‘
Կամբոջայի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել Բուդդայի մասունքները ամփոփող ոսկե սափորը, որն անցյալ տարվա դեկտեմբերին գողացել էին Ուդոնգ քաղաքի մատուռից: Այդ մասին այսօր հաղորդել է Associated Press-ը: Սափորը գտել են կասկածյալի տանը՝ մատուռից 130 կմ հեռու: Այն վնասված չէ: Կասկածյալի տանը հայտնաբերվել են մատուռից գողացած մի քանի արձանիկներ ևս:
Նախկինում այս գործով արդեն ձերբակալել էին հինգ հոգու, սակայն իրավապահների կարծիքով՝ հանցագործության իրական կազմակերպիչը, ում անձը պարզված չէ, դեռևս ազատության մեջ է:
Բուդդայի մասունքներով սափորը Ուդոնգում էր պահվում 2002 թվականից: Սափորը մայրաքաղաք Պնոմպենից այդ քաղաք էր բերել Նորոդոմ Սիանուկ թագավորը: Մասունքները 1957 թ. Կամբոջային են նվիրել Շրի-Լանկայի իշխանությունները:
Բուդդայի մասունքները հավատացյալների պաշտամունքի առարկա են հանդիսանում: Մի ամբողջ շարք երկրներ հայտարարում են, որ այդ մասունքներից ունեն: Ըստ կրոնական ուսմունքի՝ արքայազն Սիդհարթհա Գաուտամայի մահից հետո նրա մարմինը դիակիզվել է, և աճյունը բաժանվել է բազմաթիվ մասերի, փոխանցում է lenta.ru-ն:
‘