեք՝ աղբն ու դեբիլությունը (ես չեմ հայհոյում, այլ արձանագրում եմ կլինիկական փաստը), պետք է իր ստուգատեսն անցներ նախագահական ընտրությունների շրջանում: Եվ անցա՛վ: Երեւի թե չարժի նույնիսկ պատմել, թե Մաշտոցի պուրակում գտնված «նոր տեխնոլոգիան»՝ ի դեմս Անդրիաս Ղուկասյանի հացադուլի, ի՛նչ «հզոր» արդյունք ունեցավ: Կարեւորը, որ մարդիկ այդ «հզորագույն» արդյունքից հետո չեն կախվել, ձորը չեն գցվել ու իբր չեն հասկացել, թե ում շահերն են կամա թե ակամա սպասարկել: Չարժի երեւի նաեւ պատմել, թե ինչպես մարդիկ, որոնք գոռում էին, թե հանրահավաքների ժամանակներն անցել են, ինչպես էին հետընտրական շրջանում կոչ անում ակտիվորեն մասնակցել հանրահավաքների (միայն այսքանը բավական էր ինքնահրկիզման համար), եւ կարեւոր է հասկանալ, որ սա միամիտ սխալ չէր, որովհետեւ որեւէ մեկը չի կարող այդքան միամտորեն անմեղսունակ լինել: Իսկ գագաթնակետը եղավ քաղաքացիական շարժման կադրերի օգտագործումը Սերժի նախընտրական հոլովակներում, երբ արդեն միայն կույրերը չտեսան, թե ինչպես անկեղծ մղումների վրա հիմնված շարժումն օգտագործվեց ամենաէժան պահպանակի տեղ: Սա վիրավորական պետք է լիներ բոլորի համար, ովքեր անկեղծորեն  ներգրավված էին այդ շարժման մեջ: Վիրավորական եւ ուսուցողական: Նրանք առաջինը պետք է պահանջեին իրենց անկեղծ պայքարը այդքան ստոր կերպով շահագործող վերլուծիստներին եւ փորձագ*թերին կախաղան հանել կամ գիլյոտինի ենթարկել:

 

Այսքանից հետո հարցնել եւ պատասխանել քաղաքացիականի անկման պատճառների մասին իրավունք չունեն նրանք, ովքեր քաղաքացիականի «պահպանակացման» համահեղինակներ են: Խոսքս հավասարապես վերաբերում է ե՛ւ կայքին, ե՛ւ փորձանքագետներին, ե՛ւ հարց տվողին, ե՛ւ հարցին պատասխանողներին: Նրանք, նախեւառաջ, պետք է խոսեն իրենց սխալների մասին, պետք է հրապարակավ վերլուծեն եւ ներկայացնեն իրենց վերլուծական, կանխատեսական սխալը, պատասխանատու լինեն, եթե, իհարկե, այնքան միամիտ լինենք, որ ենթադրենք, թե նրանք անկեղծորեն սխալվել են: Բայց Վովա Գասպարյանի նորահայտ վկաների անկեղծության մասին խոսելն, իհարկե, շատ մեծ շռայլություն է: Այս լկտիությունն արդյունք է նրա, որ մարդիկ ուշադիր չեն հետեւում հանրային խոսքին, իսկ ուշադիր հետեւողներից շատերս էլ հաճախ լռում ենք՝ դեռեւս պահպանված ընկերական զգացմունքներից կամ էլ պարզապես կեղտի հետ գործ ունենալու հավեսի բնական չգոյությունից դրդված:

Կախաղաններն, այնուամենայնիվ, անհրաժեշտ են: Իհարկե՝ խորհդանշական կախաղանները, եւ իհարկե՝ ոչ միայն այս, այլեւ բազում այլ դեպքերի համար: «Միջին դասի» կոռումպացված շերտը՝ լրագրողներ, խմբագիրներ, վերլուծաբաններ, փորձագետներ, ակտիվիստներ, իրավապաշտպաններ, բոլորն էլ պետք է կրեն իրենց արժանի պատիժն այն աննխադեպ ստի ու կեղծիքի դիմաց, որը նրանք արդեն որերորդ տարին է՝ հրամցնում են մեր հասարակությանը՝ ձեւավորելով կեղտի եւ կեղծիքի մթնոլորտ խոսքի դաշտում:

 

Հ. Չարչարենց

Նախորդ հոդվածը‘Ահազանգ. Նախաձեռնությունը չի կարողանում Սիրիա պարենամթերք ուղարկել. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Թայֆունի կապակցությամբ Չինաստանում վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել’