‘«Կամ պատասխանե՛ք, կամ կպահանջենք Գագիկ Խաչատրյանի հրաժարականը». Ակցիա կառավորության դիմաց’

933

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը ոսկու շուկայի և մի շարք այլ տոնավաճառների աշխատակիցներին կրկին ստիպել է դուրս գալ փողոց: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել են հարյուրավոր տնտեսվարողներ, ովքեր պահանջում են կասեցնել օրենքը: Նրանց են միանում նաեւ Հայաստանի տարբեր մարզերից Երեւան ժամանած այլ ձեռներեցներ, ովքեր հայտարարում են, որ նման պայամաններով չեն կարող շարունակել իրենց աշխատանքը եւ փոփոխություն չլինելու դեպքում փետրվարի 1-ից գործադուլ կսկսեն:

«Երեք ամիս առաջ ոչ թե կառավարությունը մեզ ժամանակ տվեց, այլ մենք իրենց ժամանակ տվեցինք, որպեսզի նոր լուծումներ գտնեն խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելու համար: Մենք չենք դադարեցնելու մեր պայքարը՝ մինչեւ մեր նպատակին չհասնենք: Մեզ պետք չէ հարկերից ազատել, մենք կշարունակենք աշխատել հարկային դաշտում, սակայն կառավարությունը մեզ համար պետք է ապահովի անհրաժեշտ պայմաններ: Նրանց համար ամենամեծ վնասը կլինի այն, որ մեր խանութները սկսեն փակվել: Տեղեկություններ կան, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում արդեն երեք խանութ փակվել է այս օրենքի պատճառով»,- Կառավարության շենքի դիմաց հայտարարեց ակցիայի մասնակիցներից Սամսոն Գրիգորյանը:

Մանր եւ միջին ձեռներեցները հայտարարեցին նաեւ, որ չեն պատրաստվում Կառավարության ներկայացուցիչների հետ գնալ քննարկումների: Նրանց միայն հետաքրքրում է իրենց նամակների պատասխանը: Բացասական պատասխանի դեպքում ցուցարարները նշեցին, որ այսօրվանից կպահանջեն Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականը, ով այս օրենքի «քավորներից» մեկն է: «Կամ պատասխանե՛ք, կամ կպահանջենք Գագիկ Խաչատրյանի հրաժարականը»,- հայտարարեցին նրանք:

Հիշեցնենք, որ նոր օրենքով շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվել է մինչև 1 տոկոս, սակայն տնտեսվարողները պարտավոր են լինելու գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառություն ներկայացնելով: Նոյեմբերին ուժի մեջ մտնող օրենքի դեմ մանր և միջին ձեռնարկատերերի հուժկու բողոքի ակցիաներից հետո կառավարությունը ստիպված եղավ օրենքի գործողության ժամկետի սկիզբը նոյեմբերից հետաձգել մինչև փետրվար: 

Նախորդ հոդվածը‘Սիրիայում հայ զինվոր է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել Daewoo քաղաքացիական մեքենայի ուղղությամբ. ՀՀ ՊՆ’