‘
Կահիրեի հայ գաղութում դրությունը հանդարտ է, թեեւ համայնական կյանքը կանգ է առել, որովհետեւ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարված: Այս մասին հայտնում է Yerakouyn.com-ը։
Ըստ աղբյուրի՝ Կահիրեի Ռամզեսի հրապարակում անցկացրած քայլերթի ժամանակ «Մուսուլման եղբայրների» ցուցարարները հայ առաքելական եկեղեցու կողքով են անցել եւ քարեր նետելով՝ փշրել են եկեղեցու նկարազարդ ապակիները: Ցուցարարները նաեւ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել, սակայն եկեղեցու պահակներն անմիջապես հանգցրել են կրակը:
Աղբյուրի համաձայն՝ Կահիրեում ընդհանրապես եկեղեցիների դեմ մեծ հարձակումներ չկան, որովհետեւ իրավապահ ուժերը խիստ հսկողություն են սահմանել: Նշվում է նաեւ, որ, թեեւ հերքվել է օրերս մամուլում ի հայտ եկած հաղորդագրությունն այն մասին, թե Եգիպտոսի ժմանակավոր նախագահ Ադլի Մանսուրն իբր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քայլեր է ձեռնարկում, սակայն եգիպտական մամուլում այս օրերին թեմայի շուրջ բազմաթիվ վերլուծություններ կան:
‘